Արսեն Թորոսյանը հրաժարակա՞ն է ներկայացրել (Տեսանյութ)


Արսեն Թորոսյանը հրաժարակա՞ն է ներկայացրել (Տեսանյութ)

  • 24-08-2020 18:03:59   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



1in.am-ը գրում է․ 
Օգոստոսի 23-ին Հայաստանը հիշում էր Անկախության հռչակագիրը, դրա 30-ամյակը: Հայկական համացանցն ու լրահոսը լցված էր Անկախության հռչակագրով, որն ընդունվեց երեք տասնամյակ առաջ՝ օգոստոսի 23-ին, Հայաստանի դեռևս պաշտոնապես անկախություն չարձանագրած Հայաստանի Գերագույն խորհրդում:
Հռչակագիրը այսօր գնահատվում է իբրև ելակետային, խորհրդանշական մի ակտ՝ ավելի շուտ դիտարկվելով կամ մեկնաբանվելով զգայական տիրույթում, որովհետև Անկախության հռչակագրին նախորդած երեք տասնամյակում Հայաստանն անցել է այնպիսի խութերով և այնպիսի ռազմաքաղաքական իրադարձություններով, որոնք անկասկած բազմակի ավելի ուժեղ են եղել իրենց թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ նաև զգայական ազդեցությամբ: Եվ այդ ընթացքը, ցավոք սրտի, շարունակվելու է: Ցավոք սրտի այն իմաստով, որ շարունակվելու է ընթացքը խութերով, քանի որ դա գրեթե անխուսափելի է դարձնում այսօրվա աշխարհը, այն, ինչ այսօր կատարվում է միջազգային տրամաբանության համատեքստում:
Ըստ այդմ՝ Անկախության հռչակագիրը, իհարկե պատմաքաղաքական կարևոր փաստաթուղթ և հիշողություն լինելով հանդերձ, պրակտիկ առումով բավականին դուրս է օրվա ռազմաքաղաքական իրողությունների ամբողջական շրջանակից և քիչ հիմք է պարունակում այդ շրջանակում Հայաստանի կենսունակության համար: Մեծ հաշվով, հնարավոր է արձանագրել, որ օգոստոսի 23-ին ընդունված փաստաթուղթը իրականում գրվել է հաջորդ 30 տարիների ընթացքում՝ բոլոր սխալներով ու բացթողումներով, վրիպումներով և ողբերգություններով, միաժամանակ անշուշտ հաղթանակներով ու ձեռքբերումներով հանդերձ:
Եվ այստեղ կա թերևս գլխավոր խորհուրդը՝ Անկախությունն ու պետականությունը տեքստը չէ, այլ կյանքը, որն արժևորում կամ արժեզրկում է տեքստերը: Ի վերջո, նայելով պատմության երեսին՝ պետք է ասել, որ օգոստոսի 23-ին ոչ մի փաստաթուղթ չընդունելու պարագայում էլ մենք թերևս անցնելու էինք այն ճանապարհը, որ անցանք: Դա ամենևին չի նսեմացնում Հռչակագիրը, այլ հակառակը՝ մեզ ստիպում է առավել սթափ և իրատես լինել պատմաքաղաքական անցուդարձն ու անցքերը գնահատելիս՝ դրանց ծուղակում կամ խաբկանքում չհայտնվելու համար:
Մեծ հաշվով, մենք դեռ պետք է գրենք մեր Անկախության հռչակագիրը, իր ռազմաքաղաքական ընդգրկման իմաստով այն կիսատ է, և օգոստոսի 23-ը մեզ համար պետք է լինի այդ պարբերական հիշեցումը, որ մենք ունենք գրելիք՝ մեր կյանքով գրելիք Հռչակագիր:
Միաժամանակ պետք է արձանագրենք նաև, որ մենք չպետք է ունենանք այն ավարտելու պատրանք կամ մոլորություն: Անկախության հռչակագիրն ունի շարունակ գրվելու կարիք, բայց այն չի ունենալու ավարտ, այն պետք է գրվի անընդհատ, Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների ու նաև համայն հայության համար ամեն անցնող օր պետք է բերի Անկախության հռչակագրի նոր էջ:
 
Lragir.am-ը գրում է․
Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեքսանդր Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է Մինսկ եւ Անկախության պալատը պաշտպանող ուժայիններին է երեւացել ինքնաձիգը ձեռքին եւ զրահաբաճկոնով: Նա շնորհակալություն է հայտնել ուժայիններին եւ ասել, թե  կլուծեն բոլոր հարցերը:
Ու՞մ հարցերն է պատրաստվում լուծել Լուկաշենկոն, իր հեռացումը պահանջող ժողովրդի՞, թե՞ «մութ ուժերի», որոնց նա մեղադրում է Բելառուսն ապակայունացնելու համար: Ընդ որում հատկանշական է, որ Լուկաշենկոն այդ հարցում նախ մեղադրում էր Ռուսաստանին՝ դեռեւս ընտրությունից առաջ, հետո սկսեց մեղադրել Լեհաստանին, Չեխիային, այլ եվրոպական երկրների, ասելով, թե այնտեղ են մշակվում Բելառուսի բողոքի ակցիաների հետ կապված ծրագրերը: Հատկանշական էր այն, որ նրա այդ մեղադրանքների ֆոնին Չեխիա ժամանեց ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն, որի հետ Լուկաշենկոն ամիսներ առաջ ռազմավարական համաձայնության էր եկել ռուսական նավթի ամերիկյան այլընտրանքի հարցում: ԱՄՆ սակայն ընտրությունից հետո դատապարտել է ուժային գործողությունը եւ չի ճանաչել պաշտոնական արդյունքը:
Նախորդ շաբաթավերջին Լուկաշենկոն արդեն շատ ուզում էր խոսել Պուտինի հետ, եւ խոսեց, սակայն պարզ չէ, թե հատկապես ինչ արդյունքով, եւ ընդհանրապես՝ ինչի մասին: Հայտնի է, որ նա Ռուսաստանին վերադարձրեց ձերբակալված բոլոր 32 վագներականներին կամ այլ կերպ ասած՝ Կրեմլի ստվերային զորքի անդամներին, թեեւ մինչ ընտրությունը խոսում էր այն մասին, թե կարող է նրանց մի մասին փոխանցել Ուկրաինային՝ Դոնբասում հանցագործությունների առնչված լինելու համար:
Լուկաշենկոն Պուտինի հետ խոսելու ցանկությունն արտահայտելիս ասել էր նաեւ, թե դա կարեւոր է, որովհետեւ այն, ինչ կատարվում է Բելառուսում, սպառնալիք է ոչ միայն իր, այլեւ «միասնական պետության» համար: Միասնական պետություն՝ մի բան, որ Լուկաշենկոն ընտրությունից առաջ մերժում էր, կամ հայտարարում, թե հերոսաբար մերժում է դրա վերաբերյալ Պուտինի պահանջները: Չի բացառվում, որ հնարքը չանցավ, բելառուսները չհավատացին, որ Լուկաշենկոն է պաշտպանելու ինքնիշխանությունը Ռուսաստանի պահանջներից:
Նրանք էին ճիշտ, Լուկաշենկոն՝ սխալ, թե՞ հակառակը, դժվար է ասել, որովհետեւ այն, ինչ ծավալվում է Բելառուսում, ըստ ամենայնի բոլորովին սեւ-սպիտակի տրամաբանության մեջ չէ: Մի բան է անկասկած, որ Բելառուսի ժողովուրդը հոգնել է 26-ամյա փաստացի միապետական մոդելից եւ ուզում է փոփոխություն: Լուկաշենկոն անկարող է եղել գտնել փոփոխության որեւէ կենսունակ մոդել: Փոփոխությունը Բելառուսում դարձել է անխուսափելի, ամբողջ հարցն այն է, թե ով է այն իրականացնելու եւ ում ձեռքով:
Ըստ այդմ էլ հետաքրքիր է, թե ո՞վ է զենք տվել Լուկաշենկոյի ձեռքը եւ հագցրել զրահաբաճկոն: Որովհետեւ դա փաստացի հայտարարություն է պատերազմի մասին: Ով ու՞մ է հայտարարել այդ պատերազմը Լուկաշենկոյի միջոցով: Թե՞ նա է պատերազմ հայտարարել բոլորին: Մի քանի օր առաջ նա ազդարարել էր, թե իրեն կարող են հեռացնել միայն սպանելով: Հազիվ թե դա խոսք էր ուղղված բելառուսցիներին: Բայց ու՞մ էր այն ուղղված եւ դեռ ինչքան կփոխի Բատկան մեղադրանքների սլաքները:
Թե՞ ինքնաձիգը վկայում է, որ սլաքներ փոխելու ռեսուրսն այլեւս սպառված է, ինչպես սպառվել է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ շանտաժով խաղալու նրա ավանդական մեթոդաբանությունը: Ինքնաձիգն էլ գուցե շանտաժ է, բայց արդեն վերջինը: Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդն այլեւս ինքը չի խաղում, այլ խաղում են իրենով:
 
Armlur.am-ը գրում է․
Թեեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է. «Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է առաջացնում»: Ոչ միայն վարչապետը, այլ նաեւ իշխանության շատ այլ ներկայացուցիչներ էլ հայտարարել են, որ թավշյա հեղափոխությունից հետո իրենք ուշադրություն չեն դարձնում բարեկամական կապերին եւ հատկապես աշխատանքի հարցում երբեք չեն առաջնորդվում այդ կապերով:
Դեռ ամիսներ առաջ գրել էինք Գլխավոր դատախազության ներսում առկա ծանոթ-բարեկամական կապերի մասին: Այստեղ տարածված բարեկամության տեսակը քավոր-սանիկությունն է, որի մասին այս տարվա մայիսի 10-ին հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` ասելով, որ դատախազական համակարգում կան մարդիկ, որոնց հետ սանիկ-քավոր հարաբերություններ ունի։
Ու պարզվում է` դատախազը կարեւորագույն գործերով հույսը դնում է հենց իր սանիկների վրա եւ դեռ ավելին նրանց նոր պաշտոնների էնշանակում : Եվ ահա, Օրերս ՀՀ գլխավոր դատախազի սանիկ Կարեն Գաբրիելյանը ազատվեց Շիրակի մարզի դատախազի պաշտոնից եւ նոր պշտոն ստացավ ՀՀ գլխավոր դատախազությունում : Այսօր էլ աշխատանքից ազատման դիմում էր գրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը եւ նրա փոխարեն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվեց Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը :
Ի դեպ Գևորգ Բաղդասարյանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին մեղադրող դատախազներից մեկն է: Ստացվում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է իրեն շրջապատել մտերիմ ու հավատարիմ դատախազներով:
 
Freenews.am-ը գրում է․
Լուրեր են շրջանառվում, որ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Դա կապում են նրա հետ, որ Արսեն Թորոսյանը փակել է ֆեյսբուքյան իր երկու էջերը: Լուրի իսկությունը ճշտելու համար Freenews-ը փորձեց կապ հաստատել ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play