Սերժ Սարգսյանի դասը Լուկաշենկոյին. երբ չի մնում տարբերակ


Սերժ Սարգսյանի դասը Լուկաշենկոյին. երբ չի մնում տարբերակ

  • 10-08-2020 17:33:56   | Հայաստան  |  Վերլուծություն

2018-ի դեկտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մի առիթով անկեղծացել էր, թե Ալիեւի հորդորով փորձել է համոզել Սերժ Սարգսյանին «հանձնել հինգ շրջանները», որից հետո Հայաստանի տարածքով կանցներ Ադրբեջանից Եվրոպա գնացող գազամուղը: Լուկաշենկոն ասել էր, թե համոզելու փորձը ապարդյուն է եղել:
 
Ալիեւը զանգահարել է Լուկաշենկոյին, շնորհավորել հաղթանակի կապակցությամբ: Լուկաշենկոն էլ շնորհակալություն է հայտնել այդ ուշադրության համար: Օգոստոսի 9-10-ի գիշերը նրա համար եղել է շատ ծանր, թերեւս աննախադեպ ծանր, թեեւ գուցե ոչ միայն այդ, այլ վերջին ամիսների գիշերները: Դա նկատելի էր Բելառուսի նախագահի հոգեվիճակից, որ նկատելի էր նրա ելույթներից:
 
Չի բացառվում, որ այդ ամիսների ընթացքում նա հաճախ է հիշել Սերժ Սարգսյանին: Երբ օրինակ Պուտինը նրան համոզել կամ փորձել է պարտադրել Բելառուսը միացնել Ռուսաստանին, Լուկաշենկոն գուցե հիշել է, թե ինչպես էր ինքը համոզում Սերժ Սարգսյանին «հանձնել շրջանները»:
 
Սարգսյանը գնաց իշխանությունը հանձնելու ճանապարհով: Այլ հարց է, նրան մնացե՞լ էր ուրիշ ճանապարհ, Հայաստանի հանրությունը այլ ճանապարհ կամ տարբերակ թողե՞լ էր, թե ոչ, բայց Սարգսյանը գնաց անարյուն հանձնման ճանապարհով, թեեւ կասկած չկա, որ թե Հայաստանում, թե նաեւ Ռուսաստանում կլինեին շատ խմբեր ու շրջանակներ, որոնց համար Հայաստանում իշխանության անարյուն հանձնումը բոլորովին ընդունելի ճանապարհ չէր: Բայց Սարգսյանը կարողացավ անցնել հենց այդ ճանապարհով, որքան էլ գնահատականն այդ առնչությամբ հակասական լինի:
 
Այդ իմաստով, Հայաստանը 2018 թվականին իրեն թույլ տվեց մի բան, որը ներկայում շքեղություն է հետխորհրդային այն բոլոր երկրների համար, որտեղ իշխանության փոփոխություն՝ որպես այդպիսին, տեղի չի ունեցել ԽՍՀՄ փլուզումից ի վեր:
 
Բելառուսի նախագահը նախօրեին գիշերը գործնականում բաց է թողել այդ հնարավորությունը: Նա մեղադրում է արտերկրի ուժերին, Ռուսաստանից մինչեւ արեւմտյան երկրներ, որ ուզում են ապակայունացնել Բելառուսը: Գործնականում, Բելառուսի նախագահի այդ մեղադրանքը անելանելիության զգացումից է, պահը բաց թողնելու զգացումից: Նա չկարողացավ իրեն թույլ տալ Նազարբաեւի տարբերակը, եւ չի կարողանում օգտագործել նաեւ հայկական տարբերակի հնարավորությունը:
 
Իսկ տարբերակները սպառելը ավտորիտար կամ ամբողջատիրական համակարգերի համար կարող է վերածվել մղձավանջի, որովհետեւ Բելառուսն այդ իմաստով ի վիճակի չէ լինել ինքնաբավ ավտորիտարության կամ ամբողջատիրության երկիր: Այդպիսով չի բացառվում, որ Ռուսաստանին հաջողվեց հետխորհրդային տարածությունում իշխանության ճգնաժամի «էպիկենտրոն» դառնալուց եւ տեղափոխել այն Բելառուս: Դա չի նշանակում, որ Ռուսաստանի համար խնդիրը վերանում է, բայց առաջանում է ժամանակ շահելու հնարավորություն: Մոսկվային այդ հարցում կօգնեն ԱՄՆ-ն եւ Չինաստանը, քանի որ եվրասիական համակարգի լիակատար փլուզում՝ Ռուսաստանում իշխանության խնդրով, ձեռնտու չէ նրանցից որեւէ մեկին, եւ թերեւս նաեւ այդ համակարգում գտնվող երկրներին, այդ թվում Հայաստանին:
 
Միաժամանակ, այստեղ կա մեկ այլ նուրբ պահ, որն արժե ուշադրության: Վերջին ամիսներին նկատելի է, որ Հայաստանում էլ փորձ էր արվում առաջացնել իշխանության ճգնաժամի խնդիր: Բելառուսի իրադրությունից հետո  դուրս կգա՞ Երեւանն այդ խնդրի ռիսկի գոտուց: Ի դեպ, այդ իմաստով հատկանշական է, որ հենց այս օրերին «լռությունից դուրս եկավ» Սերժ Սարգսյանը, որը բաց չթողնելով ստեղծված պահն ու հանձնելով իշխանությունը, արդեն մեկ անգամ կամա թե ակամա դուրս բերեց Հայաստանը ռիսկային գոտուց:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն