Չեխական «Առնիկան» հայաստանյան «CCMS», «ԷկոԼուր» ՀԿ-ների ակտիվիստների հետ միասին շարունակում է բնակիչների առողջության վրա


Չեխական «Առնիկան» հայաստանյան «CCMS», «ԷկոԼուր» ՀԿ-ների ակտիվիստների հետ միասին շարունակում է բնակիչների առողջության վրա

  • 14-09-2020 14:11:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՊՐԱՀԱ / ՄԵԾ ԱՅՐՈՒՄ - Ի՞նչ ազդեցություն ունի հանքարդյունաբերությունը մարդու օրգանիզմի վրա և որքանո՞վ է այն դժվարեցնում մարդու կյանքը։ Այս և այլ հարցերին պատասխանելու նպատակով Չեխիայի «Առնիկա» հասարակական կազմակերպության և հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» (CCMS) և «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունների համատեղ ծրագրի մի խումբ փորձագետներ ուղևորվելու են Լոռու մարզ, որտեղ գտնվում է շրջակայքում բնակվող մարդկանց առողջությունը վտանգող Նահատակի պոչամբարը: 2020 թ․ ուշադրության կենտրոնում լինելու է այն, թե պոչամբարից շրջակա միջավայր թափանցող ծանր մետաղները և թունավոր տարրերը ինչ ինտենսիվությամբ կարող են ներթափանցել մարդու մարմին: Այս կապակցությամբ բնակիչներից վերցվելու են մեզի և եղունգների փորձանմուշներ, որոնք այնուհետև կուղարկվեն փորձաքննության Չեխիայում հավատարմագրված լաբորատորիա:
 
«Առնիկա»  կազմակերպությունը CCMS  և «ԷկոԼուր» ՀԿ-ների հետ համատեղ արդեն երրորդ տարին է՝ զբաղվում է Հայաստանի հյուսիսային շրջանի՝ Լոռու լեռնահանքային շրջանի քիմիական աղտոտվածության հետազոտությամբ: 2018-2019 թթ․ իրականացվել են փորձաքննություններ՝ նստվածքների, հողի, մրգերի, բանջարեղենի և մարդու մազերի մեջ ծանր մետաղների և թունավոր տարրերի պարունակությունը պարզելու համար: Վերլուծությունների արդյունքները հաստատել են նմուշներում ծանր մետաղների և թունավոր տարրերի թույլատրելի սահմանաչափի  գերազանցումներ: 2019 թ․ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կան քաղցկեղածին և ոչ քաղցկեղածին ռիսկեր՝ կապված վերցված նմուշներում մկնդեղի, նիկելի և կադմիումի առկայության հետ: Այս տարրերի պարունակության հետ կապված ամենաբարձր ռիսկը հայտնաբերվել է երեխաների շրջանում:
 
«Ելնելով մեր նախորդ հետազոտությունների արդյունքներից ՝ 2020 թ․ մենք որոշեցինք վերցնել մարդու մեզի, եղունգների և տան փոշու փորձանմուշներ ՝ որոշելու համար այս տարածաշրջանում քիմիական աղտոտմանն առավել բնորոշ թունավոր տարրերի և ծանր մետաղների պարունակությունը: Այդպիսիք են մկնդեղը, նիկելը, կադմիումը, կապարը և պղինձը: Վերցված փորձանմուշները կհասցվեն Չեխիայի առողջապահության ինստիտուտի հավատարմագրված լաբորատորիա», - պարզաբանեց «Առնիկայի» ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն: «Այս տարի մենք կկենտրոնանանք Նահատակի պոչամբարի հարակից տարածքներում առկա իրավիճակի վրա, որտեղ մենք նախկինում հետազոտել ենք հողի, մրգի ու բանջարեղենի և մազերի նմուշները: Պոչամբարից ոչ հեռու տեղակայված Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի բնակիչները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել իրենց տարածքում հետազոտություններ անցկացնելու գործընթացի նկատմամբ», - հավելեց նա:
 
Տեղի հանրությունը սատարում և ողջունում է նմանատիպ հետազոտությունները: «Վերջին տարիներին նկատվում է տեղի բնակչության ակտիվացում շրջակա միջավայրի պահպանության գործում: Մարդիկ բարձրաձայն արտահայտում են իրենց կարծիքը առանց վախի և պայքարում են առողջ և մաքուր միջավայր ունենալու իրենց իրավունքների համար», - ասաց Գրեչկոն: «2020 թ․ փետրվարին շատ հաջող արշավ է իրականացվել ՝ աջակցելու մի ընտանիքի, որն ապրում էր Նահատակի պոչամբարի անմիջական հարևանությամբ և որում առկա էին առողջական խնդիրներ: Քարոզարշավը մեծ ռեզոնանս առաջացրեց հանրության շրջանում, ինչի արդյունքում լեռնահանքային ընկերությունը ընտանիքի համար որպես փոխհատուցում առաջարկեց գյուղի՝ պոչամբարից ավելի հեռու գտնվող  հատվածում տուն գնելու նպատակով», - ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը: Կենտրոնը շրջակա միջավայրի հետազոտության ոլորտում համագործակցելուց բացի աջակցում է նաև քաղաքացիներին: «Մարզում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով բժշկական օգնությունը շատ դեպքերում թանկ է, ուստի անհասանելի է քրոնիկական հիվանդություններ ունեցողների համար: Ի թիվս այլ բաների, մենք ցանկանում ենք տրամադրել չեխ մասնագետների կողմից ձեռք բերված փորձաքննությունների արդյունքները  տուժած բնակչությանը՝ փոխհատուցում ստանալու նպատակով», - եզրափակեց Դուլգարյանը:
 
Նմուշառումների այս գործընթացը տեղի կունենա 2020 թվականի սեպտեմբերի 16-17-ին ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում և Նահատակի պոչամբարի շրջակայքում։    
 
Ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն և կհրապարակվեն 2020 թ․ ավարտին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն