Դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

05-08-2020 16:23:58   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում շարունակվում է դատապարտյալի կողմից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
 


Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
 
Քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա` դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերով:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը
20:30-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու հերթապահի օգնականը, քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցների հետ, սահմանված կարգով, բացել էին խցի դուռը՝  ներքին կանոնակարգի խախտման պատճառով պատժախցային և կարանտինային բաժանմունքի խցում գտնվող դատապարտյալին հասանելիք անկողնային պարագաները հանձնելու նպատակով:
 
Վերջինս, մոտենալով խցի դռանը, նշված պարագաները վերցնելու պահին ձեռքին եղած ածելիով քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներին պատճառել էր կտրած վերքի ձևով, առողջության կարճատև քայքայումով առողջության թեթև վնասվածքներ:
 
Շարունակելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրել՝ դատապարտյալը նույն ածելիով վնասել էր նաև ինքն իրեն:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 238 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար