Նոր և ուշագրավ զարգացումներ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Նոր և ուշագրավ զարգացումներ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 28-08-2020 13:33:14   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդեպ հարուցված քրեական գործով արդեն 20 մեղադրյալ է ներգրավված, չնայած նախաքննական մարմինն այս հարցով շատ բացահայտումներ դեռ չի անում: Ինչպես հայտնի է, հունիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Այնուհետև ԱԱԾ-ն հունիսի 15-ին հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ երեք առանձին դեպքի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել։
Դրանից հետո Գագիկ Ծառուկյանը հրավիրվեց ԱԱԾ` նշված գործերով հարցաքննության։ ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ քրեական գործերից մեկը վերաբերում է 2017թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր և համակարգային բնույթ կրող դեպքերին, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ կուսակցության անդամները: Ապա Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խումբը Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված խուզարկությունը համարել էր ապօրինի և ՀՀ վերաքննիչ դատարան այն անօրինական համարելու համար բողոք էր ներկայացրել: ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է վերջիններիս բողոքը և օրինական է համարել ԱԱԾ-ի գործողությունները, որից հետո Ծառուկյանի պաշտպանական խումբը դիմել է Վճռաբեկ դատարան»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած հավաստիացումներին, որ ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք» համագործակցությունը շարունակում է գործել, այն, ըստ էության, գոյություն չունի: Այս կուսակցությունները միավորվել էին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջով, սակայն խնդիրն այն է, որ այս ուժերը այդպես էլ չգիտեն, թե ինչպես կարելի է հասնել այդ պահանջի իրականացմանը:
Նրանք չունեն հանրային աջակցություն, որ այդ ուժով պարտադրեն իշխանությանը գնալ արտահերթ ընտրությունների, ուստի միակ հույսը մնացել է, որ իշխանությունը ներսից կկազմաքանդվի և կգնա նման քայլի, ինչը, մեղմ ասած, այնքան էլ իրատեսական չէ»:
 
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները բավական խառն են և չեն հասկանում, թե ի վերջո ինչպես են լուծելու ՍԴ խնդիրը, մասնավորաբար չեն կողմնորոշվում՝ ՍԴ անդամների ընտրությունը կազմակերպելու հարցում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, գործադիրում հիմնականում հակված են հարցի քննարկումը արտահերթ կարգով կազմակերպելուն, որպեսզի մինչև հերթական նստաշրջանի մեկնարկը կարողանան ՍԴ անդամներ ընտրել, օրենսդիրում այս մոտեցման հետ, մեղմ ասած, այնքան էլ համամիտ չեն։
Իշխող ֆրակցիայում բավական մեծ թիվ են կազմում նրանք, որոնք ցանկանում են թեման քննարկել հերթական նիստերի ընթացքում՝ հանգամանալից և բովանդակալից, այլ ոչ թե արձակուրդային շրջանում արտահերթի ռեժիմով, «ոտքի վրա»։ Թե որ տարբերակը «հաղթող» դուրս կգա, դժվար է ասել, սակայն, մեր տեղեկություններով, խմբակցությունների ղեկավարներին զգուշացվել է, որ ամեն դեպքում պատգամավորները «շատ հեռու չգնան», որպեսզի անհրաժեշտության դեպքում արագորեն կարողանան հավաքվել»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանը հայտարարել էր, որ ազատման դիմում է ներկայացրել: «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմությունն այս փուլում այլևս ավարտված է ինձ համար։ ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել իմ կամքով և փոխհամաձայնեցված որոշմամբ»,-հայտարարել էր Առաքելյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանից հետո այդ ոլորտում աշխատանք գտնելու բոլոր դռները փակվել են նրա առջև, քանի որ նախարար Արայիկ Հարությունյանն ամեն ինչ արել է, որ նրան ոչ մի տեղ աշխատանքի չընդունեն: Ըստ մեր տեղեկությունների՝ Առաքելյանի ջանքերը՝ տարբեր ձևերով աշխատանքի ընդունվելու պետական որևէ հաստատությունում, ապարդյուն են անցել: Վերջինս ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է հայտնվել, քանի որ երկար ժամանակ է՝ աշխատանք չունի: Ու, ըստ մեր տեղեկությունների, Առաքելյանը որոշել է լքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը: Մենք տեղեկացանք, որ նախկին փոխնախարարն իր կուսակցությանը տեղեկացրել է այդ մասին, ավելին՝ հայտնել, թե որն է այդ ամենի պատճառը: Մենք ողջ օրը փորձեցինք տեղեկությունը ճշտել Լուսինե Առաքելյանից, սակայն վերջինս մեր հաղորդագրություններին ու զանգերին չպատասխանեց»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը ««Օլիմպ» արտադրական կոոպերատիվը՝ ընդդեմ Հայաստանի» գործի մասին է, և հրապարակված վճռի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է դիմումատուին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում վճարել 2,400 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Սակայն սա միակ վճիռը չէ. արդեն «Անահիտ Մկրտչյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով կառավարությունը պետք է վճարի 26 հազար եվրոյին համարժեք դրամ:
Նշենք, որ 2001 թվականի հոկտեմբերի 30-ին Անահիտ Մկրտչյանի որդին մահացել է իր գումարտակի հրամանատարի գրասենյակում գլխին ստացված հրազենային վնասվածքից: Միջադեպի պաշտոնական բացատրության համաձայն՝ մեկ այլ զորակոչիկ պատահաբար կրակել է Անահիտ Մկրտչանի որդու վրա: Սակայն սպանության մեջ Մկրտչյանը կասկածում է հրամանատարին, որը, ըստ նրա, ծաղրի է ենթարկել իր որդուն և գումար շորթել նրանից: Մեկ շաբաթ անց զորակոչիկներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով անփութությամբ սպանության համար: ՄԻԵԴ-ը գործում արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի) խախտում։ Եվ հերթական անգամ նախկինների սխալների համար գումարներ է տալիս այս կառավարությունը»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունն այդպես էլ ոչ մի գործուն միջոցառում չձեռնարկեց սպանդանոցային մորթի մասին օրենքը գործողության մեջ դնելու համար, թեև օրենքը արդեն երկու ամիս է, ինչ ուժի մեջ է մտել:
Մեր տեղեկություններով՝ այժմ վաճառվող մսի ընդամենը 5-10 տոկոսն է մորթվել օրենքին համապատասխանող պայմաններում: Իշխանությունը կոշտ պարտադրանքի չի գնում դժգոհության ալիք չբարձրացնելու նկատառումով»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձերբակալված քրեական հեղինակությունները՝ «օրենքով գողերը», զբաղված են դատարանների հետ իրենց հարցերի կարգավորմամբ։ Մասնավորապես, տարբեր կապերով փորձում են հասնել նրան, որ դատարանները կալանք չնշանակեն։
Հիշեցնենք, որ միայն վերջին մի քանի օրում ձերբակալվեց երկու «օրենքով գող»՝ Զապը և Օշականցի Գևորիկը։ Վերջինիս հետ ևս երեք քրեական հեղինակություն և զոն նայող։
Վերջիններից ոչ մեկը կալանավորված չէ։ Պարզապես զավեշտալի է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարող երկրում «օրենքով գողերը» դատարաններում հարց են լուծում և վստահ են, որ նոր Հայաստանի դատարանները իրենց չեն կալանավորի»։
Նախարարները լավ չեն աշխատում. Ինչու էր զայրացել Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին կոպիտ խոսեց ««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի քննարկման ժամանակ: Բանն այն է, որ այդ կարևոր նախագծի քննարկմանը, որն արդեն մշակվում է երկու ամիս, կառավարության անդամները եկել են հանպատրաստից, քանի որ միայն երեկ էին ստացել այդ ծավալուն փաստաթուղթը և չէին հասցրել ուսումնասիրել: Եվ հենց այդ հանգամանքն էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթն առաջացրեց, որը փորձեց հասկանալ, թե ինչու է այդպես ստացվել, որ կարևոր նախագծերը նախապես չեն քննարկվում, և նույնիսկ ամենափոքր ուղղումներն էլ արվում են հենց կառավարության նիստում:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսեց, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այդ նախագիծը հրապարակվեց կառավարության նիստի ավարտից անմիջապես հետո, այնինչ հակառակն է լինում. սկզբում նախագիծը պետք է հրապարակվի այդ կայքում, անցնի հանրային քննարկում, բոլոր գերատեսչություններն առաջարկներ ներկայացնեն, և նոր միայն այդ ամենի վերջնարդյունքում նախագիծ կազմվի և ներկայացվի կառավարություն:
Այնինչ երեկ հակառակը եղավ, ինչը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, զայրացրել է վարչապետին, և նրա նախատինքը չի ավարտվել միայն կառավարության նիստում, և դրա ավարտից հետո ևս նա հասկացնել է տվել, որ դժգոհ է կառավարության անդամների այս գործելաոճից, իսկ վերջիններս էլ ձախողումն ընդունելու փոխարեն իրար վրա գցելով էին փորձում մեղավորներ գտնել: Սակայն նկատենք՝ խոսքը կարևոր նախագծի մասին է, որի կարգավորումները պետք է փոխարինեն արտակարգ դրության իրավական ռեժիմին: Եվ, ահա, այս փոփոխությունը հնարավորություն կտա կիրառել որոշակի միջոցառումներ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն