Արդարադատության նախարարությունն ու ԱԻՆ-ը արտակարգ իրավիճակի առնչությամբ օրենսդրական փաթեթ են մշակում

03-08-2020 15:45:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Արդարադատության նախարարությունը օրենսդրական փաթեթ են մշակում, որի փոփոխությունները վերաբերելու են Արտակարգ իրավիճակում բնակչության պաշտպանության մասին օրենքին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք մշակվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած այն կարգավորումները, որոնք հնարավորություն կտան արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն, Covid-19-ի սահմանափակումներն ու միջոցառումներն իրականացնել արտակարգ իրավիճակ հայտարարելու միջոցով:
 


«Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ Արդարադատության նախարարությունը մշակում է օրենսդրական փաթեթ: Փոփոխությունները վերաբերում են Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին և ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքներին»,- ասաց Մարտիրոսյանը:
 
Արդարադատության նախարարի մամուլի
խոսնակը ժամկետներ չնշեց, թե երբ կավարտվեն համատեղ աշխատանքներն ու նախագիծը կդրվի շրջանառության մեջ:
 
Օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ին ավարտվում է կառավարության կողմից երկարաձգված արտակարգ դրության ժամկետը: Հայաստանում կառավարությունն առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարել 2020թ. մարտի 16-ին:
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում անվերջ հնարավոր չէ արտակարգ դրության ժամկետը երկարաձգել, սակայն պետք է համապատասխան օրենքներում այնպիսի փոփոխություններ անել, որոնք հնարավորություն կտան համավարակի նոր օջախներ հայտնաբերվելու դեպքում սահմանափակումներ կիրառել:
 
Նորայր Շողիկյան
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 280 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար