Որտեղ են «թաղված» հեղափոխության արժեքները. իրերն իրենց անունով կոչելու ժամանակը


Որտեղ են «թաղված» հեղափոխության արժեքները. իրերն իրենց անունով կոչելու ժամանակը

  • 17-09-2020 14:44:21   | Հայաստան  |  Վերլուծություն

ՍԴ դատավորների ընտրության գործընթացը խթանեց հեղափոխության արժեքների պահպանության վերաբերյալ քննարկումները: Հեղափոխության արժեքի մասին խոսակցությունը Հայաստանում տրենդային է, բայց թերեւս հստակեցման կարիք ունի հարցը՝ իսկ ո՞րը կամ որո՞նք են հեղափոխության արժեքները:
 
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հասունացել եւ իրականացել է արժեհամակարգայի՞ն հենքի վրա, արժեքնե՞րն են առաջ մղել հայկական հեղափոխությունը, թե՞ այդուհանդերձ մի պարզ բան՝ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ իշխանության մերժումը, իհարկե ընդհանրապես Հայաստանում ավելի քան քառորդ դար իշխած համակարգի հետ միասին:
 
Որեւէ մեկը կարո՞ղ է մատնացույց անել, թե Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության գործընթացում որքա՞ն է տեղ ունեցել արժեհամակարգային «դիսկուրսը»: Խոսքը առանձին խմբերի շրջանակի մասին չէ, այլ լայն գործընթացում դրա բաղադրության:
 
Ժամանակը չէ՞ արդյոք ավելի բաց ու պարզ նայել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը՝ դրա արժեքային կամ արժեհամակարգային բաղադրությունն ու ներուժը անտեղի չգերագնահատելու, ըստ այդմ չափազանցված եւ հետեւաբար մոլորված սպասումներ չունենալու, դրա հետեւանքով էլ կամա թե ակամա ավելորդ հիասթափեցնող, հուսալքող վարքագիծ չդրսեւորելու համար:
 
Ժամանակը չէ՞ նայել Հայաստանում տեղի ունեցածին եւ արձանագրել, որ թավշյա հեղափոխությունը միավորված է եղել «մերժիր» «գաղափարի» շուրջ, իսկ արժեքային, աշխարհայացքային, աշխարհընկալման, անգամ պետական կարգ եւ հանրային համակեցություն հասկացությունների ընկալման առումով այն եղել է խիստ բազմերանգ ու խայտաբղետ:
 
Ընդ որում, դրա համար անշուշտ չկա հանրությանը, հեղափոխության մասնակիցներին, ու թերեւս անգամ առաջնորդողներին մեղադրանք ներկայացնելու հարց, որովհետեւ արժեհամակարգային միասնականացումը շաբաթների հարց չէ, այլ տարիների: Իսկ ինչ է տեղի ունեցել Հայաստանում տարիների ընթացքում այդ առումով: Թե կառավարող, թե այսպես կոչված ընդդիմադիր էլիտաները ավելի քան քառորդ դարի ընթացքում առավելապես, եւ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի իրենց քաղաքական հաջողության խաղադրույքը կատարել են հանրության բնազդների, ոչ թե արժեհամակարգային վերափոխման ու արդիականացման վրա:
 
Դժբախտաբար դա է եղել Հայաստանում թավշյա հեղափոխության հանրային հենարանը, ու դա է նաեւ պատճառը, որ հասարակական ոգեւորության ահռելի էներգիան, հեղափոխության ահռելի էներգետիկան կապիտալիզացվել, ինստիտուցիոնալացվել է շատ ավելի նվազ պայմանական տոկոսային հարաբերակցությամբ:
 
Նոր քաղաքական իշխանությունն իր հերթին չի գնացել առավել արագ ու բեկումնային քայլերի, իրեն քաղաքական մեծ ռիսկերի չենթարկելու համար, թերեւս լավ պատկերացնելով իր իսկ առաջնորդած հեղափոխության մտածողական եւ արժեհամակարգային խայտաբղետությունը:
 
Հայաստանում չկա հեղափոխության արժեքների պաշտպանության խնդիր: Հայաստանում կա արժեքային հեղափոխության խնդիր: Եվ կա այդ հեղափոխության պատասխանատվությունը ստանձնելու պատրաստ քաղաքական ուժի կամ էլիտայի խնդիր, որովհետեւ արժեքային հեղափոխությունը պահանջելու է թե հանրության հետ աշխատանքի, թե աշխարհի հետ հարաբերության բացարձակապես այլ որակներ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն