Նիկոլ Փաշինյանի ուղերձը Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին

10-08-2020 11:25:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ողջունում եմ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս կարևորագույն միջոցառումը նախաձեռնելու համար: 
 
Սևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի
ժամանակակից պատմության մեջ: Պատահական չէ, որ այն շարունակում է մնալ գիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների առարկա: Ուստի հույժ կարևոր է, որ մեկ դար առաջ կնքված այդ փաստաթղթի, դրան նախորդած իրադարձությունների և հաջորդած զարգացումների մասին մեր գիտնականների անկողմնա¬կալ վերլուծությունները հասանելի լինեն թե՛ մեր ժողովրդին և թե՛ միջազգային լայն հանրությանը: Այսօրվա գիտաժողովը ծառայում է հենց այդ նպատակին, և ես հաջողություն եմ մաղթում դրա աշխատանքներին՝ ցանկանալով բոլորին արգասաբեր քննարկումներ և նոր կարևոր բացահայտումներ: 
 
Սևրի պայմանագիրը պատմական փաստ է: Այն մնում է այդպիսին մինչ այսօր: Ինչո՞վ է այդ փաստաթուղթը հայ ժողովրդի համար կարևոր: Ինչու՞ է այն առ այսօր մեր ուշադրության կենտրոնում: 
 
Նախ՝ Սևրի պայմանագիրը կնքվեց մարդկության պատմության ամենա¬դրամա-տիկ էջերից մեկի՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների հիման վրա, դրա ավարտից շուրջ երկու տարի անց: Ինչպես Վերսալի պայմանագիրը խաղաղություն էր հաստատում Եվրոպայում, այնպես էլ
Սևրի պայմանագիրը՝ Օսմանյան կայսրության նախկինում պատկանող Առաջավոր Ասիայի տարածքներում: Այն վերջ էր դնում պատերազմի պատճառով այդ տարածաշրջանի ժողովուրդների կրած տառապանք¬ներին և զրկանքներին: Այն «անիծյալ տարիների» ավարտն էր ազդարարում: 
 
Ինչպես Վերսալի պայմանագիրը Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը միջպետական հարա¬բերությունների նոր համակարգ էր ձևավորում տարածաշրջանում: Այն նոր սկզբունքներ ու արժեքներ էր ներմուծում, ոչ միայն խաղաղություն, այլ  նաև արդարություն էր հաստատում Առաջավոր Ասիայում: 
 
Պայմանագիրը կազմվել էր ժամանակի ամենաառաջադեմ գաղափարների հիման վրա: Առանցքայինն այնտեղ ազգերի ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքն էր: Այն վերջ էր դնում կայսրությունների պարտադրած դարավոր ստրկու¬թյանը և ազատություն ու անկախություն պարգևում տարածաշրջանի ժողովուրդներին: 
 
Ավելին, պատմական տարածքներում ազգային պետություններ հիմնելու իրավունք տրամադրելով, այն բարենպաստ պայմաններ էր ստեղծում տարածաշրջա-նում մուսուլման և քրիստոնյա ժողովուրդների համակեցության, խաղաղ գոյակցության և տարածաշրջանի քաղաքակրթական բազմազանության պահպանման և հետագա զարգացման համար:  
 
Երկրորդ՝ Սևրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց և ամրագրեց Հայաստանի անկախությունը: Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես այդ փաստաթղթի իրավահավասար կողմ: Անկախության կորստից դարեր անց Հայաստանի իշխանություններն առաջին անգամ աշխարհի մեծ տերությունների հետ մեկտեղ կնքում էին միջազգային պայմանագիր: Հայաստանի Հանրապետությունը պայմանա¬գրում նախանշված սահմաններում ճանաչվում էր որպես միջազգային հարա¬բերու¬թյունների լիիրավ անդամ և միջազգային իրավունքի իրավահավասար սուբյեկտ: 
 
Պայմանագրի կողմ հանդիսանալու միջոցով ճանաչում էր ստանում նաև Հայաստանի և հայ ժողովրդի ներդրումը՝ Առաջին համաշխարհային պատերազմում դաշնակից պետություն¬ների կրած հաղթանակի և խաղաղության հաստատման գործում: Ընդգծվում և հավուր պատշաճի գնահատվում էր հայ ժողովրդի դերակատարումը միջազգային հարաբերու¬թյուններում և աշխարհի ետպատերազմյան կառավարման գործում:  
 
Երրորդ՝ Սևրի պայմանագիրն իր 89-րդ հոդվածով փաստում և ամրագրում էր հայ ժողովրդի պատմական անվիճելի առնչությունը Հայկական լեռնաշխարհի հետ, որտեղ հազար¬ամյակներ ի վեր ծնվել, ապրել և պետականություն ու մշակույթ էր կերտել հայ ժողովուրդը: 
Եվ վերջապես, Սևրի պայմանագիրը կնքվեց Հայոց Մեծ եղեռնի տարիներին հաջորդած ժամանակաշրջանում, երբ Օսմանյան կայսրությունը փորձում էր հայ ժողովրդի բնաջնջմամբ լուծել ‹‹Հայկական հարցը››: Հայ ժողովուրդը ենթարկվել էր ամենադաժան և անմարդկային տառապանքների: Հսկայական էին նրա կրած կորուստները: Մինչդեռ Սևրի պայմանագիրը ճանապարհ էր հարթում ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար: Հայ ժողովրդի պատմական բնօրրանում անկախ պետականության ստեղծման միջոցով արդարացի լուծում էր ստանում «Հայկական հարցը»: Վերականգնվում էր պատմական արդարությունը: Բարենպաստ պայմաններ էին ստեղծվում մեր ժողովրդի տնտեսական և ժողովրդագրական ներուժի վերականգնման, նրա բնականոն զարգացման և առաջընթացի համար: 
 
Չնայած Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը: 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 318 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար