Ադրբեջանը պատասխանել է իրենց մոտ հայտնված ՀՀ քաղաքացի Ն. Սարդարյանի վերաբերյալ ՄԻԵԴ-ի հարցերին. փաստաբանը մանրամասնում է.ՀԺ


Ադրբեջանը պատասխանել է իրենց մոտ հայտնված ՀՀ քաղաքացի Ն. Սարդարյանի վերաբերյալ ՄԻԵԴ-ի հարցերին. փաստաբանը մանրամասնում է.ՀԺ

  • 18-09-2020 13:40:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանի Հանրապետությունը կատարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը՝ իրենց մոտ հայտնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելով:
 
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սարդարյանի ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ Ադրբեջանը տվել է մակերեսային պատասխաններ՝ մանրամասն տեղեկություններ չներկայացնելով:
 
30-ամյա Սարդարյանը,հիշեցնենք, որպես անհետ կորած որոնվում էր 2020 թ. հուլիսի 8-ից. Գորայք համայնքի Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավայրում նա ձիով գնացել էր անասունների հոտի ուղղությամբ եւ չէր վերադարձել: Որոնողական աշխատանքները արդյունք չէին տվել, եւ 1 շաբաթ անց ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին հրապարակել, որում Սարդարյանը դժգոհում էր Հայաստանում իր նկատմամբ վերաբերմունքից եւ իբր քաղաքական ապաստան հայցում Ադրբեջանից կամ խնդրում իրեն փոխանցել երրորդ երկիր:
 
Նարեկ Սարդարյանի հարազատները հուլիսի 19-ին հրատապ միջոց կիրառելու դիմում էին հասցեագրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը հուլիսի 22-ին բավարարել էր այն՝ Ադրբեջանին պարտավորեցնելով մինչ սեպտեմբերի 2-ը տրամադրել տեղեկություններ Սարդարյանի գտնվելու վայրի, պայմանների, առողջական վիճակի եւ մի շարք այլ հարցերի մասին:
 
Փաստաբան Արա Ղազարյանի հետ զրուցել ենք Ադրբեջանի տրամադրած տեղեկությունների, դրանց արժանահավատության մասին.
 
- Պարո՛ն Ղազարյան, ի՞նչ տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանը Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի, կարգավիճակի մասին:
 
- Իրենք ասում են, որ Նարեկը ապաստան է հայցել, եւ միեւնույն ժամանակ նրանց պատասխանից հասկացվում է, որ նա անազատության մեջ է. դրանք հակասում են իրար, որովհետեւ եթե ապաստան է հայցում, դա բացառում է քրեական վարույթը, վարչական վարույթ է, եւ պետք է այդ հարցը լուծել, նոր որոշել՝ ապօրինի սահմանը հատելու հիմքով գո՞րծ հարուցել, թե ոչ: Ասում են՝ այս պահին իր դեմ հարուցված քրեական գործ չկա, քրեադատավարական կարգավիճակ չունի, միայն ապաստան է հայցել, այլ մանրամասներ չեն ներկայացնում: Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանում կա թշնամական մթնոլորտ, եւ հարց է՝ արդյո՞ք նրանք կարող են ապահովել Նարեկի անվտանգությունը:
 
- Գտնվելու վայրի, պայմանների մասին ի՞նչ են նշել, ինչի՞ց եք հասկացել, որ անազատության մեջ է:
 
- Ասում են, որ գտնվում է մի հաստատությունում, որը գտնվում է զինվորական ոստիկանության հսկողության ներքո, ասում են, որ նրան ստուգել է զինվորական կայազորի բժիշկը, եւ ամեն ինչ նորմալ է: Բայց նրա հեռախոսը առգրավվել է, եթե ազատության մեջ լիներ, կկարողանար զանգահարել իր հարազատներին, պարզ չի՞, որ եթե չի կարողանում, ուրեմն անազատության մեջ է: Հեռախոսը մնում է առգրավված, դրա առգրավումը նշանակում է կապի բացակայություն, իսկ անձին կապից կամ արտաքին աշխարհից զրկելը անազատության հատկանիշներից մեկն է:
 
- ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոց կիրառելու որոշման մեջ կար նաեւ հարց՝ արդյո՞ք Նարեկ Սարդարյանը հնարավորություն ունի լիարժեքորեն շփվել իր հարազատների եւ ՀՀ իշխանության հետ: Այս հարցին Ադրբեջանը կոնկրետ պատասխան տրե՞լ է:
 
- Ոչ, չի տվել, ամենայն մանրամասնությամբ այդ հարցին չեն պատասխանել, բայց փաստ է, որ հեռախոսը առգրավված է:
 
- Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի պատասխանը գոհացնող չէ՞:
 
- Ոչ, իհարկե, մեր հաջորդ քայլերն ենք մշակում, որոնց մասին ընթացքում կտեղեկացնենք:
 
- Իսկ Կարմիր խաչի կողմից նոր տեսակցություն եղե՞լ է:
 
- Դե Կարմիր խաչը կցկտուր տեղեկություններ է տալիս: Ընդհանրապես, եթե Նարեկը ապաստան հայցող է, Կարմիր խաչն այստեղ անելիք չունի: Սա էլ է հակասող տեղեկություններից մեկը. ի՞նչ կապ ունի Կարմիր խաչը, եթե այն զբաղվում է զինված հակամարտության կողմերի՝ գերեվարության մեջ գտնվող զինվորականների հարցով, ընդ որում՝ միայն հումանիզմի տեսանկյունից, իրավական գործընթացներին չի խառնվում, այսինքն՝ եթե անձը պարզապես ապաստան է հայցում, Կարմիր խաչը չունի ոչ մի գործառույթ կամ լիազորություն: Սա էլ է խնդիր, որը մենք բարձրաձայնելու ենք:
 
- Այսինքն՝ ապաստան հայցելու վերաբերյալ իրենց պնդումը որեւէ կերպ չի կարող արժանահավատ լինել մեզ համար:
 
- Միանշանակ, ի սկզբանե էլ ո՞վ էր հավատում, հարազատների համար էլ տարօրինակ էր: Ապաստանը սովորաբար հայցում են պետական ինստիտուտներից, ոչ զինվորական, եւ նորից եմ ասում՝ ապաստան հայցողը չի կարող գտնվել անազատության մեջ:
 
- Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել: Դրա շրջանակում գործողություններ կատարվո՞ւմ են:
 
- Դե, քրեական գործը հարուցված է առեւանգման փաստով, սա համադրվում է Ադրբեջանից ստացվող տեղեկությունների հետ, նրանք իրենց վարույթն են իրականացնում, որը մեզ հիմա քիչ է առնչվում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play