Մոբայլ բանկային տրոյական ծրագրերն ավելի հազվադեպ են գրոհում հայաստանցի օգտատերերին

23-09-2020 10:35:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայաստանում օգտատերերի 0,07%-ը 2020-ի ապրիլ-հունիսին ենթարկվել է մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների։ Վրաստանում նման գրոհների բախվել է օգտատերերի 0,04%-ը։ Ադրբեջանում գրանցվել է համանման ցուցանիշ։
 
Մոբայլ բանկային տրոյական ծրագրերը 2019-ի երկրորդ եռամսյակում գրոհել են հայաստանցի օգտատերերի 0,1%-ին, և այդ ցուցանիշով երկիրը զբաղեցրել է 9-րդ տեղն աշխարհում։ Նույն ժամանակահատվածում այդ վնասաբեր ծրագրերը Վրաստանում գրոհել են օգտատերերի 0,08%-ին, Ադրբեջանում՝ 0,07%-ին։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, մոբայլ բանկային տրոյացիներն աշխարհում ամենաշատը
գրոհել են Թուրքիայի (1,29%), Ճապոնիայի (0,90%) և Իսպանիայի (0,71%) օգտատերերին։
 
2020-ի երկրորդ եռամսյակում աշխարհում հայտնաբերվել է մոբայլ բանկային տրոյացիների  տեղադրման 38 951 փաթեթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13 899-ի դիմաց։
 
Փորձագետները նշում են, որ կիբեռհանցագործները մոբայլ սարքերը բանկային տրոյացիներով վարակում են օգտատերերի բանկային քարտերի և հավելվածների տվյալներին տիրանալու համար։ Արդեն տեղադրված վնասաբեր ծրագիրը ծածկում է բանկային հավելվածի ինտերֆեյսն (միջերես) իր ինտերֆեյսով, և տրոյացու ինտերֆեյսում մուտքագրված բանկային տվյալները փոխանցվում են կիբեռհանցագործներին։ Նրանք  դեպի զոհի փողերը ճանապարհ են հարթում նաև
այն մոբայլ բանկային տրոյացիների միջոցով, որոնք ձեռք են գցում բանկերի՝ հաստատման կոդերով  SMS-հաղորդագրությունները ։
 
Օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որևէ մեկին անհատական և բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր «խնդրում » են դա անել ի պատասխան  «շահավետ» առաջարկների։ Հարկ է նաև խուսափել ոչ պաշտոնական աղբյուրներից ծրագրեր ներբեռնելուց, քանի որ բանկային տրոյացիները հաճախ թաքցվում են այլ ծրագրերի հետ նույն փաթեթում։ Իսկ ցանկացած տրոյացուց և այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունը։
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 131 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար