Ինչ է կատարվել Լիբանանում. ԱՄՆ նոր ակնարկը

06-08-2020 12:50:25   | Հայաստան  |  Վերլուծություն
«Սա նման էր հզոր հարձակման», Բեյրութի նավահանգստում սարսափելի պայթյունից հետո հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նշելով, որ ԱՄՆ պատրաստ է անհրաժեշտ օժանդակությունը ցուցաբերել Լիբանանին, բարեկամ ժողովրդին:
 


Լիբանանի կառավարությունը հայտարարեց, որ աղետը անվտանգության կանոնների խախտման հետեւանք է, որի պատճառով պայթել է ամոնիակային սելիտրայի մոտ 3000 տոննան, որ դեռեւս տարիներ առաջ առգրավվել էր ռուսաստանցի մի գործարարի նավից եւ պահվում էր Բեյրութի գրեթե սրտում: Առանձին հարց է ոչ միայն անվտանգության կանոնների խախտումը, որ ըստ նախնական պատկերի եղել է շինաշխատանքի՝ զոդման ընթացքում: Առանձին հարց է նաեւ այն, թե ինչու՞ է մոտ 3000 տոննա պայթյունավտանգ նյութը տարիներ շարունակ ամբարված մնացել խիտ բնակեցված մայրաքաղաքի գրեթե կենտրոնում, այն էլ, ինչպես պարզվում է՝ հրդեհային անվտանգության ոչ պատշաճ մակարդակով:
 
«Մենք դեռ տեղեկություններ ենք հավաքում տեղի ունեցածի վերաբերյալ: Շատերը կարծում են, որ դա դժբախտ պատահար էր, ինչպես հաղորդվում է: Բացի դրանից, ես ոչինչ չեմ կարող ասել», ԱՄՆ
պաշտպանության նախարար Մարկ Էսպերի խոսքն է մեջբերում ՌԻԱ Նովոստին: Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ խոսել է Լիբանանի կառավարության հետ եւ պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ ցանկացած օգնություն, հայտարարել է նա:
 
Վաշինգտոնը նախագահ Թրամփից հետո փաստորեն Պենտագոնի ղեկավարի մակարդակով երկրորդ ակնարկն է անում, որ Լիբանանում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը ոչ թե պատահականություն է, այլ հնարավոր է կազմակերպված գրոհ: ԱՄՆ-ն ակնարկում է, որ ամենեւին միարժեք չի ընդունում եղած պատահականության վարկածն ու իրականացնում է իր քննությունը՝ «մենք դեռ տեղեկություններ ենք հավաքում»:
 
Ի՞նչ կպարզի Նահանգները Լիբանանում տեղի ունեցածի առնչությամբ, որը դե ֆակտո կանգնեցրել է Լիբանան պետությունը չգոյության վիճակի առաջ՝ հաշվի առնելով պետության արդեն իսկ եղած խնդիրները, ռեսուրսների խիստ սղությունն ու աղետի հետեւանքի մասշտաբը դրանց հետ հարաբերակցության մեջ:
 
«Լիբանանյան հողում Վաշինգտոն-Թեհրան պայքարի» մասին էր հունիսի 30-ին գրել Լիբանանում լույս տեսնող հայկական Ազդակի խմբագիր Շահան Գանտահարյանը, շոշափելով վերջին ամիսներին Լիբանանում թեժացած ներքաղաքական իրավիճակի աշխարհքաղաքական ասպեկտները: Հեղինակը դիտարկել էր, թե ԱՄՆ-ն լիբանանցիներին ուղերձ է հղում, որ երկրի տնտեսական խնդիրների պատճառն իրանական ազդեցության գոտի կազմակերպությունն է, թերեւս նկատի ունենալով Հըզբոլլահը:
 
Գանտահարյանը դիտարկում էր նաեւ ռեգիոնալ համատեքստում քրդական գործոնի դեմ իրան-թուրքական շահի համադրումը, եւ այդ համատեքստում ռուս-ամերիկյան շահի ընդհանրությունը, ինչը Ռուսաստանին դրդում է զուսպ լինել Լիբանանում ամերիկա-իրանական նկարագրվող դիմակայության հարցում:
 
Լիբանանում եւ դրա շուրջ սկզբնավորվում է նոր շրջափուլ, որը պայմանականորեն հնարավոր է բաժանել՝ Լիբանանն ու ռեգիոնը պայթյունից առաջ եւ պայթյունից հետո: Ընդ որում, դա կարող է ստացվել ռեգիոնալ երկրորդ բեկումը՝ Բաղդադում իրանցի գեներալ Սոլեյմանիի չեզոքացումից հետո, որ տեղի ունեցավ
տարեսկզբին:
 
Լիբանանում տեղի ունեցածը նաեւ Հայաստանի ու հայության համար ոչ միայն մարդասիրական մարտահրավեր է, այլ նաեւ ռազմա-քաղաքական ձեռնոց, որ անհնար է չվերցնել մերձավորարեւելյան վերադասավորումների պատմական ներկայիս շրջափուլում: Պետք է լուծել նոր շրջափուլում հայկական համայնքի վերականգնման ու ֆիզիկական կենսագործունեության հետ կապված հրամայական եւ հեռանկարային հարցերը՝ ինչը պարզ է բոլորի համար: Միաժամանակ, հրատապ են  քաղաքական կենսունակության եւ նոր իրավիճակին էմոցիաներից ու զգայական կողմնորոշումներից դուրս քաղաքական պրագմատիկ համարժեքության ապահովմանն առնչվող հարցեր, հանուն Լիբանանի եւ Հայաստանի անվտանգ ու կայուն ապագայի:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 891 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար