Մյասնիկյան գյուղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է համագյուղացուն դանակահարելու կասկածանքով


Մյասնիկյան գյուղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է համագյուղացուն դանակահարելու կասկածանքով

  • 12-08-2020 15:45:26   | Հայաստան  |  Իրավունք

2020թ. օգոստոսի 10-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Արմավիրի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի կտրած-ծակած վնասվածք  ախտորոշմամբ  բժշկական կենտրոն է դիմել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի 28-ամյա բնակիչը և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց բակում՝ վայր ընկնելու հետևանքով:
 
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ  ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող հողատարածքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Մյասնիկյան գյուղի 28-ամյա բնակչին՝  պատճառելով ծանր մարմնական վնաս:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում  հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)  1-ին մասով: Մյասնիկյան գյուղի  28-ամյա բնակչը ճանաչվել է տուժող:
 
Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ տուժողի 34-ամյա համագյուղացին ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Բաղրամյանի բաժին: Վերջինս  ձերբակալվել է՝ համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:
 
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ կասկածյալի մասնակցությամբ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը, առգրավվել են դեպքի կատարման պահին տուժողի հագին  եղած հագուստները, որոնց վրա եղել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք