Շիրակում ազդարարվել է գյուղական բնակավայրերի անօթևանության խնդրի լուծման շինարարական ծրագրի մեկնարկը


Շիրակում ազդարարվել է գյուղական բնակավայրերի անօթևանության խնդրի լուծման շինարարական ծրագրի մեկնարկը

  • 11-08-2020 17:29:21   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Շիրակի մարզի Բասեն բնակավայրի՝ Մարտիկյաններին պատկանող տան շինարարությամբ օգոստոսի 11-ին Շիրակի մարզում ազդարարվեց գյուղական բնակավայրերի անօթևանության խնդրի լուծման ծրագիրը՝ բնակարանաշինության միջոցով:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ծրագրի շրջանակներում   ծրագրի շահառու ճանաչված 55 ընտանիքի համար կառուցվելու են բնակելի տներ՝  մարզի 8 գյուղական բնակավայրերում՝ Ջաջուռում 1 տուն, Մայիսյանում՝ 4, Շիրակում՝ 3, Մարմաշենում ՝3, Բասենում 5, Սառնաղբյուրում՝ 8, Գուսանագյուղում 3 և  Ջրաձորում՝ 28: Սա  մարզում առաջին ծրագիրն է, որ իրականացվում է պետություն-հասարակական կազմակերպություն-բնակիչ ձևաչափով:
 
Պետության կողմից հատկացված միջոցների հաշվին ծրագիրն իրականացվում է «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից:    Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն  ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանը մինչ այս պայմանագիր են ստորագրել մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցու­թյամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակելի տների կառուցման շինարարական աշխատանքների կազմակերպման մասին։
 
«Բնակարանային շինարարություն կիրականացվի մարզի 8 բնակավայրում, կկառուցվի 55 բնակելի տուն՝ 961 մլն 78 հազար դրամի շրջանակներում։ 28 տուն կկառուցվի Ջրաձորում, 27 տուն՝ 7 այլ բնակավայրում։ Ըստ պայմանագրի, բնակիչն անձամբ հնարավորություն ունի շինարարությունն իրականացնել կամ կարող է գտնել իր ուզած շինարարին, որն իրականացնելու է աշխատանքները։ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը կիրականացնի շինանյութի առաքման, անհրաժեշտ տեխնիկասարքավորումների հատկացման և ընդհանրական շինաշխատանքների կազմակերպումը»,-լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ կարևորելով ոչ միայն  այն հանգամանքը, որ շինարարոթյան ողջ ընթացքը կարող է վերահսկվել բնակչի կողմից, այլ նաև այն, որ բնակիչն ինքը կարող է մասնակցել իր տան շինարարությանն ու վարձատրվել։
 
«Աշխատանքերի մեկնարկն արդեն տրված է նոր կառուցվող տների համար սկսել ենք հողային և հիմնային  աշխատանքներ, աշխատանքները սկսել ենք նաև  կիսակառույց 3 տների  շինարարության հետ կապված, ևս 4-ի հետ նախագծային աշխատանքներ են տարվում»,-նշեց  Աշոտ Եղիազարյանը
 
Խոսելով մարզում գյուղական բնակավայրերում անօթևանության խնդրի լուծման մասին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը վստահեցնում  է՝  բնակարանային շինարարության ու բնակարանի գնման վկայագիր ծրագրի արդյունավետ ավարտից հետո՝ պետությունն իր կողմից լուծված կհամարի մարզում գյուղական բնակավայրերի անօթևանության  խնդիրը:
 
Շիրակի մարզում գյուղական անթևանության խնդրի լուծման համար ՀՀ  կառավարությունը հատկացրել է  988 մլն 143 000 դրամ գումար:
 
Արմենուհի Մխոյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը