Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների ընթացքում ռմբակոծությունից տուժած Բերդ քաղաքում անցկացվել է «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով ծրագիրը:
Այս մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ միջոցառման ընթացքում կատարումներով հանդես են եկել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, ջազմեն Վահագն Հայրապետյանը:
«Ամուր ենք մեր բանակով ու մշակութային թիկունքով: Երեկ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի տան հարակից տարածքում համերգային կատարումներով հանդես են եկել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, ջազմեն, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը»,- գրել է Հարությունյանը:
Միջոցառման ընթացքում Վարսենիկ Ավանյանը կատարել է հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ, իսկ Վահագն Հայրապետյանը ներկայացրել է հեղինակային, ինչպես նաև հայտնի ու սիրված ջազ մեղեդիների սեփական մշակումները: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: