Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը


Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը

  • 18-09-2020 14:45:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը: Հանդիպմանն ինչպես անձամբ, այնպես էլ տեսակապի միջոցով մասնակցել են մի շարք դեսպաններ և միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարներ:
 
Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակն ու դրա սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված Կառավարության միջոցառումները: Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի զարգացման գործընկերներին այս դժվար ժամանակաշրջանում Հայաստանին աջակցելու համար՝ կարևորելով համագործակցության խորացումը բոլոր գործընկերների հետ:
 
Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը: Ելույթները վերաբերում էին Կորոնավիրուսային համաճարակի տնտեսական ազդեցության գնահատականներին, ԿՈՎԻԴ-19-ի ռիսկերին, ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլանին:
 
Քննարկումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Կառավարության ձեռնարկած միջոցառումներին, կորոնավիրուսի հավանական երկրորդ ալիքին դիմակայման պատրաստվածությանը, առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, ռազմավարությունների մշակման ընթացքին:
 
Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը կարևորել են նման ձևաչափով քննարկումները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ մտքերի փոխանակման տեսանկյունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play