Օգոստոսի 12-ին Իլհամ Ալիեւը զանգել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ալիեւի խոսքով, Տավուշում «Հայաստանի ռազմական հարձակման» նպատակն էր երրորդ կողմերին ներգրավել հայ-ադրբեջանական հակամարտությունում։
Նա նաեւ նկատել է, որ հուլիսի 17-ից ավելացել է Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության բեռների փոխադրման ինտենսիվությունը, եւ դա դժգոհություն ու հարցեր է առաջացնում ադրբեջանական հանրությունում։ Նրա խոսքով, Ռուսաստանից Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Իրանի օդային տարածքով Հայաստան է փոխադրվել ավելի քան 400 տոննա ռազմական նշանակության բեռներ։
Ընդ որում, կողմերը հայտնել են, որ մտադիր են ավելի ամրապնդել ադրբեջանա-ռուսական գործընկերությունը բոլոր ոլորտներում։ Ալիեւը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրացման կապակցությամբ։
Ի՞նչ է փորձում Ալիեւը։ Միգուցե Ռուսաստանի երկարամյա խաղի շարունակություն, որը «հավասարակշռության պահպանման» համար մեկ սպառազինություն է վաճառում Հայաստանին, մեկ ավելացնում վաճառքներն Ադրբեջանին։ Ալիեւը փորձու՞մ է վերականգնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական գործարքները եւ նոր ժամանակակից սպառազինություն ստանալ։ Թե՞ զանգն արվել է ապագայում Բաքվի ու Անկարայի ինչ-ինչ քայլեր արդարացնելու համար։
Թուրքիան ու Ադրբեջանը մտադի՞ր են Նախիջեւանում տեղակայել Ռուսաստանից Թուրքիայի գնած C-400 համալիրները։ Չի բացառվում, որ Ալիեւի՝ նախատինքով զանգը Պուտինին ուղղված է այդ համալիրներն Ադրբեջանում տեղակայելուն։ Թե՞ Ալիեւը Պուտինին խնդրում է թույլ չտալ այլ զենքի տեղակայում տարածաշրջանում։
Թե՞ Բաքուն եւ Անկարան շտապում են, քանի որ առաջիկայում հնարավոր է շրջանում զսպման մեխանիզմների տեղակայման ուղղությամբ ակտիվ դիվանագիտական աշխատանք:
Վերջերս Եվրախորհրդարանի 29 պատգամավորներ նամակ են ուղարկել ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Ժոզեպ Բորելին։ Նրանք կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին ընդունել ԵԱՀԿ առաջարկած հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմները։
Պատգամավորները հիշեցնում են, որ Հայաստանը համաձայնել է քննարկել մեխանիզմի ներդրման մանրամասները եւ ընդգծում են, որ Ադրբեջանը նույնպես պարտավոր է անել դա։
Հայաստանը բազմիցս արտահայտվել է միջազգային մեխանիզմների ներդրման մասին, եւ Ալիեւը դրան կարող է խանգարել, եթե Մոսկվան օգնի։