Ալիեւի ցավոտ կետը. նոր սկանդալներին ընդառաջ


Ալիեւի ցավոտ կետը. նոր սկանդալներին ընդառաջ

  • 04-08-2020 13:53:37   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանի պրոպագանդան ոգեւորությամբ է արձանագրում բրիտանական արտաքին հետախուզության ծառայության՝ MI-6-ի ղեկավարի պաշտոնում Ռիչարդ Մուրի նշանակման փաստը: Պատճառն այն է, որ Մուրը 2014-17 թվականներին եղել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը: Ըստ ադրբեջանական պրոպագանդայի, նա Թուրքիայի նախագահ Էրդողանի բարեկամն է, լավ է վերաբերում Թուրքիային, նպաստել է նրան, որ Մեծ Բրիտանիան կարեւոր համարի Թուրքիայի դերը Կովկասում: Ըստ ադրբեջանական պրոպագանդայի, Մուրը ծանոթ է նաեւ ադրբեջանական էլիտային:
 
Բաքվի ոգեւորության մոտիվը լիովին հասկանալի է: Ընդամենը երկու-երեք ամիս առաջ բրիտանացի իրավապահները սկսեցին հետաքննել «ադրբեջանական լվացքատան» հերթական գործը, որում մեծ հավանականությամբ ներգրավված են հենց ադրբեջանական էլիտայի ներկայացուցիչներ, եթե ոչ ամենաբարձր մակարդակում գտնվողները՝ Ալիեւները:
 
Համենայն դեպս, հենց նրանք պարբերաբար հայտնվում են տարբեր այդօրինակ սկանդալներում, բրիտանական օֆշորներից հայտնի դարձող պատմություններում: 2017 թվականին բրիտանական մամուլը լայնորեն գրեց այն մասին, որ Ալիեւները մոտ 3 միլիարդ եվրո են «լվացել» բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով: Ալիեւի անունը շոշափվում էր նաեւ դրանից առաջ պանամական հայտնի օֆշորային սկանդալում, որտեղ էր ի դեպ նաեւ Հայաստանի ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը: Ավելին, թեեւ հերքում էր իր մասնակցությունը, Պողոսյանն այդուհանդերձ հրաժարական տվեց պաշտոնից, ինչ է թե չի ցանկանում լինել Ալիեւի հետ միեւնույն սկանդալում:
 
Բրիտանական «ծագում» ունեցող սկանդալային պատմություններն ու մերկացումները Ալիեւը պայմանավորում էր հայկական լոբբի եւ բրիտանական հատուկ ծառայությունների, հայկական լոբբիի եւ Սորոսի գործակցությամբ: Այն ժամանակ իհարկե Սորոսի դեմ պայքարում Ալիեւը մենակ էր, չուներ այն հայաստանցի «դաշնակիցներին», որոնք այսօր Հայաստանում եւս պայքարում են «Սորոսի դեմ»: Նրանք այն ժամանակ Հայաստանում իշխանություն էին եւ դրամաշնորհներ էին ստանում նաեւ Սորոսից:
 
Պարբերաբար բրիտանական գլխացավանքների մեջ հայտնվող Ալիեւը ուրախ է, որ բրիտանական արտաքին հետախուզության ղեկավար է նշանակվել մարդ, ում համարում են Էրդողանի, Թուրքիայի բարեկամ: Իլհամ Ալիեւն ըստ երեւույթին հույս ունի այդպիսով ազատվել գլխացավանքներից: Քարոզչական դաշտում այդ հույսերի արտահայտումն ունի հասկանալի շարժառիթ, Ադրբեջանի նախագահին այժմ դրանք շատ են պետք՝ ծանր պարտությունից հետո: Սակայն իրական ռեժիմում հույսերը հազիվ թե լինեն համարժեքության վկայություն:
 
Պատճառները շատ պարզ են: Նախ, Մեծ Բրիտանիան պետություն է, որտեղ անձնական կապերն են պետական շահին ենթակա, ոչ թե հակառակը: Իսկ այդ շահի տեսանկյունից մեղմ ասած հարց է, թե արդյոք Մեծ Բրիտանիան կշարունակի նույն կերպ դիտարկել ադրբեջանական ձախողված պետականությունը, ինչպես դիտարկում էր հետխորհրդային ժամանակաշրջանի առաջին տարիներին: Միեւնույն ժամանակ, մեծ հարց է, թե արդյոք Էրդողանն իր աեւմտյան կապերը օգտագործելու է Ալիեւին փայփայելու համար, թե՞ հակառակը՝ երբեմն-երբեմն մտրակելու: Թուրքիայի նախագահին ներկայում առավել քան անհրաժեշտ է Ադրբեջանի իշխող կլանների հանդեպ ազդեցությունը, հաշվի առնելով Բաքվի հաջորդ իշխանության հարցում Ռուսաստանի եւ Իրանի հետ թեժացող մրցակցությունը, առավել եւս, որ նրանք էլ թերեւս զուրկ չեն արեւմտյան կապերից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Լragir.am

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play