Կայացել է ԱՀ Կառավարության անդրանիկ նիստը

03-08-2020 18:21:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 


 
 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 3-ին տեղի է ունեցել կառավարության անդրանիկ նիստ:
 
Նիստի  օրակարգում ընդգրկված «Արցախի Հանրապետության 2020 թվականի
պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն էր,  որը ԱՀ կառավարության անդամներին է ներկայացրել ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշել է, որ  նախագիծը  մշակվել է ի կատարումն Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թթ-երի  ծրագրի մի շարք դրույթների, ըստ որի, ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 14,810 մլն դրամով, իսկ պետական բյուջեի եկամուտները` 5,100  մլն դրամով՝  պայմանավորված Հայաստանի Հանրապետությունից ստացվող բյուջետային վարկի գումարի չափով: Փոփոխությունների արդյունքում 2020 թվականի Արցախի Հանրապետության պետական բյուջեն, ըստ  ԱՀ  նախագահի  տված հանձնարարականի կկազմի՝ եկամուտների գծով՝ 126 մլրդ 49 մլն 399.2 հազար դրամ, ծախսերի գծով՝ 135 մլրդ  650 մլն 717.7 հազար դրամ: Դեֆիցիտը կկազմի 9 մլրդ 601մլն 318.5 հազար դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին:
 
 
Կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին, որն, ընթացակարգի համաձայն, ուղարկվելու է Ազգային ժողովի քննարկմանը: 
 
Այնուհետև երկրի ղեկավարը նիստի մասնակիցներին է ներկայացրել նախատեսվող բարեփոխումները՝ ըստ ոլորտների: «Խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը թույլ կտա շրջանցել համաշխարհային տնտեսության անկման հնարավոր բացասական հետևանքները մեր հանրապետության համար», - նշել է Արայիկ Հարությունյանը և ավելացրել, որ ընթացիկ ծրագրերի հաջող իրականացման պարագայում հաջորդ տարի սպասվում է երկնիշ տնտեսական աճ։
 
Խոսելով նիստում քննարկված ծրագրերի արդյունավետ իրականացման մասին՝ նախագահը ընդգծել է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ սերտ համագործակցության, ինչպես նաև պետական կառավարման համակարգի յուրաքանչյուր օղակում պաշտոնյաների բարեխիղճ վերաբերմունքի, կարգապահության, օրենքի առաջ բոլորի հավասարության, աշխատանքային կոլեկտիվներում ներդաշնակ մթնոլորտի պահպանման սկզբունքներին հետևելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, երկրի ղեկավարը զգուշացրել է, որ այն պետական պաշտոնյաները, որոնց աշխատանքն ու վարքագիծը
հակասեն այդ սկզբունքներին, կազատվեն զբաղեցրած պաշտոններից։  
 
Երկրի ղեկավարը նաև կարևորել է հանրապետությունում ձևավորված ներքին կայունության մթնոլորտի պահպանումը, որը թույլ կտա իրականացնել Արցախի Հանրապետության առջև ծառացած երկու կարևորագույն խնդիրները՝ անվտանգության ապահովումը և սոցիալ-տնտեսական զարգացումը: Այդ համատեքստում նախագահը ընդդիմադիր ուժերին կոչ է արել՝ զբաղվել միայն կառուցողական քննադատությամբ և  զերծ մնալ ստեղծված կայունությունը խաթարող քայլերից։
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 352 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար