Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավանում բացվլ է Հայփոստի նորացված մոդելի բաժանմունք

12-08-2020 18:36:27   | Տավուշի մարզ  |  Հասարակություն
 


 
Հայփոստը սկսում է
զարգացման նոր ընդգրկուն ծրագիր սահմանամերձ գյուղերում: 
 
Օգոստոսի 12-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղում կայացավ Հայփոստ ընկերության կոնցեպտուալ նոր տիպի բաժանմունքի բացումն ու գործարկումը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական  արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:  
«Գյուղում՝ ինչպես քաղաքում» կարգախոսի ներքո մեկնարկած Հայփոստի՝ զարգացման նոր ընդգրկուն ծրագրի շրջանակներում, նախատեսվում է սահմանային համայնքներում փոստային ենթակառուցվածքի արդիականացման միջոցով հասանելի դարձնել պետական, ֆինանսական, բանկային մի շարք ծառայություններ, ինչպես նաև՝ օպտիկական մանրաթելի միջոցով ապահովել գերարագ ինտերնետի հասանելիություն: Ծրագրի մեկնարկը տրվեց Բարեկամավան գյուղում, քանի որ վերջինս պարբերաբար գնդակոծվում է ադրբեջանական դիրքերից և Տավուշի մարզի առավել տուժած համայնքներից է: 
 
Գյուղի նախկին փոստային շենքը բարվոք վիճակում չէ և գնդակոծման մշտական վտանգի տակ է: Նոր շենքը կառուցվել
է փոստի հին շենքի հարևանությամբ, բայց առավել պաշտպանված տեղում: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով և ապահովում է Հայփոստի կողմից մատուցվող ծառայությունների ամբողջ սպեկտրը: 
«Նախատեսում ենք ժամանակակից տեխնոլոգիաների մի ամբողջ համակարգ ներդնել սահմանային գյուղերի մեր բաժանմունքներում: Վստահ եմ, որ Տավուշի սահմանամերձ հատվածում Հայփոստի առավել ընդգծված ներկայությունն ու արդիականացումը  զուտ փոստային կապի զարգացման գործոնից բացի՝ կունենա լուրջ հոգեբանական, սոցիալական և բարոյական ազդեցություն: Մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին երկրում իրականացվող արդիականացման գործընթացին հաղորդակից դարձնելն այսօր չափազանց կարևոր է: Երիտասարդները շատ դեպքերում լքում են իրենց համայքները համապատասխան որակյալ  ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Մենք մեր բաժանմունքով Բարեկամավան ենք բերում որակյալ փոստային ծռայաություն և լայնաշերտ կապ: Սրանք հնարավորություն կտան գյուղի երիտասարդներին ինտեգրված աշխատել, կրթվել, մրցունակ լինել աշխարհի իրենց տարեկիցների հետ և զարգացնել իրենց հմտություններն ապրելով հարազատ համայնքում: Հուսով եմ, որ մեր և այլ կառույցների գործուն քայլերի շնորհիվ սահմանային գյուղերում կավելանան երիտասարդները, նոր ձևավորվող ընտանիքները, իսկ դպրոցներում՝ նոր դասարանները: Բարեկամավանով սահմանային համայնքներում մեկնարկում ենք նոր մեծ ծրագիր, որի իրականացման գործընթացում լիահույս ենք ունենալ նաև ՀՀ կառավարության ծանրակշիռ աջակցությունը», - նշեց Հայկ Կարապետյանը:
 
Բարեկամավան գյուղում կառուցվել է կոնցեպտուալ նոր սերնդի փոստային բաժանմունք, որը մշակվել է Հայփոստի մասնագետների կողմից: Նոր մոդելը կկիրառվի Հայաստանի Հանրապետության այն բնակավայրերում, որտեղ Հայփոստը չունի տարածք կամ որտեղ հին շենքը հնարավոր չէ վերանորոգել:
 
Նոր մոդելն ունի ժամանակակից տեսք, ապահովում է ռեսուրսների մեծ օպտիմալացում: Նոր կոնցեպտի բոլոր կառույցները պատրաստվելու են թեթև կոնստրուկցիաներով՝ մետաղ, ապակի և ջերմամեկուսիչ նյութեր: 
 
Նոր շարքի բոլոր մոդելների առանձնահատկությունն այն է, որ նրանք միտված են ապագային, հագեցած են տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններով: Բաժանմունքներն, անկախ չափսից, պետք է ապահովեն Հայփոստի առկա և ապագայում նախատեսվող գործառույթների ամբողջական սպեկտրը: Անկախ հեռավորությունից՝ Հայաստանի ամբողջ բնակչությանն իր իսկ բնակավայրում պետք է մատուցվեն նույն մակարդակի որակյալ ծառայություններ, այդ թվում՝  ժամանակակից կապի, ֆինանսական, պետական և էլեկտրոնային պետական ծառայություններ:
 
 
«Հայփոստ» ՓԲԸ
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 364 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար