Կամերային երաժշտության տունը համալրվեց կլավինովա երաժշտական գործիքով
18-09-2020 10:20:11 | Հայաստան | Մշակույթ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համալրվեց Yamaha մակնիշի կլավինովա գործիքով, որն իր տեսակի մեջ լավագույններից է: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրով կամերային երաժշտության տունը ստացավ իր առաջին երաժշտական գործիքը:
«Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային՝ հայ-ճապոնական համատեղ այս համագործակցությանը մեծապես օժանդակելու համար: Լինելով նաև երաժիշտ՝ դեսպանն առանձնահատուկ վերաբերմունք ունի ԿԵԱԿ-ի նկատմամբ, և այդ վերաբերմունքն իր արտահայտությունը գտավ համաձայնագրի կնքման գործընթացում»,-նշում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը:
Տեղեկացնում ենք նաև, որ մինչև տարեվերջ ԿԵԱԿ-ը կհամալրվի ռոյալ, տիմպանիներ, թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, ինչպես նաև այլ հարվածային գործիքներով: