Հայաստանը երրորդ թռիչքով Բեյրութ կուղարկի ավելի քան 12 տոննա հումանիտար աջակցություն


Հայաստանը երրորդ թռիչքով Բեյրութ կուղարկի ավելի քան 12 տոննա հումանիտար աջակցություն

  • 11-08-2020 16:52:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի Հանրապետության կառավարությունն օգոստոսի 11-ին հումանիտար աջակցության պարագաներով լի երրորդ օդանավը կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշեց, որ այս անգամ ուղարկվող հումանիտար օգնությունը կլինի ավելի քան 12 տոննա:
 
Հայաստանից առաջին չվերթը կայացել է օգոստոսի 8-ին, երկրորդը՝ օգոստոսի 9-ին: Ինքնաթիռները Լիբանան են տեղափոխել Հայաստանի կառավարության հումանիտար օգնությունը, որը պարունակել է դեղորայք և բժշկական պարագաներ, նախատեսված օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն ցույց տալու համար:
 
Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։
 
Նորայր Շողիկյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը