«Արմենիա Վայն» ընկերությունում մեկնարկել է խաղողի մթերումը․ Նախարարը հետևել է մթերման վերահսկման թվայնացված համակարգին
01-09-2020 14:49:48 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ «Արմենիա Վայն» ընկերության գործարանում խաղողի մթերման մեկնարկին հետևելու, ինչպես նաև մթերման վերահսկման թվայնացված համակարգին ծանոթանալու նպատակով։
Ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, տեխնոլոգիական հագեցվածությանն ու ներդրումային ծրագրերին: Ընկերությունը ընդլայնման ծրագիր ունի և վերջերս կառավարության կողմից ստացել է հումքի և սարքավորումնեևրի համար մաքսատուրքից ազատման արտոնություն։ Գործարանի տեսականին ներառում է կարմիր, սպիտակ և վարդագույն, խաղուն և դեսերտային գինիներ: Այն հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնց ներդրմամբ ապահովվում է բարձրորակ գինեգործական արտադրանքի ամբողջական արժեշղթան։
Ընկերության արտադրանքն արտահանվում է աշխարհի 27 երկրներ։
Շրջայցի ընթացքում քննարկվել են համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառման շրջանակում վերամշակող կազմակերպություններին տրամադրվող արտոնյալ պայմանները, տարբեր ձեռնարկություններում մթերման գործընթացի թվայնացման հեռանկարները։ Վահագն Մկրտչյանն ընդգծել է պետության կողմից այս միջոցառման կարևորությունը մթերման ոլորտի համար։
«Այս տարի Կառավարությունը գնաց բացառիկ քայլի՝ մեծացրեց վարկային ռեսուրսը, ինչպես նաև ավելացրեց այն ժամանակահատվածը, որ պետք է մարվի տվյալ վարկային միջոցը։ Սա իրականում լուրջ խթան է ոլորտի համար, ձեռք մեկնելու իրական քայլ է», - նշել է գործարարը։
Պաշտոնյաներին հանգամանորեն ներկայացվել է խաղողի ընդունման, կշռման, գրանցման, որակի վերահսկողության ընթացակարգը, որն ամբողջապես իրականացվում է ընկերությունում ներդրված թվայնացված համակարգի միջոցով։ Պաշտոնյաների ներկայությամբ փորձարկվել է մթերման վերահսկման ավտոմատացված համակարգը։ Նախարարը մի շարք հարցեր է ուղղել համակարգի գործարկման արդյունավետության, մասնավորապես, դրա ներդրմամբ մարդկային գործոնի և հնարավոր անճշտությունների նվազման վերաբերյալ։
Այնուհետև հյուրերի ներկայությամբ ընկերությունում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը, որն ուղեկցվել է խաղողի օրհնության արարողությամբ։
«Այսօր «Արմենիա Վայն» գործարանում մեկնարկեց խաղողի հերթական մթերման տարին։ Գինեգործների համար սա յուրօրինակ օր է, և «Արմենիա Վայն»-ում ավանդույթ է ձևավորվել․ ամեն տարի խաղողի մթերումը սկսվում է խաղողի օրհնությամբ։ Այդ օրը շատ շուքով է նշվում, այս տարի ավելի համեստ նշեցինք՝ կապված ներկա իրավիճակի հետ», - ասել է Վահագն Մկրտչյանը և հավելել, որ, ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում գործարանը նախատեսում է մթերել 6-7 հազար տոննա խաղող։
Իր հերթին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է․ «Հատկանշական է, որ այս տարի բերքը բավականին առատ է և ունենք բարձրորակ խաղող ու սպասվում է ավելի բարձրակարգ գինիների արտադրություն»։ Նրա խոսքով՝ հիմնադրամը «Արմենիա Վայն» ընկերության հետ ակտիվ համագործակցություն է իրականացնում։
«Այս տարի մեր հիմնադրամն իրականացրել է ևս մի շատ կարևոր նախագիծ՝ Արագածոտնի մարզում մեկնարկեց խաղողի տնկարկների կադաստր ծրագիրը, մենք քարտեզագրեցինք «Արմենիա Վայն» ընկերության խաղողի այգիները։ Հուսանք, հաջորդ տարի կունենանք մեր տարածքշրջանի խաղողի բոլոր տնկարկների քարտեզները և կկարողանանք վերահսկել, թե որտեղ են տեղայնացված խաղողի այգիները և որքան կկազմի խաղողի բերքը», - ասել է Զարուհի Մուրադյանը ։
Ամփոփելով այցի արդյունքները՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է․ «Նմանատիպ այցերը շարունակվելու են ամբողջ մթերման շրջանի ընթացքում, որպեսզի մենք տեսնենք, թե մեր առաջարկած գործիքակազմը որքանով է կիրառելի և ընթացքում ինչ դժվարություններ են առաջանում։ Եթե կլինեն այդպիսիք, ապա մենք ընթացքում կփորձենք անարձագանք չթողնել և հնարավորինս սեղմ ժամկետում շտկել խնդիրները»։