Թուրքական սպառնալիքի վտանգավոր ուղեկցորդը Տավուշից հետո. ինչ է կատարվել (Տեսանյութ)


Թուրքական սպառնալիքի վտանգավոր ուղեկցորդը Տավուշից հետո. ինչ է կատարվել (Տեսանյութ)

  • 03-08-2020 17:50:12   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



1in.am-ը գրում է․
Ընդդիմությանն առաջնորդելու՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրուցային հայտին հանրային տարբեր շրջանակների արձագանքն այն էր, թե ինչպե՞ս նա կարող է լինել ընդդիմություն, և ընդհանրապես՝ ինչպե՞ս կարող է ընդդիմություն լինել նախկին կառավարող համակարգը ներկայացնող որևէ խումբ կամ անհատ: Դա հանրային հասկանալի արձագանք է, որովհետև ընդդիմություն լինելը պետք է նշանակի վայելել հանրության համակրանքը և հավանությունը, առնվազն այնքան, որ հնարավոր լինի հավակնել հանրային աջակցությամբ իշխանություն դառնալուն: Դա էլ իր հերթին նշանակում է, որ հասարակությունը պետք է մոռանա, թե ինչպիսի իշխանություն էր նախկին համակարգն ընդամենը երկու տարի առաջ: Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի հույսը հանրության ամնեզիան է: Բայց այդ ամենն առերևույթ, որովհետև անկախ հռետորաբանությունից և առերևույթ բարձրաձայնվող մոտեցումներից, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, անշուշտ, բավականին պրագմատիկ է՝ պատկերացնելու համար, որ չի կարող հավակնել հանրային այնպիսի աջակցության, որն էլ իր հերթին թույլ կտա հավակնել իշխանություն վերադարձի: Երբ երկրորդ նախագահը խոսում է ընդդիմության մասին, նա, անշուշտ, նկատի ունի առավելապես նախկին իշխող համակարգը և այն սոցիալական ռեսուրսը, որ կա այդ համակարգի ներքո: Դա հանրային իմաստով մեծ չէ, սակայն հաշվի առնելով այն, որ Հայաստանի քաղաքական դաշտում չկա այլ ընդդիմություն, կամ ընդդիմություն, որն ունի առավել մեծ կամ լայն հանրային աջակցություն, նախկին իշխող համակարգը ստանում է ընդդիմություն լինելու սուբյեկտիվ կամ, այսպես ասած, սպեկուլյատիվ հնարավորություն, ինչպես Ռոբերտ Քոչարյանի ժամանակ երկնիշ տնտեսական-շինարարական աճն էր բնորոշել այդ իսկ ժամանակ ԿԲ նախագահ, իսկ հետո արդեն վարչապետ աշխատած Տիգրան Սարգսյանը:
Այսինքն՝ աճ կար, բայց այդ աճը, ըստ էության, դատարկ էր ներսից: Նույն կերպ Ռոբերտ Քոչարյանը կարող է գլխավորել ընդդիմություն, բայց դա ընդդիմություն է այնքանով, որքանով ընդդիմության տեսանկյունից դատարկ է ներքաղաքական դաշտը: Բայց դա, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի խնդիրը չէ: Դա հասարակության խնդիրն է: Ընդ որում, հենց հասարակության և ոչ թե, օրինակ, քաղաքական կառավարող մեծամասնության: Որովհետև կառավարող մեծամասնության համար պատկերը հակառակն է՝ բոլորովին խնդիր չէ, որ «արդիական» ընդդիմություն լինի Ռոբերտ Քոչարյանը կամ նախկին համակարգին ասոցացվող, կապվող, նույնացվող որևէ ուժ: Ավելին, կառավարող մեծամասնությունն առնվազն մինչ առաջիկա ընտրական ցիկլ, և հաշվի առնելով նաև հայաստանյան որոշակի «ցիկլայնություն», թերևս, նվազագույնը տասնամյակ կարող է հարմարավետ զգալ այդպիսի ընդդիմություն ունենալու պարագայում: Իհարկե, հասկանալի է, որ այստեղ գնահատականը չի կարող լինել բացարձակ և անվերապահ, քանի որ հնարավոր են ամենատարբեր արտակարգ զարգացումներ և շրջադարձեր, ու խոսքը ներկայումս իրադարձությունների, այսպես ասած, օրինաչափ և կայուն զարգացման պարագայի մասին է:
Ըստ այդմ, եթե իրերի, քաղաքական ուժերի այդպիսի դրությունը չի գոհացնում հանրությանը, ապա հանրությունն ինքը պետք է խորհի իր ընդդիմության մասին կամ, այսպես ասած, լեգիտիմ ընդդիմության մասին: Հասկանալի է, որ հանրություն ասվածը տվյալ պարագայում մարդիկ չեն, որոնք իրենց հանապազօրյա հացն են փորձում վաստակել ամենօրյա աշխատանքով: Նրանք չէ, որ պետք է իրենց գործը թողնեն և երկրում ընդդիմություն «նկարեն»: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է այն խմբերին, որոնք աշխույժ են հանրային դաշտում, կամ ունեն հանրային, տնտեսական էլիտայի հավակնություն, որոնց առաջնային պետք է հուզի երկրում քաղաքական համակարգի կայուն զարգացման խնդիրը: Նրանք են, որ պետք է նախանձախնդիր լինեն այն քաղաքական միջավայրի ձևավորման հարցում, որում ուզում են ապրել ու գործել ռազմավարական հեռանկարում: Առանց դրա քաղաքականությունը նման է մեկ շարժիչով թռչող օդանավի, որը սկզբունքորեն չի ընկնի, սակայն թռիչքը անխուսափելիորեն վթարային է:
 
Lragir.am-ը գրում է․
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունը, թե թուրքական երկու կործանիչ ուղղություն են վերցրել դեպի Երեւան ու եղել են Հայաստանի մայրաքաղաքին հրթիռային հարված հասցնելու հեռավորության վրա: Տեղեկության աղբյուրը մի պորտալ էր, որի այսպես ասած լուրը տարածվեց ամենատարբեր լրատվամիջոցներով, այդ թվում՝ ռուսական:
Հայաստանի ՊՆ-ն հերքել է տեղեկությունը:
Հայտնի է, որ Ադրբեջանում եւ Նախիջեւանում անցկացվում է թուրք-ադրբեջանական զորավարժություն, որում ներգրավված է նաեւ ավիացիա: Զորավարժությունը Հայաստանում առաջացրել է հասկանալի մեծ ուշադրություն, ինչին նպաստել է նաեւ Տավուշի իրադարձությունների առնչությամբ Թուրքիայի ագրեսիվ հայտարարությունների հանգամանքը:
Հայաստանում սկսել են շատ խոսել թուրքական վտանգի մասին, ինչը դարձյալ հասկանալի է: Ամբողջ հարցն այն է սակայն, որ այդ խոսակցությունների զգալի մասը թողնում է խուճապ առաջացնելու փորձի տպավորություն, որի հեղինակները կարծես թե ուզում են Տավուշի ռազմական գործողության արդյունքում հոգեբանական վերելքի, ինքնավստահության վիճակում գտնվող հայաստանյան հանրությանն այսպես ասած «իջեցնել գետին»:
Այն, որ Թուրքիան սպառնալիք է եւ շատ լուրջ, ամենեւին նորություն չէ: Այդ սպառնալիքը ունի հակազդեցության լուրջ անհրաժեշտություն, ամենօրյա ռազմա-քաղաքական աշխատանքի բնույթով: Սակայն, Հայաստանի հասարակությունը պետք է ապրի թուրքական սպառնալիքին պատրաստ, բայց ամենեւին ոչ թուրքական սպառնալիքից վախեցած: Որովհետեւ, խոշոր հաշվով, վախեցած, խուճապի, տագնապի անընդհատ հանրային զգացումը կարող է սկսել մեկ կոնկրետ աղբյուրից, սակայն դրա հետեւանքը, այսպես ասած «մետաստազային» տարածումը ընդգրկելու է Հայաստանի կենսագործունեությունը ամբողջական իմաստով:
Այլ կերպ ասած, հնարավոր չէ, օրինակ, ինքնավստահ, կամային, ուժեղ զգացողություն ունենալ Ադրբեջանի հետ դիմակայությունում, Թուրքիայի հարցում լինելով խուճապի ու տագնապի, թուլության զգացումով: Այդ զգացումը սկսելու է ազդել բոլոր ուղղությունների վրա, անգամ Հայաստանում ապրելու, կամ Հայաստանում ներդրում անելու պարզ մտադրության:
Թե ու՞մ կարող է պետք լինել Հայաստանի հանրային այդպիսի հոգեվիճակ եւ տրամադրություն, հնարավոր է դիտարկել տարբեր ուղղություններով: Մի բան անկասկած է, որ Հայաստանին դա պետք չէ եւ չի կարող պետք լինել Հայաստանի իրական դաշնակիցներին: Ըստ այդմ, Հայաստանն անշուշտ պետք է ամենօրյա աշխատանքով պատրաստ լինի թուրքական սպառնալիքին, դրա չեզոքացմանը, ունենա գործողությունների ամենատարբեր սցենարներ: Դա Հայաստանի պետական քաղաքականության «էքզիստենցիալ» խնդիրն ու անելիքն է, անգամ եթե ստեղծվի իրավիճակ, երբ կարող է հավանական լինել հայ-թուրքական ուղիղ երկխոսություն առանց որեւէ պայմանի: Բայց Հայաստանը թուրքական զսպման էքզիստենցիալ ամենօրյա մարտավարական եւ ռազմավարական անհրաժեշտությունն ու դրան ուղղված ռազմա-քաղաքական աշխատանքը պետք է կատարի  առանց խուճապի եւ վախի հանրային զգացողության, որովհետեւ դա միմիայն կարող է լինել անհրաժեշտ աշխատանքի հոգեբանորեն բացարձակապես ավելորդ եւ նույնիսկ վտանգավոր ուղեկցորդ, որը կարող է նաեւ թույլ տալ ամենատարբեր շահառու կողմերի օգտագործել այդ հանգամանքը Հայաստանի դեմ:
 
168.am-ը գրում է․
168.am-ի տեղեկություններով, վերջին շրջանում բավական լարվել են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի եւ վարչապետի օգնական, Բադասյանի նախկին տեղակալ Աննա Վարդապետյանի հարաբերությունները:
Հիշեցնենք, որ վերջինս եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի, նախկին նախարար Դավիթ Հարությունյանի օգնականը, Արտակ Զեյնալյանի տեղակալը, որին փոխարինելուց հետո Բադասյանը հեռացրեց Վարդապետյանին:
Կարճ ժամանակ անց նա հայտնվեց վարչապետի օգնականի պաշտոնում եւ սկսեց համակարգել դատական համակարգը եւ իրավապահը ոլորտը:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ փաշինյանական զանգովի արդարադատությունը հասել է այնտեղ, որ քաղաքական պատվերները պատվով կատարելու համար Վարդապետյանը ինքն է գրում քննիչների որոշումները, զեկուցում ու փոխանցում կալանքի ցուցումները եւ այլն:
Նա ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանի հետ տանդեմ է դարձել ընդդեմ Բադասյանի, եւ ըստ լուրերի՝ տեղյակ է բոլոր օպերատիվ հետախուզական եւ քննչական գործողությունների բովանդակությունից, անհնազանդներին սպառնում է անձնական բնույթի տեղեկատվության արտահոսքով եւ այլն:
Փաշինյանի վստահությունը վայելող Բադասյանին այս ամենն, անկասկած, դուր չի գալիս, սակայն առայժմ նա չի կարողանում միանձնյա ազդեցություն ձեռքբերել դատական համակարգում եւ «գույքագրում» է Վարդապետյանի ակնհայտ հանցավոր գործունեությունը, որի մասին շատ են սկսել խոսել իրավապահ համակարգում:
 
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ուրբաթ օրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում իսկական «պատերազմ» է սկսվել այն բանից հետո, երբ նախարարությունում սկսել են քննարկել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի որոշումը՝ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին գիտական աստիճանից զրկելու հետ կապված: Բանն այն է, որ նախարարն այդ որոշումը ցանկանում է չեղյալ հայտարարել ու այդ հարցով վարույթ է հարուցվել:
Հուլիսի 31-ին՝ վարույյթի քննության օրը, երբ Սմբատ Գոգյանը նախարարություն է գնացել իր փաստաբանի հետ, հանկարծակի հայտարարել են, որ Գոգյանն իրավունք չունի մուտք գործել իր փաստաբանի հետ: Դրանից հետո վերջինս հայտարարել է, որ եթե նման բան կա, ապա ինքը եւս չի մասնակցելու վարույթին ու հեռացել է: Գոգյանը որոշել է գրավոր ուղարկել իր բացատրությունը, թե ինչու է Դիանա Գալոյանին զրկել գիտական աստիճանից: Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին այս հարցով հրավիրվել էին լսումներ։
Ըստ հրամանի՝ Գալոյանը տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան ստացել է 2015-ին, սակայն 2019-ի դեկտեմբերին ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է Գալոյանի դոկտորական ատենախոսությունն ուսումնասիրող և եզրակացություն տրամադրող մասնագիտական հանձնաժողով, որն արձանագրել է, որ Գալոյանի գիտական աշխատանքում առկա են առանց հեղինակների ու աղբյուրների նշման փոխառություններ, որն էլ հիմք է հանդիսացել վարույթ սկսելու համար։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն