Նվիրվում է Կիլիկիայի անկախության հռչակագրի 100-ամյակին

03-08-2020 16:09:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Առանց խորամուխ լինելու պատմական, մշակութային ու քաղաքակրթական հարցերի մեջ ապացուցելու համար, որ Կիլիկիան Հայաստան է, խոսենք Կիլիկիային վերաբերող մերձակա ժամանակահատվածի իրավական-քաղաքական իրողությունների մասին։ (1) (2) 
 


Մարկ Սայքսի (Անգլիա), Ժորժ Պիկոյի (Ֆրանսիա) եւ Հայ Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջեւ Լոնդոնում՝ 1916-ի հոկտեմբերի 27-ին, կնքված համաձայնագրի հիման վրա կազմավորվելու էր Հայկական լեգեոն, որը ֆրանսիական զորքերի կազմում պետք է մասնակցեր Օսմանյան կայսրության դեմ պատերազմական գործողություններին սիրիա-պաղեստինյան ռազմաճակատում, ինչի դիմաց Ֆրանսիան խոստանում էր Կիլիկիայի հայերին պատերազմից հետո ինքնավարություն տալ։ (3) 
 
ֆրանսիական կառավարությունը՝ 1916 թ․ նոյեմբերին, սահմանեց կամավորության սկզբունքները. լեգեոնական կարող էին լինել միայն հայերն ու արաբները, հրամանատարները լինելու էին ֆրանսիացի սպաներ, լեգեոնի ծախսերը հոգալու էր ֆրանսիական կառավարությունը։ 
 
Արեւելյան լեգեոնը մարտական առաջին մկրտությունն ստացավ 1918-ի սեպտեմբերի 19-ին, Պաղեստինում (Արարայի ճակատամարտում, 1918 թ․), այնուհետեւ, անգլո–ֆրանսիական զորքերի կազմում, մասնակցեց Սիրիայի ու Լիբանանի համար մղված մարտերին։ 1918-ի հոկտեմբերի կեսերին Բեյրութում ստեղծվեց 4-րդ գումարտակը, լեգեոնի հայ զինվորների թիվը հասավ 5000-ի։ 1918 թ․ նոյեմբեր–դեկտեմբերին լեգեոնը, որն արդեն Հայկական էր կոչվում, մտավ Կիլիկիա, գրավեց կարեւոր ռազմավարական կետեր եւ մասնակցեց նրա պաշտպանությանը։ 
 
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1918 թ. հոկտեմբերի 30–ին, Դաշնակիցների եւ Օսմանյան կայսրության միջեւ Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում կնքված զինադադարի համաձայն նախատեսված էր․ 
Հոդված 16․ «Հեջասի, Ասիրի եւ Եմենի, Սիրիայի եւ Միջագետքի բոլոր կայազորների հանձնումը դաշնակցային հրամանատարությանը... Թուրքական զորքերի դուրս բերումը Կիլիկիայից»։ 
Հոդված 24․ «Հայկական մարզերից (որեւէ) մեկում անկարգություններ ծագելու դեպքում, դաշնակիցները իրենց վերապահում են նրա մի մասը գրավելու իրավունքը»: (4)
 
ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի համաձայն՝ թուրքական զինված ուժերը պարտավոր էին 1920 թ. նոյեմբերի 22-ից հետո դուրս գալ Արեւմտյան Հայաստանի չորս մարզերից եւ դրանց հարող տարածքներից։ Իրավար վճռով որոշված տարածքների հարցը Սեւրի խաղաղության պայմանագրում ձեւակերպված է այսպես. 
Հոդված 89․ «Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի մարզերում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ»: (5)
 
Սակայն, ինչպես վերը նշված որոշումների դեպքում, այնպես էլ Հայկական Կիլիկիային ինքնավարություն տալու պայմանավորության պարագայում, սկսում է գործել Հայկական հարցը ամեն կերպ շրջանցելու, արդեն իսկ կայացված որոշումներն ու իրողությունները չեզոքացնելու գործելակերպը։ 
 
Այս դեպքում տրվում է հետեւյալ բացատրությունը․ Ֆրանսիայի արեւելյան քաղաքականության մեջ տեղի ունեցած շրջադարձից հետո, երբ Ֆրանսիան սկսում է մերձենալ քեմալականների հետ, Հայկական լեգեոնը 1920 թ․-ի օգոստոսին ամբողջովին լուծարվում է։ Չնայած հերոսական դիմադրությանը գերակշռող ու զինված թուրք հրոսակներին, հայ ժողովուրդը կրկին թողնում է Կիլիկիան։ (6) 
 
Հետագայում, 1921 թ․ հոկտեմբերի 20-ին կնքված պայմանագրով, Ֆրանսիան հանձնում է Կիլիկիան Անկարայի Ազգային մեծ
ժողովի կառավարությանը։ (7) (8) 
 
Ահա այս ճգնաժամային պայմաններում է, որ Կիլիկիայի հայերը 1920 թ․ օգոստոսի 4-ին ընդունում են Կիլիկիայի անկախության մասին հռչակագիրը, որը ստորագրել են Մ. Տամատյանը՝ Ամբողջական Հայաստանի Ներկայացուցիչը եւ Գ. Վրդ. Արսլանեանը՝ Ատանայի Հայոց Առաջնորդը։ (9) (10)
 
Հռչակագիրը կարեւոր փաստաթուղթ է, ընդդեմ ամեն տեսակ կուլիսային անօրինական պայմանավորվածությունների, գործարքների եւ հայկական տարածքների բռնազավթումների։ Դա կարեւոր փաստաթուղթ է, Կիլիկիայի անկախության վերականգման։ 
 
Կիլիկիան Հայաստան է։ 
 
Կիլիկիայի անկախությունը վերականգնվելու է 1918-1920 թթ․ ընթացքում հայ ժողովրդին տրված իրավունքները կյանքի կոչելու եւ իրականացնելու ընթացքում եւ այդ ճանապարհով։ 
 
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ 
 
4 օգոստոս 2020 թ. 
 
--------------------------
 
Ծանոթագրություն 
1. Կիլիկիայի հայկական պետության դարաշրջանի հայկական աղբյուրներում Կիլիկիան անվանվում էր աշխարհ կամ տուն, Աշխարհ Կիլիկիո կամ Աշխարհ Հայոց: Արաբների օրինակով, որոնք Կիլիկիան անվանում էին Սիսի երկիր, 7-րդ դարի հայ մատենագիրներից մեկը՝ Գրիգոր Տղան (1173-1193), Կիլիկիան անվանում էր Սիսվան կամ Սիսուան անուններով, հայկական պետության մայրաքաղաք Սիսի անունով։ Ղեւոնդ Ալիշանը Կիլիկիայի պատմությանն ու աշխարհագրությանը նվիրված իր աշխատությունում եւս անվանել է Սիսվան (Սիսի աշխարհ): 19-20-րդ դարերի հայ մի քանի հեղինակներ, որոնց թվում եւ Ալիշանը, հայկական պետության գոյության դարաշրջանի (11-14-րդ դարեր) Կիլիկիան անվանում էին Հայկական Կիլիկիա: Ակադեմիկոս Հ. Օրբելին իր աշխատություններում օգտագործում էր Կիլիկյան Հայաստան տերմինը: Այս տերմինը ավելի ճիշտ է, քանի որ այն վերացնում էր առաջացած խառնաշփոթը, ինչը պայմանավորված էր նրանով, որ որոշ պատմաբաններ Կիլիկիան համեմատում էին Փոքր Հայքի հետ՝ ենթադրելով, թե Փոքր Հայքը գոյություն է ունեցել Միջերկրական ծովի ափերին՝ Հուստինիանոսի ժամանակներից սկսած: 
Տես, Կիլիկիա։ https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%AB%D5%AC%D5%AB%D5%AF%D5%AB%D5%A1
2. Կիլիկիա։ Կիլիկիայի հայկական պետության տարածքը կազմվել է բուն Կիլիկիայից եւ հարակից մարզերից: Կիլիկիայի սահմանները որոշվում էին հետեւյալ կերպ. 1. արեւմուտքից սահմանակից էր Պամփիլիային, Իսավրիային եւ Պիսիդիային 2. հյուսիսից սահմանակից էր Լիկաոնիային ու Կապադովկիային 3. Արեւելքից սահմանակից էր Կատաոնիային ու Կոմագենեին 4. հարավ-արեւելքից սահմանակից էր Սիրիային։ Բուն Կիլիկիայի սահմանները փոփոխվում էին: Հին ժամանակներում Կիլիկիայի սահմանները շատ ավելի ընդարձակ էին՝ հասնում էին մինչեւ Հալիս գետի միջին հոսանքներ: Այդ մարզը, որի կենտրոնը Մաժակ քաղաքն է եղել (Մազակա, այժմ՝ Կեսարիա), անվանվում էր Կիլիկիա (ավելի հին Կիլակուից), որից եւ այս անվանումը տարածվել է ամբողջ տարածքի վրա: Արեւելքում Կիլիկիան տարածվում է մինչեւ Եփրատ: 
Տես, Կիլիկիա։ https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%AB%D5%AC%D5%AB%D5%AF%D5%AB%D5%A1
3. 1515 թվականին Կիլիկիան նվաճվում է Օսմանյան կայսրության կողմից։ Չնայած դարավոր օտար տիրապետությանը, մինչեւ 1915 թվականը Կիլիկիայում հայ ժողովուրդը մեծ քանակ էր կազմում։ 1909 թվականին Կիլիկիայում տեղի է ունենում Երիտթուքերի կողմից կազմակերպված Կիլիկիայի հայության կոտորած։ Վեց տարի անց Կիլիկիան հայաթափ է արվում Հայոց ցեղասպանության հետեւանքով։ Չնայած ծանր կորուստներին, Հայոց ցեղասպանությունը վերապրած շատ հայեր շուտով սկսում են վերադառնալ Կիլիկիա, որն ըստ Սեւրի խաղաղության պայմանագրի անցնելու էր Ֆրանսիային։ Սակայն թուրքական գրոհների ներքո, Ֆրանսիան միայնակ է թողնում հայ գաղթականներին։ 
Տես, Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին։ https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%AB_%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8_%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%D5%AB%D5%B6
4. Տես, The Treaty of Sèvres, 10 August 1920․ 
https://wwi.lib.byu.edu/index.php/Section_I,_Articles_1_-_260 
5. Տես, Mudros Agreement: Armistice with Turkey (October 30, 1918)․ 
http://germanhistorydocs.ghi-dc.org/pdf/eng/armistice_turk_eng.pdf 
6. Արեւելյան լեգեոնի հրամանատար նշանակվեց ֆրանսիական բանակի գնդապետ Ռոմիեոն, որը 1916 թ. նոյեմբերի վերջերին ժամանեց Կահիրե եւ Եգիպտոսի հայկական ազգային միության, հետ համատեղ ձեռնամուխ եղավ լեգեոնի կազմավորման աշխատանքներին։ Ագգային միության կոչով առաջինը լեգեոնի մեջ կամավորագրվեցին Մուսա լեռան լեգենդար պաշտպանները, որոնք ժամանակավորապես հանգրվան Էին գտել Եգիպտոսի Պորտ-Աաիդ նավահանգստային քաղաքում։ Նրանցեց 600 հոգի, ովքեր ակտիվորեն մասնակցել էին թուրքական բանակի դեմ 40 օր տեւած հերոսական մարտերին՝ առաջինների թվում կամավորագրվեցին Արեւելյան լեգեոնում։ Նրանց օրինակին հետեւեցին 300 եգիպտահայեր եւ թուրքական բանակի 236 հայ ռազմագերիներ։ Առաջին գումարտակը զինավարժությունների համար փոխադրվեց Կիպրոս, որտեղ հետագայում ստեղծվեցին 2-րդ եւ 3-րդ գումարտակները՝ հիմնականում ամերիկահայերից։ Արարայի ճակատամարտում աչքի ընկնելու համար ֆրանսիական հրամանատարությունը 25 հայ մարտիկների պարգեւատրեց «Մարտական խաչ» շքանշանով: 
Տես, Ֆրանսիական բանակի Արեւելյան կամ Հայկական լեգեոն։ https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AC%D5%A5%D5%A3%D5%A5%D5%B8%D5%B6_(%D5%96%D6%80%D5%A1%D5%B6%D5%BD%D5%AB%D5%A1)
7. Ֆրանկլեն
-Բույոնի կամ Անկարայի պայմանագիր։ Կնքվել է 1921 թ․ հոկտեմբերի 20-ին, Անկարայում, Ֆրանսիայի եւ Անկարայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջեւ: Համաձայնագիրը նախատեսում էր պատերազմական վիճակի դադարեցում կողմերի միջեւ եւ երկու ամսվա ընթացքում ֆրանսիական զորքերի դուրսբերում Կիլիկիայից, բացառությամբ Ալեքսանդրետի սանջակի, որը «հատուկ վարչակարգի» կարգավիճակով մնում էր ֆրանսիական կառավարման տակ՝ տեղի թուրք բնակչության մշակութային լայն ինքնավարությամբ: Իր կողմից Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությանը երաշխավորում էր իր տիրապետության տակ անցած ազգային փոքրամասնությունների իրավունքները, որոնք «հանդիսավոր» կերպով ճանաչվել են «Ազգային ուխտի» մեջ: Թուրքիան համաձայնվում էր կոնցեսիաներ տրամադրել ֆրանսիացիներին Ադանայի մարզով անցնող Բաղդադի երկաթուղու մի շարք հատվածներում եւ պատրաստականություն էր հայտնում (արտգործնախարար Յուսուֆ Քեմալ բեյի նամակը Ֆրանկլեն - Բույոնին) այդ կոնցեսիաները տարածել նաեւ Թուրքիայի հանքերի, երկաթուղիների, նավահանգիստների եւ գետերի վրա: 
Տես, Թուրք-ֆրանսիական համաձայնագիր, 1921։ http://www.armin.am/armeniansgenocide/am/Encyclopedia_Of_armenian_genocide_Turq_fransiakan_hamadzaynagir_1921
8. Ալեքսանդրետի սանջակ, Ա լ եւ ք սանդրետ, Ալեքսանդրեկ (թուրք. Իսկենդերուն), Ալեքսանդրետ քաղաքին հարող մարզի նախկին անվանումը (այժմ Թուրքիայի Հաթայ մարզը)։ XI-XIV դդ. Ա. ս-ի տարածքի զգալի մասը մտել է Կիլիկիայի հայկական պետության կազմի մեջ։ Տարածությունը՝ 5 հազար քառ․ կմ։ Որպես Սիրիայի մի մասը, Ա. ս. 1915-1918 թթ․ Օսմանյան կայսրության կազմում էր։ 1918 թ․ նոյեմբերին օկուպացրել են անգլիացիները, հետո՝ ֆրանսիացիները։ Այստեղ է գտնվում Մուսա լեռը, որտեղ 1915 թ․ հուլիս-սեպտեմբերին տեղի է ունեցել հայերի ինքնապաշտպանական հերոսամարտը։ 1920 թ․ Ա. ս. մտցվել է Ֆրանսիայի մանդատին հանձնված Սիրիայի կազմի մեջ։ 1937 թ․-ից, ձեւականորեն մնալով Սիրիայի կազմում, Ա. ս. անցել է Ֆրանսիայի եւ Թուրքիայի համատեղ հսկողության տակ։ 1938 թ․ այստեղ ստեղծվել է Հաթայի ինքնավար պետությունը։ 1939 թ․ հունիսին վերջինս միացվել է Թուրքիային։ Տեղի հայ բնակչությունը (մոտ 40 հազար) հուլիսի 16-23-ը հեռացել է եւ հաստատվել Սիրիայում, Լիբանանում։ Հեռացել է նաեւ 20 հազար արաբ։ Սիրիան չի ճանաչել այդ բռնակցումը։ 
Տես, Ալեքսանդրետի սանջակ։ 
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80%D5%A5%D5%BF%D5%AB_%D5%BD%D5%A1%D5%B6%D5%BB%D5%A1%D5%AF
9. 1920 թվականի օգոստոսի 4-ին, Ադանայում հռչակվեց Կիլիկիայի անկախ հանրապետությունը: Հաջորդ օրը հրապարակվեց կառավարության կազմը՝ վարչապետ Միհրան Տամատյանի գլխավորությամբ: Սակայն նույն օրը ֆրանսիական իշխանությունները՝ զենքի ուժով ցրեցին կառավարությունը, մի քանի օր անց զինաթափեցին հայկական ոստիկանությանը, իսկ սեպտեմբերի 20-ին զինաթափեցին եւ լուծարեցին նաեւ ամբողջ հայկական լեգեոնը:
Տես, Կիլիկիայի անկախության հռչակագրի 90-ամյակը, Հ. Մանջյան, Հ. Գրիգորյան - Ճարպիկյան «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ, Aravot.am, 7 օգոստոս 2010 թ․։ https://www.aravot.am/2010/08/07/350916/
10. Տես, Կիլիկիայի Անկախության Հռչակագիրը, 4 օգոստոս 1920 թ․։ http://gov-wa.info/?p=3579&lang=hy 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 318 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար