ՀՀ նախագահը ստորագրել է «Տեսալսողական մեդիայի մասին» և ընդերքօգտագործմանն առնչվող օրենքները

05-08-2020 18:19:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքները: 
 


««Տեսալսողական մեդիայի մասին» և «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների փաթեթները (այսուհետ՝ Օրենքներ) Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020 թվականի հուլիսի 20-ին:
 
Հանրապետության նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է Օրենքները, քննարկումներ կազմակերպել Ազգային ժողովի, տվյալ ոլորտի լիազոր մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ այլ անձանց հետ, և համապատասխան վերլուծություն ներկայացրել Հանրապետության նախագահին:
 
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը նպատակաուղղված է՝ ապահովել հավաստի տեղեկատվություն ստանալու յուրաքանչյուրի իրավունքը, երաշխավորել կարծիքների
արտահայտման իրավունքը, տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների անկախությունը, ինչպես նաև նպաստել տեսալսողական հաղորդումների բազմազանության զարգացմանը:
 
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքներով նախատեսված փոփոխություններն ի թիվս այլ հարցերի կարգավորում են նաև ընդերք-օգտագործման ոլորտում պոչամբարների անվտանգ կառուցման, ջրերի ռացիոնալ և շրջանառու համակարգերի ներդրման կիրառման օրենսդրական հիմքերը, որոնք նվազեցնում են շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերը նոր նախաձեռնությունների դեպքում:
 
Օրենքների լիարժեք կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է դրանց անցումային դրույթներով նախատեսված միջոցառումներն (համապատասխան միջկառավարական պայմանագրերի կնքում, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունում) իրականացնել նախանշված ժամկետներում՝ ինչը բխում է և՜ գործարար միջավայրի, և՜ պետական, և՜ կառավարության կողմից վարվող քաղաքականության շահերից:
 
Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների իրացման և պաշտպանության առավել արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր,
որոնց համաձայն տնտեսվարողները շահագրգռված կլինեն կամավորական սկզբունքով հետևել առաջարկվող կարգավորումներին:
 
Ըստ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների և վերլուծությունների՝ Օրենքներն առերևույթ սահմանադրականության խնդիր չունեն:
 
Հանրապետության նախագահը ստորագրել է Օրենքները:
 
Ստորագրելով Օրենքները՝ Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևելու է դրանց կիրառմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 324 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար