Ծառուկյանի հանդեպ Փաշինյանի կոշտ քայլն ու ռուսական «դոսյեն»

18-09-2020 16:12:52   | Հայաստան  |  Վերլուծություն



Լուսանկարը «Դոսյե» կենտրոնի հրապարակումից
 
«Դոսյե» կենտրոնը, որ կապվում է արտերկրում գտնվող ռուսաստանցի գործիչ Խոդորկովսկու հետ, հրապարակել է նյութ Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ ռուսական վերահսկողության մեխանիզմների մասին: Խոսքն իհարկե առանձին մեխանիզմների մասին է, թեեւ հատկանշական է, որ կենտրոնը որոշել է երկու երկրների վերաբերյալ անել մեկ հրապարակում: Ի տարբերություն Վրաստանի, որի վերաբերյալ հրապարակումը եղել է առանձին: Թե ինչու է «Դոսյեն» որոշել այդ հարցում պահել այսպես ասած «պարիտետը», թերեւս հնարավոր է դիտարկել տարբեր մոտիվների շրջանակում:
 
Ինչ վերաբերում է բուն բովանդակությանը, ապա պետք է արձանագրել, որ «դոսյեն» պատրաստողները կամ բավարար չեն մոտիվացվել, կամ «մսխել» են մոտիվացիան: Բանն այն է, որ «Դոսյեի» ներկայացրած տեղեկատվությունը գուցե առանձին բովանդակային տեղեկատվությամբ նորություն պարունակում էր, սակայն եղած անունների, մեխանիզմների տեսանկյունից
այն արտացոլում էր այն, ինչ Հայաստանի հանրային շրջանակում արձանագրվել է վաղուց:
 
Որեւէ մեկի համար զարմանալի՞ է, որ Հայաստանում կան ռուսական ազդեցության գործակալներ, տարբեր «թիկնոցներով»: Մյուս կողմից, իսկ որեւէ մեկը կասկածու՞մ է, որ Հայաստանում կան ոչ միայն ռուսական ազդեցության գործակալներ: Միեւնույն ժամանակ, թերեւս չարժե կասկածի տակ դնել եւ այն, որ Հայաստանում չկա ռուսական «մեկ ազդեցություն», եւ որեւէ ազդեցության ջանք կամ փորձ միատարր չէ:
 
Այդ իմաստով, այն, ինչ հրապարակվել է Խոդորկովսկու հետ ասոցացվող «Դոսյեի» միջոցով, գուցե կարիք ունի դիտարկվելու ոչ այնքան «սենսացիայի», որքան հենց ռուսական ազդեցության ոչ միատարրության տրամաբանության շրջանակում: Ընդ որում, սկսելով դիտարկվել թերեւս այլ հետաքրքիր նրբերանգներից, որոն քիչ անմիջական առնչություն ունեն Հայաստանի հետ: Մասնավորապես այն, որ խոսքը մի նախկին օլիգարխի հետ ասոցիացիայի մասին է, որի նկատմամբ Պուտինը վարվեց նախ շատ դաժան՝ նրան ունեզրկելով եւ բանտարկելով, հետո
հանկարծ ներեց նրան՝ անհասկանալի պատճառով, եւ ներումից հետո էլ Խոդորկովսկին ապաստանեց Գերմանիայում:
 
Ի դեպ, այդ ամենի հետ կապ չունեցող մեկ այլ հետաքրքիր նրբերանգ էլ այն է, որ Գերմանիայում է բուժվում ռուսաստանցի մեկ այլ ընդդիմադիր՝ Նավալնին, որն ըստ գերմանացի բժիշկների Նովիչոկով թունավորվել է Տոմս-Մոսկվա չվերթից առաջ: Նավալնին վատացել էր օդանավում, նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: Նա փաստորեն չէր մահացել, հետո նրան Կրեմլի թուլտվությամբ փաստացի հանձնեցին Գերմանիային:
 
Դարձյալ հետաքրքիր է, ինչու՞ էր պետք թունավորել սպանելու նպատակով, բայց հետո հանձնել Նավալնուն գերմանացի բժիշկներին, որ ի լուր աշխարհի բացահայտեին Նովիչոկով թունավորվելը: Ինչու էր պետք, կամ ու՞մ էր պետք:
 
Հետաքրքիր իրադարձություններ են Ռուսաստանում եւ դրա շուրջ, որին զուգահեռ էլ «Դոսյեն» որոշում է անդրադառնալ Հայաստանի վրա ռուսական ազդեցության խնդրին: Դա իր հերթին տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հանդեպ Նիկոլ Փաշինյանի կոշտ քայլերին զուգահեռ:
 
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 515 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար