Հայաստանից Անին տեսնելու միակ հնարավորությունը…


Հայաստանից Անին տեսնելու միակ հնարավորությունը…

  • 04-08-2020 17:25:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Արտաշես Վրույրը՝ նշանավոր դերասան Արամ Վրույրի որդին,  նախորդ դարասկզբին (1901-1917թթ.) հոր հետ պարբերաբար եղել է Անիում: Հայրը Մառի գիտարշավի խմբում մասնակցել է Անիի պեղումներին: 
 
  Արտաշես Վրույրն իր հուշերում գրում է. «Անի կայարան-Անի, Խարկով գյուղի վրայով, մոտ 7 կիլոմետր: Դա Անի այցելողների ամենաբանուկ ճանապարհն է: Անի կայարանից մինչև Խարկով գյուղը  սայլի ճամփա կա, սակայն, այնուհետև պետք է իջնել Ախուրյանի խոր կիրճը, նավակով անցնել գետի աջ ափը, և ահա այդտեղից ձորի միջով նեղ շավիղը ձգվում է մոտ երեք կիլոմետր մինչև Գլիձոր և ապա փոքրիկ զառիվերը անցնելով՝ Տիգրանի դռնով մտնում եք Անի, և ձեր առաջ՝ մի բարձունքի վրա, հանդիպում եք նրբագեղ փոքր տաճարի, դա Տիգրան Հոնենցի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է»: 
 
   («Անիում», «Սովետական գրող» հրատ., Երևան, 1979 թ.) 
 
   Իսկ նախորդ դարասկզբից, երբ կորցրինք նաև Անին, երբեմնի հրաշագեղ կառույցների փլատակները, ավերակված հայկական ճարտարպետության գլուխգործոցները, կիսավեր եկեղեցիները Հայաստանից տեսնելու միակ հնարավորությունը, ամենամոտ վայրը  մնում է դեռ տարիներ առաջ  լուծարված, հիմա գրեթե ամբողջովին անմարդաբնակ (մեկ բնակիչ), սահմանային գոտում գտնվող Խարկովը գյուղը կամ գյուղատեղին,  որտեղից Անին երևում է «ինչպես ափիդ մեջ»: 
 
  Մի փոքրիկ պատմական ակնարկ Խարկով գյուղի մասին: Այն մինչ լուծարվելը և 7 կմ հեռավորությամբ գտնվող հարևան Բագրավանի համայնքին միավորվելը առնվազն երկու անունով է հիշատակվում. սկզբում`  Ենիքյոյ, հայերեն թարգմանությամբ`  Նոր գյուղ, ապա Խարկով, իսկ 2006 թ.-ի հուլիսի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ  անվանափոխվել է Նորշեն։ Ի դեպ, ըստ որոշ պնդումների՝ Խարկով անվանումը վերցված չէ Ուկրանիայի հայտնի քաղաքից, այլ առաջացել է  «խարկվել» բառից և փոփոխվելով դարձել է Խարկով: Ի դեպ, ամռանը Խարկովի դաշտերում աշխատողիս այս վարկածը շատ ավելի համոզիչ է թվում:
 
   Ոչ միայն հայաստանցիներիս, այլ նաև Հայաստան այցելող հյուրերի համար Խարկով գյուղը գրեթե երազանքի վայր է դարձել, բայց այդ երազանքն այնքան էլ հեշտ իրականացվողներից չէ: Հայ-թուրքական սահմանին գտնվող բնակավայրը դեռ խորհրդային տարիներին, իր հարյուրավոր հեկտարներով դաշտերով, արոտներով, սարերով ու ձորերով, անգամ բազմաթիվ քարի հանքերով վերցվել է փշալարերի պատնեշի մեջ,  հատուկ պահպանվող սահմանային գոտում է, զինվորական ուղեկալի կողմից հսկվող ռեժիմով:  Ժամանակին հիմնականում արգելապատնեշներն էլ  դարձան պատճառ, որ երբեմնի շեն և հարյուրից ավել բնակիչ ունեցող համայնքն  ամբողջովին դատարկվեց ու ի վերջո լուծարվեց:
 
   Բնականաբար՝  Խարկով մտնելը բոլորի համար չէ, որ արգելված է. սահմանապահ ուղեկալի հսկողության տարածք կարող են մուտք գործել մոտակա գյուղերի բնակիչները՝ գյուղատնտեսական աշխատանքերի նպատակով, նախօրոք ձեռք բերված հատուկ անցաթղթով :
   Իսկ զբոսաշրջային նպատակով գյուղ մուտք գործելու համար ԱԱԾ-ից կամ ռուս-հայկական սահմանապահ ջոկատից նույնպիսի գրավոր թույլտվություն պետք է ստանալ, ինչից հետո փոքր ժամանակով, ասենք՝ մեկ-երկու ժամով, կթույլատրվի արգելապատնեշից ներս մտնել և սահմանապահների ուղեկցությամբ հատուկ նշված վայրից դիտել Անին: 
 
   Առհասարակ բացի Անիի հրաշալիքներից,  Խարկով գյուղը Անիի վառ գույնի քարերով տների փլատակներով ևս դիտարժան է:  Գյուղում կա նաև կիսավեր եկեղեցի: Հիմա մի փոքր՝ այդ   եկեղեցու մասին:
 
   «Համառօտ տեղագրութիւն հնութեանց մեծին Շիրակայ եւ մայրաքաղաքին Անիոյ». Աշխատասիր.՝ Մելքիսեդեկ քհ. Գէորգեանց Շիրակացւոյ. Ի Հայրապետութեան Տ.Տ. Մկրտչի Առաջնոյ Աստուածընտիր կաթողիկոսի ամենայն Հայոց, Աղէքսանդրապօլ : տպ. Յովհ. Ափինեանցի, 1903 թ.» աշխատությունում մանրամասն գրված է 20-րդ դարասկզբի Շիրակի բոլոր համայնքների և եկեղեցիների, բնակչության թվի, նրանց հավատքի, քահանաների մասին, գրքում կան նաև հետաքրքրաշարժ պատմություններ այդ գյուղերի մասին: Բնականաբար այն չի կարող չհամարվել Շիրակի եկեղեցիների մասին մի խիստ հավաստի աղբյուր: Սակայն մի հետաքրքրական տեղեկություն կա Խարկովի մասին, որն ինձ տարակուսանքի առիթ է տալիս: Գրքի 175-րդ էջից մեջբերում եմ այն ամբողջությամբ և բառացի.«ԵՆԿԻՔՈՅ (նոր գիւղ) կամ ԽԱՐԿՈՎ: Բուղդաշէնից արևմուտք կէս ժամ հեռու գտնվւում է Ենկիքոյը, որը ունի 35 տուն, 195 արական, 184 իգական, եկեղեցի չունին. Քահանան է Յարութիւն Տօնականեանը:»
 
   Ինձ հետաքրքրեց նախորդ դարասկզբին  եկեղեցի չունենալու այդ փաստը, քանի որ գյուղում այնուամենայնիվ  հիմա  էլ կա կիսավեր եկեղեցին, որի մասին մեկ այլ աղբյուրում՝ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնական կայքում գրված է, որ Խարկովի «Նորամանուկ» եկեղեցին (պետ. ցուցիչ՝ 7.22.1. 4.2) կառուցվել է XIX դարում: Ըստ խարկովցիների` եկեղեցին կառուցել է Մանուկ անունով հայորդին, որի ջանքերով Վանից խաչքարեր են տեղափոխվել այստեղ: Եկեղեցու մուտքի արևմտյան և արևելյան կողմերում XIII դ. պատկանող երկու գեղաքանդակ խաչքարեր են պահպանվել (պետ. ցուցիչ՝ 7.22.1. 4.2.1), որոնք, ամենայն հավանականությամբ, վանեցի Մանուկի բերած խաչքարերն են: Իսկ եկեղեցու մկրտարանում պահպանվել է XIII-XIV դդ. խաչքար (պետ. ցուցիչ՝ 7.22.1. 4.2.3): «Նորամանուկ» եկեղեցու դռան շեմին երևում է ևս մեկ քանդակազարդ խաչքար, որը հավանաբար ավելի հին է, քան մուտքի երկու կողմերի խաչքարերը: Եկեղեցու բակում գտնվում է վանահոր գերեզմանը, որը, ցավալիորեն, քանդվել ու կոտրվել է ոսկի որոնողների կողմից:
 
2. Շիրակ աշխարհն ու Ախուրյանի ձախ ափը կարող են և պետք է դառնան տուրիզմի համաշխարհային նշանակության վայր
   Առհասարակ Շիրակ աշխարհի, Անիի նախկին վարչական շրջանի պատմական վայրերն ու հուշակոթողները կարելի է դասել ամբողջովին չներկայացվող ու չօգտագործվող, անգամ ոչ պատշաճ գնահատված գանձերի շարքը: Անշուշտ, գլուխգործոցը և զբոսաշրջության զարգացման  գլխավոր խթանը կա ու մնում է Անին: Զբոսաշրջություն, որը կնպաստեր այդ շրջանի՝ Հայաստանում ամենաաղքատների թվում գտնվող գյուղերի զարգացմանը: 
  Այս տարվա սկզբին իշխանության ներկայացուցիչների կողմից հնչեցին հայտարարություններ՝ շատ մոտ ապագայում  Խարկով գյուղի  սահմանային ռեժիմի թեթևացման, անգամ փշալարերը, սահմանային արգելապատնեշները տեղափոխելու մասին: Նման բարի ու աննախադեպ լուրերը, թե Խարկով գյուղ մտնելն  ու Անին մոտիկից տեսնելն արդեն դառնալու է իրականություն,  հսկայական ոգևորություն առաջացրին, հիմա առանց վարանելու կարող եմ ասել, համայն հայության շրջանում:
   Լուրը մի փոքր թերահավատորեն ընդունեցին մոտակա գյուղերի բնակիչները, թեև արգելապատնեշների՝ փշալարերի տեղափոխումը պահանջված է, քանի որ  պարզապես անհասկանալի է մնում հսկայածավալ՝ հարյուրավոր հեկտարներ կազմող վարելահողերով տարածքները սահմանային գոտու մեջ առնելը:
   Առհասարակ տրամաբանությունից դուրս է, որ փշալարերով արգելապատը մի տեղ հենց բնակավայրերի սահմանագծին է կառուցված, Ախուրյանի կիրճի եզրին, իսկ մյուս, տվյալ դեպքում Խարկովի տարածքում, մոտ 3 կմ հեռավորության վրա: Ինչի հետևանքով առնվազն երկու գյուղ ամբողջովին դատարկվել է: 
   Առաջ ընկնելով ասեմ, որ գյուղը բացելու մասին լուրը  որքան արագ ոգևորություն առաջացրեց, այնքան էլ արագ մարեց… Եվ հիմա էլ  այն մնում է փակ  այնպես, ինչպես նախկինում:
   Հասկանալի է, որ բավականին ծախսատար է տասնյակ կիլոմետրերի երկարություն ունեցող  արգելապատի տեղափոխումը կամ նորի կառուցումը: Բայց լավ կլինի նման ծրագրերին  կամ նույնիսկ հայտարարություններին նախորդեին հասարակական քննարկումները ինչպես մոտակա գյուղերի բնակիչների, այնպես էլ թեմայով շահագրգիռ ոլորտի մասնագետների հետ, եթե իհարկե նման ծրագրերի իշխանական խոստումներն ընդամենը լոզունգային կամ սին չեն:
   Թեման առավել ևս Անիի պարագայում շատ կարևոր է, քանի որ այն առնչվում է համայն հայության շահերին:
    Բայց ես հիմա շեշտադրումն  ուզում եմ անել մոտակա կիսադատարկ բնակավայրերում  աղքատության կրճատման և գյուղերի զարգացման տեսանկյունից: Ինչ անել, որ Անիի  փաստարկն օգտագործելով կտրուկ զարգանա տուրիզմը և նպաստի այդ համայնքների կայուն զարգացմանը:
   Ես այնուամենայնիվ այն կարծիքին չեմ, թե այդ բնակավայրերի աղքատության պատճառը միայն Խարկով գյուղի հատվածում սահմանի փակ լինելու կամ մեզ Անին մոտիկից տեսնելու հնարավորությունից զրկելու հանգամանքն է: Ուստի ուզում եմ այստեղ հպանցիկ թվարկել ըստ իս այդ շրջանի գյուղերի աղքատության հիմնական մի քանի պատճառները:
   Գյուղերի վարելահողերի առնվազն 90 տոկոսը զրկված է ոռոգման համակարգից, այն դեպքում, երբ այդ հողերի մեծ մասը գտնվում են Ախուրյան գետի և Հայաստանում ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարի ափերին: Վերջիններս եւս փշալարերով արգելափակված են, մարդիկ զրկված են հսկայածավալ ջրի պաշարից օգտվելու հնարավորությունից, ինչի պատճառով ոչ միայն արտերն են անջրդի, այլ նաև գյուղերում բացակայում են այգիներն ու բանջարանոցները:
    Աշխատատեղեր գրեթե չկան, նախկին ձեռնարկություններն ու հատկապես քարի հանքերի մեծ մասը փակված են: 
  Արոտները հիմնականում քարքարոտ սարերում են և անասնապահության համար ոչ բարենպաստ: Իսկ Խարկով գյուղի մերձակա արոտավայրերում անասնապահությունը արգելված է, կրկին սահմանային գոտու տարածք համարվելու պատճառաբանությամբ:
   Առհասարակ ես կողմ եմ, որ արգելապատնեշները՝ փշալարերը Խարկով գյուղի ներկայիս տարածքից ամբողջովին հանվեն և տեղափոխվեն Ախուրյան գետի  ափամերծ տարածք: Ավելին, որպեսզի շատ մոտ ապագայում վերականգնվի Խարկով գյուղը, ստանա համայնքի կարգավիճակ, դրա համար առաջին հերթին խմելու ջուր է հարկավոր: 
   Չմոռանամ ասել, որ Թուրքիայի կողմից ոչ մի փշալար կամ նմանատիպ արգելք գոյություն չունի և նրանց կողմից անասնապահները իրենց նախիրն ազատորեն բերում են Ախուրյան գետը՝ ջրելու: Իսկ քանի որ մեր կողմից փշալարերը տեղափոխելու իմ և երևի բոլորիս ցանկությունը շատ մոտ ապագայում իրականացնելն իրատեսական չէ, առաջարկում եմ բանտարկված գյուղն ու հողերն ազատագրելու, այսպես կոչված, փուլային տարբերակ: 
   Առաջին փուլի համար պարզապես անհրաժեշտ է թեթևացնել սահմանային ռեժիմը: Ապա Խարկովի սահմանապահ ուղեկալում, Բագրավան գյուղում բացել սահմանապահ մի հատուկ ուղեկալային կետ կամ ծառայություն, որին կտրվեն սահմանային գոտի մտնելու ցանկություն ունեցող հյուրերին սպասարկելու, անցաթղթեր տալու, թույլտվությունների գործառույթներ:
   Հայաստանի իշխանություները հատուկ որոշմամբ պետք է հաստատեն հյուրերին սպասարկելու կանոնակարգը, թե ինչպիսի տրանսպորտային միջոցով կարող են մտնել հյուրերը, որքան ժամանակ կարող են գտնվել սահմանային գոտում, որ  տարածքներով կարող են շրջել,  որ ժամերին և այլն:
   Կարծում եմ՝ այս որոշումների հիմքում, բացի հայկական ճարտարապետության բացառիկ կառույցները դիտելու հնարավորություն ընձեռելուց, պետք է դրվի նաև այդ մոտակա գյուղերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը նպաստելու քաղաքականություն:
   Առաջարկում եմ, որ Անին տեսնելու նպատակով Խարկովի սահմանային գոտի մտնելու ստեղծվելիք կանոնակարգում ընդգրկվեն հետևյալ կանոնները. 
1. այցելությունները թույլատրվեն առնվազն 5 և ավելի մարդկանցից բաղկացած խմբերին,
2. այցելության ժամեր սահմանվեն ամառային ամիսներին՝  առավոտյան 8-ից մինչև 14-ը, տարվա մնացած ժամանակ՝ 10-ից մինչև 14-ը, որպեսզի հյուրերը նաև գերադասեն  գիշերել մոտակա գյուղերում,
3. առավելությունը տրվի ոտքով այցելող խմբերին,
4. հյուրերի խմբեր ձևավորելու հնարավորություն տրվի մոտակա գյուղերի մշտական հաշվառում ունեցող և այդ սահմանային գոտի մտնելու երկարաժամկետ անցաթղթեր ունեցող բնակիչներին, 
5. սահմանային գոտում արգելվեն ճաշկերույթները, դրանք կազմակերպելու հնարավորություն ստեղծվի հարևան գյուղերում: Ավելացնեմ, չոր կլիմա ունեցող այդ տարածքները նաև հրդեհավտանգ են, և պատկերացնելն իսկ դժվար է, թե  ինչ մեծ վնասներ կարող են ամռան ընթացքում կրել դաշտերը, եթե անզգուշությամբ մեկը ծխախոտի մնացորդն  առանց հանգցնելու նետի… 
6. մշակվի տուրիստական երթուղի  առնվազն 7-8 կմ երկարությամբ. անիմաստ է միայն մի կետից թույլատրել տեսնել Անին, բացառելով մյուս հարյուր ու մի հրաշալիքները տեսնելու հնարավորությունը, 
7. անշուշտ, ինչպես ցանկացած վայրում, տուրիզմի զարգացման համար նախ և առաջ անհրաժեշտ է ունենալ ենթակառուցվածքներ, առաջին հերթին՝ գյուղ տանող առնվազն անցանելի ճանապարհ, տուրիստական երթուղու երկայնքով աղբամաններ տեղադրվեն, զուգարաններ, խմելու ջուր լինի և այլն  : 
   Այս քայլերի իրականացումը կնպաստի որ, կրկնում եմ, Հայաստանում ամենաաղքատ այս սահմանային գյուղերում թռիչքային զարգանա հյուրատնային և ռեստորանային բիզնեսը, ինչը իր ետևից կբերի աղքատության կտորուկ կրճատում: 
Վահան Թումասյան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն