Արցախը Լիբանանի հետ է․ ԱՀ նախագահը հեռախոսացրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ


Արցախը Լիբանանի հետ է․ ԱՀ նախագահը հեռախոսացրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ

  • 05-08-2020 13:20:07   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Այս մասին Արայիկ Հարությունյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
 
«Հետաքրքրվել եմ ստեղծված իրավիճակով, տեղի հայկական համայնքի ունեցած կորուստներով: Վեհափառին խնդրել եմ նաև մեր խորին ցավակցությունները փոխանցել ողբերգության հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին, Լիբանանի բարեկամ ժողովրդին` բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթելով:
 
Մեկ անգամ ևս զորակցելով լիբանանահայ մեր քույրերին և եղբայրներին՝ այս օրհասական պահին բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու պատրաստակամություն եմ հայտնել: Արցախը Լիբանանի հետ է»,- գրել է Հարությունյանը։
 
Օգոստոսի 4-ին հզոր պայթյունները ցնցել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է:
 
Վերջին տվյալների համաձայն՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորվել է ավելի քան 4 հազար մարդ:
 
Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։
 
Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։
Նոյյան տապան  -   Հասարակություն