Մենք ուժերի ներածի չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին. վարչապետ


Մենք ուժերի ներածի չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին. վարչապետ

  • 06-08-2020 16:00:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կառավարության այսօրվա հերթական նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բեյրութում տեղի ունեցած ողբերգությանը.
 
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,
 
այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել Լիբանանի բարեկամ ժողովրդին և նրա կառավարությանը սփոփանքի և զորակցության խոսքերով՝ Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
 
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ ցավակցություն հայտնել մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորվածներին:
 
Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է: Մեր երկու երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական և մշակութային բազմաթիվ թելերով: Բեյրութը հանդիսացել է 20-րդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքը: Տասնամյակներ շարունակ Բեյրութն է եղել սփյուռքի կրոնական, քաղաքական և մշակութային կյանքի էպիկենտրոնը: Այն առ այսօր պահպանում է իր եզակի նշանակությունը և հսկայական դերակատարումը՝ որպես Մերձավոր Արևելքում հայկական ներկայության կարևորագույն կենտրոն:
 
Այս դժվարին պահին մենք չենք կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի և Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել՝ այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում: Մենք ուժերի ներածի չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին: 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Արտաքին գործերի նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների հետ: 
 
Հստակեցվում են հիմնական կարիքները՝ որոնց շրջանակներում էլ Հայաստանի Հանրապետության կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով:
 
Միաժամանակ, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում եմ անհատական նվիրատվություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել Կենտրոնական բանկում և առցանց դրամահավաքի հարթակ՝ հիմնադրամի կայքում (www.himnadram.org հասցեով): 
 
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Բեյրութի մեր հայրենակից քույրերի և եղբայրների կողքին և ամեն ջանք կգործադրվի նրանց օգնության հասնելու և ստեղծված ծանր կացությունից դուրս գալու համար:
 
Ասեմ նաև՝ այսօր քննարկեցինք և որոշեցինք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն առաջիկայում կմեկնի Բեյրութ՝ տեղում մեր համայնքի կարիքներին ծանոթանալու և մեզ ներկայացնելու: Պարոն Ավինյան, այս ընթացքում մենք արդեն որոշակի նախապատրաստվել ենք՝ ինքնաթիռ է մեկնելու Բեյրութ: Արդեն իսկ  որոշվա՞ծ է ամեն ինչ»:
 
Ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է. «Այո, արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և այսօր երեկոյան կամբողջացնենք ծրագիրը: Ինքնաթիռի մի քանի տարբերակներ են քննարկվում, և կարծում եմ՝  մինչև  օրվա վերջ ամբողջական կունենանք և՛ այն օգնության չափաքանակն ու տեսակը, և՛  ժամկետները: Ենթադրում ենք, որ թռիչքը տեղի է ունենալու շաբաթ օրը: Մի քանի տարբերակներ են այս պահին քննարկվում են մեր գրասենյակում, կարծում եմ՝ օրվա վերջում արդեն վերջնականացված կլինեն, և շաբաթ օրը թռիչքը կկազմակերպվի»:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play