Հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ


Հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ

  • 10-08-2020 13:07:14   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն

 
Օգոստոսի 9-ին Լիբանան մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի հետ: Հանդիպմանը ներկա էր Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը:
 
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Պատրիարքը նախևառաջ ներկայացրել է լիբանանահայության իրավիճակը և համայնքի կրած մարդկային և նյութական կորուստները: 
 
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանն օգնություն է ցուցաբերում Լիբանանի կառավարությանը, լիբանանցի եղբայրական ժողովրդին, ինչպես նաև հայ համայնքին: «Այս այցի նպատակն է նաև ավելի խորը հասկանալ, թե ինչպես կարող ենք աջակցել լիբանանահայ մեր հայրենակիցներին»,-շեշտել է Գլխավոր հանձնակատարը:
 
Ամենապատիվ Տերն իր խոսքում ընդգծել է, որ համայն հայությունը երկու սիրտ ունի՝ Հայաստանը և սփյուռքը, և ուրախություն է հայտնել, որ վերջապես հայ ժողովուրդը ազատ և անկախ հայրենիք ունի: Նա նաև կարևորել է 2 շաբաթ առաջ Արցախի կառավարությունից ստացված օգնությունը. «Մեր եղբայրները մեզ հետ են, և սա շատ գեղեցիկ ժեստ էր»:
 
Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ նախատեսվում են հումանիտար օգնության ևս 2 ինքնաթիռներ, որոնցով տեղափոխվող պարենամթերք և դեղորայքը փոխանցվելու է հայ համայնքին: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն