Թրամփի անհամբերությունը. ամերիկյան բազեներն ու հայկական բանակը

21-09-2020 16:18:27   | Հայաստան  |  Վերլուծություն



«Ձեզ մաղթում ենք ամենայն բարի
ք և անհամբերությամբ սպասում մեր բարեկամության ամրապնդմանն առաջիկա տարվա ընթացքում», Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թրամփը խոսել է այն մասին, որ Նահանգները Հայաստանի անկախությունից հետո 29 տարիների ընթացքում Հայաստանին աջակցություն է ցուցաբերել տնտեսության ու ժողովրդավարության կառուցման հարցում, ինչը պատրաստ է շարունակել հետագայում: Թրամփը խոսել է նաեւ Հայաստանի ինքնիշխանությունն ամրապնդելու հարցում ԱՄՆ աջակցության պատրաստակամության մասին:
 
 
Ինչ է անհամբերությամբ սպասում ԱՄՆ նախագահ Թրամփը առաջիկա տարվա ընթացքում` հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդման առումով:
 
ԳՈՎԱԶԴ00:10Իմանալ ավելին
Օրերս մեկնարկեց Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձեւաչափի երկրորդ փուլը, որը կանցկացվի հեռավար, սակայն, որի ամփոփիչ հավաքը կլինի Վաշինգտոնում, հոկտեմբերին:
 
Հայ-ամերիկյան հարաբերության հարցում շոշափելի քայլ դիտվեց դեռեւս 2015 թվականի մայիսին Վաշինգտոնում ստորագրված առեւտրի եւ ներդրումների հարցում գործակցության համաձայնագիրը: Դա տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն այցի ընթացքում` հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, երբ Վաշինգտոնի Մայր տաճարում տեղի ունեցավ պատարագ:
Ի դեպ, հատկանշական է, որ այդ պատարագին ներկա էին այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը եւ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանտա Փաուերը: Գործնականում, նրանք դիտվում էին Բարակ Օբամայի վարչակազմի «բազեների թեւից»:
 
Հայ-ամերիկյան հարաբերությունն այդ շրջանում ԱՄՆ-ն գնահատում էր որպես ամենաբարձր մակարդակը պատմության ընթացքում: Փաստացի, հայ-ամերիկյան հարաբերության այդ շրջանից մեկ տարի անց բռնկվեց ապրիլյան քառօրյան: Դրան նախորդել էր հավաքը Վաշինգտոնում` միջուկային անվտանգության ավանդական Վեհաժողովի շրջանակում: Այդ Վեհաժողովների պրակտիկան մեկնարկել էր 2009-ին հենց Վաշինգտոնից, սակայն առաջին Վեհաժողովին չէին հրավիրել Ալիեւին, իսկ 2016-ի մարտի 31-ին տեղի ունեցած Վեհաժողովին հրավիրվեց նաեւ Ալիեւը:
 
Դա իսկապես ուշագրավ էր, նկատի ունենալով, որ Ադրբեջանը միջուկային պետություն չէ: Այդ հավաքից առաջ մամուլն ու փորձագիտական շրջանակները գրում էին, որ Վաշինգտոնում Ալիեւի առաջ դրվելու է արցախյան գոտում հրադադարի մեխանիզմների հարցը: Վաշինգտոնում Սերժ Սարգսյանի եւ Ալիեւի հետ առանձին-առանձին հանդիպումներ էր ունեցել փոխնախագահ Ջո Բայդենը:
 
2016-ի մարտի 31-ին վաշինգտոնյան հանդիպումներից հետո, երբ Սերժ Սարգսյանը դեռ օդանավում էր, բռնկվեց ապրիլյան քառօրյան` Ադրբեջանն անցավ գրոհի: Արդյոք Ալիեւին մղեցին «ֆալստարտի», այն իմաստով, որ դեռեւս ամբողջությամբ չէր հունցվել այդ գրոհին նախորդած ռուս-թուրք-ադրբեջանական գործարքը, եւ Հայաստանը վերջնականապես չէր կորցրել իր ինքնիշխան դիմադրունակությունը:
 
Այդ տեսանկյունից, ապրիլյան քառօրյայից չորս տարի անց հատկանշական հայտարարություններ արեց Սերժ Սարգսյանը, թե Ադրբեջանն ըստ երեւույթին ուներ ակնկալիք, որ Հայաստանը ստիպված է լինելու արտաքին օգնություն խնդրել, ինչը հետո կդառնար Հայաստանի քաղաքական պայմաններ թելադրելու հիմք: Իսկ օրերս ապրիլյանի թեմայով մեծ ասուլիսում Սարգսյանն արեց մեկ այլ ուշագրավ հայտարարություն, թե` «իսկ գուցե Ադրբեջանին մղեցին գրոհի, որպեսզի բոլորը համոզվեն, որ Բաքուն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել որեւէ հարց»:
 
2016-ի ապրիլյան քառօրյան ռազմա-քաղաքական առումով տապալեց մինչ այդ Ադրբեջանի կառուցած քաղաքական ռազմավարությունը եւ դրա վրա կռուցված ռուս-թուրքական խաղը, որի առանցքոմ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի ռեգիոնալ տրամաբանության վերականգնումն էր, իհարկե կողմերի յուրովի ակնկալիքներով, թեեւ դարձյալ հայկական շահերի ու կյանքերի հաշվին:
 
2016-ին բանակը թույլ չտվեց դա: Այժմ Ռուսաստանն ու Թուրքիան կանգնած են 1921-ի պայմանագրի 100-րդ տարելիցի առերեսման առաջ, արդեն բոլորովին այլ իրողությունների պայմաններում, որոնք հայկական բանակը կնքեց Տավուշում հուլիսյան հաղթանակով, որն արժանացավ Մինսկի խմբի համանախագահ երկրների փաստացի ճանաչմանը:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 310 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար