Հանրահավաք. կամ Ռոբերտ Քոչարյանը նրանց, կամ նրանք Ռոբերտ Քոչարյանին

22-09-2020 12:09:10   | Հայաստան  |  Վերլուծություն



Հայրեն
իք, ԲՀԿ, ՀՅԴ կուսակցությունները հայտարարում են հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք անցկացնելու մասին: Նրանք կոչ են անում քաղաքացիներին մասնակցել հավաքին, ասելով, որ ներկայիս կառավարությունը ձախողել է այն հնարավորությունը, որ երկրի առաջ բացվել էր 2018 թվականի գարնանը:
 
Երեք ուժերը հայտարարում են, որ ներկայիս կառավարությունն ի վիճակի չէ ապահովել երկրի առաջ եղած մարտահրավերների չեզոքացումը, լուծել զարգացման խնդիրներ եւ տապալվել է բոլոր ուղղություններով:
 
Կուսակցությունների եռյակը կարծես թե բավական պարզորոշ գծագրել է իր առավելագույն նպատակը՝ հասնել նրան, որ երկրում լինի խորհրդարանի արտահերթ ընտրություն: Այդ մասին օրեր առաջ հայտարարել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Սաղաթելյանը: Հայրենիքի նախագահ Արթուր Վանեցյանն ու ԲՀԿ նախագահ Ծառուկյանն էլ հայտարարում են, որ կառավարությունը պետք է հեռանա:
 
Միաժամանակ, երեք ուժերը ունեն իհարկե այլ խնդիր էլ: Նրանք պայքարում են Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետեւ երկրորդ նախագահի քաղաքական աշխուժությունն ու աջակցությունը Ռուսաստանից՝ մարտահրավեր են եռյակի համար, որը կամ պետք է ի վերջո տեղավորվի երկրորդ նախագահի դրոշի եւ ազդեցության գոտում, կամ պետք է կարողանա նրան զրկել ընդդիմադիր դաշտում որեւէ առաջատար դիրքի հույսից:
 
Այդ բոլոր քաղաքական նպատակներով ու խնդիրներով հանդերձ, հատկանշական է մի բան. եթե հանրահավաքի մասին հայտարարությունից օրինակ հանենք երեք կուսակցությունների անվանումը, հանենք տարեթվերն ու ամսաթվերը, ապա հազիվ թե որեւէ էական տարբերություն գտնվի որեւէ այլ ժամանակահատվածի ընդդիմությունների հանրահավաքի մասին հայտարարությունից:
 
Այլ կերպ ասած, Հայաստանում բովանդակային ընդդիմության ճգնաժամ է, եւ քաղաքական ուժերը կառավարող մեծամասնության հետ պայքարում արդեն երեք տասնամյակ խաղադրույք կատարում են մեկ «գաղափարի» վրա՝ իշխանությունը կործանում է երկիրը, եւ հանրությունը պետք է փութա միավորվել իրենց դրոշի ներքո, երկիրը փրկելու համար:
 
Անկասկած, բացի իհարկե նյութական ակնկալիքի շուրջ միավորվողներից, գործնականում գտնվում են նաեւ այդ «գաղափարի» շուրջ միավորվողներ: Բայց ադ ծավալը եւ էներգիան տարեցտարի Հայաստանում սկսել է կազմել գրեթե ոչինչ չորոշող տեսակարար կշիռ: Կամ, եթե ինչ որ բան էլ որոշել է, ապա գործնականում հանրային եւ պետական շահի տեսանկյունից զրոյական օգտակար գործողության գործակցով:
 
Որովհետեւ, անգամ այդ տրամաբանությամբ հաջողությունից հետո, առաջանում է գաղափարական եւ արժեհամակարգային ճգնաժամ, եւ ի հայտ է գալիս հաջորդ ընդդիմությունը, որը սկսում է արդեն նոր իշխանության դեմ
խաղալ հին «գաղափարով»:
 
Հայաստանում, նորագույն պատմության որոշակի պահից ի վեր, կառավարող ուժը կամ ուժերը սկսել են գերազանցել ընդդիմություններին իրենց մտածողության առաջադիմությամբ եւ գաղափարական հագեցածությամբ, որքան էլ դա տարօրինակ թվա: Այդ իմաստով, դեռեւս հեղափոխությունից առաջ էր Հայաստանի վերափոխման խորքային խնդիր դարձել քաղաքական, գաղափարական առումով ճկուն, հանրությանն ապագայի բովանդակային մոդելներ ու գաղափարներ առաջարկող, միաժամանակ նաեւ աշխարհին առաջարկ ունեցող, համարժեք եւ արդիական ընդդիմության բացակայությունը: Այդ խնդիրը շարունակվում է հեղափոխությունից հետո էլ:
 
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 254 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար