Մեղրի-Երևան ավտոճանապարհին 4 հոգու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ


Մեղրի-Երևան ավտոճանապարհին 4 հոգու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

  • 12-08-2020 15:15:41   | Հայաստան  |  Իրավունք

2020թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 199-րդ կմ հատվածում իրար են բախվել «Մերսեդես-Բենց Ակտրոս 4141» մակնիշի և «Տոյոտա 4 Ռաններ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Տոյոտա 4 Ռաններ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝  Երևան քաղաքի 48-ամյա բնակիչը, վերջինիս 36-ամյա կինը և նրանց երկու անչափահաս երեխաները ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ), որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
 
Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների և դիակների զննություն, նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական, դատաավտոտեխնիկական և դատատեխնիկական համալիր փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:
 
Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
Նոյյան տապան  -   Իրավունք