Ալիեւի ղարաբաղյան մղձավանջը. փլվող իշխանության նոր հորատանցքը


Ալիեւի ղարաբաղյան մղձավանջը. փլվող իշխանության նոր հորատանցքը

  • 11-08-2020 10:29:17   | Հայաստան  |  Վերլուծություն

 

Ադրբեջանը վերադառնում է «Ղարաբաղ», նախօրեին հայտարարել է այդ երկրի նախագահ Ալիեւը, տալով այդ նավթահորի շահագործման մեկնարկը
 
Ալիեւը հույս է հայտնել, որ «Ղարաբաղ» անունը ստացած նավթահորը կշահագործվի հաջողությամբ: Ըստ Ալիեւի, նավթահորը Ադրբեջանի առաջին հետխորհրդային հորատանցքն է, քանի որ մյուսները սկսել էին շահագործվել ԽՍՀՄ շրջանում: Նա միաժամանակ ասել է, թե արտասահմանցի գործընկերները հետխորհրդային փուլի առաջին տարիներին չհավատացին Ադրբեջանի նոր հորատանցքի էֆեկտիվությանը եւ հեռացան, բայց իրենք շարունակեցին ուսումնասիրությունն ու ահա տալիս են մեկնարկը:
 
Միաժամանակ, իր նոր հորատանցքի առիթով արարողությանը Ալիեւը բաց չի թողել հնարավորությունն անդրադառնալու նաեւ Արցախին, նշելով, թե «Ազգային ճակատի եւ Մուսավաթի պատճառով կորցրեցին Ղարաբաղը, բայց վերադառնալու են «իրենց Ղարաբաղ»»:
 
Ադրբեջանի նախագահի խոսքը թերեւս աղերս ունի «քաղաքական շիզոֆրենիայի» հետ, այն իմաստով, որ Ալիեւն ըստ ամենայնի շուտով կսկսի «Ղարաբաղ» անվանակոչել իր տունը, որտեղ ապրում է, հայտարարելու համար, որ ինքն ամեն օր «վերադառնում է Ղարաբաղ»:
 
Նոր հորատանցքի առնչությամբ նրա ոգեւորությունը հասկանալի է՝ դա հնարավորություն է լրացուցիչ փողի համար, որը կարող է թույլ տալ մեղմել սոցիալ-տնտեսական, քաղաքական խնդիրները, կարող է թույլ տալ գործարք առաջարկել արտասահմանյան գործընկերներին, այդպիսով փրկելով իշխանությունը, որը լրջորեն երերաց Տավուշի ուղղությամբ սադրանքին հայկական զինուժի տված պատասխանից հետո:
 
Միաժամանակ նա իհարկե պատկերացնում է, որ հորատանցքերը չեն կարող լինել այնքան, որ ծածկեն Արցախը «վերադարձնլու» նրա հոխորտալից խոստումները, որոնց վրա նա կառուցել է իր իշխանությունը եւ փաստացի ադրբեջանական պետության կյանքն ընդհանրապես: Ի վերջո, Ադրբեջանի նախագահը իր հանրությանն ասել է, որ նավթը հենց նրա համար է, որ «հետ բերեն» Արցախը: Նա այդպես է «բացատրել» այն, թե ինչու այդ նավթի տնտեսական էֆեկտը չի հասնում ադրբեջանցիներին, այլ վերածվում է սպառազինության, դրանով նաեւ ծածկելով մյուս՝ տարատեսակ օֆշորներում հանգրվանող միլիարդները:
 
Մինչդեռ, հոխորտալից խոստումն իրականացնելը ոչ միայն մեղմ ասած հնարավոր չէ, ինչպես ցույց տվեց 2016-ի ապրիլը, այլ հղի է նոր կորստի վտանգով, ինչպես ցույց տվեց 2020 հուլիսը: Զինվորի կյանքը Ալիեւի համար արժեք չունի, արժեք ունի սեփական իշխանությունն ու կյանքը: Իսկ Տավուշում նա զգաց, թե այդ առնչությամբ որքան մոտիկ են ինքն ու սահմանը, երբ ավանդական թվացող սադրանքը վերաճեց Բաքվում իշխանության ճգնաժամի:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play