ԿԳՄՍ նախարարը Արսեն Ջուլֆալակյանի հետ ուղիղ եթերի ձևաչափով հանդիպում չի նախատեսում


ԿԳՄՍ նախարարը Արսեն Ջուլֆալակյանի հետ ուղիղ եթերի ձևաչափով հանդիպում չի նախատեսում

  • 17-09-2020 17:15:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մանդատը վայր դնելու մասին հայտարարած պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ ուղիղ եթերի ձևաչափով հանդիպում չի նախատեսում: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
 
«Նախարարը նման ձևաչափով հանդիպում չի նախատեսում»,- ասացին նախարարությունից:
 
Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 17-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ որոշել է հրավիրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղիղ եթերում բանավեճի, որպեսզի մեկընդմիշտ փակի մանդատը վայր դնելու հարցը և այն չվերածվի քաղաքական շոուի: «Հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։ Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն։ Վստահ եմ, դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն ինձ չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ․․․ Ես չէի ուզում, նա ստիպեց: Կնախընտրեմ բանավեճն անցկացնել որոշ ժամանակ անց, որպեսզի այն չկապվի տվյալ նախարարին վերաբերող քաղաքական այլ ուժերի և շրջանակների կողմից նախաձեռնած գործընթացների հետ»,-նշել է Ջուլֆալակյանը:
 
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մանդատը վայր դնելու մասին հայտարարել էր սեպտեմբերի 9-ին: Նա իր այդ քայլը պատճառաբանել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններով` կապված նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումներում: Արայիկ Հարությունյանը, արձագանքելով Արսեն Ջուլֆալակյանի` իրեն ուղղված քննադատությանը, ասել էր, որ անցած ամիսներին զրո քննարկում է ունեցել Ջուլֆալակյանի հետ: Արսեն Ջուլֆալակյանի սեպտեմբերի 17-ի հրավերը հաջորդել է նախարարի հայտարարությանը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը