Ներդրումային ներուժ ունեցող ու շահութաբերության բարձր ցուցանիշներ ակնկալող տնտեսավարողներին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է համատեղ գործակցություն


Ներդրումային ներուժ ունեցող ու շահութաբերության բարձր ցուցանիշներ ակնկալող տնտեսավարողներին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է համատեղ գործակցություն

  • 23-09-2020 11:10:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
 
2020 թվականին Արցախի նոր կառավարությունն՝ ի դեմ ԱՀ գյուղոլորտի գլխավոր պատասխանատու Աշոտ Բախշիյանի, հետամուտ է եղել գյուղատնտեսության ոլորտում գործող աջակցության քաղաքականության կատարելագործմանն ու բուսաբուծության, անասնաբուծության ու ոռոգման բնագավառների զարգացմանն ուղղված պետական օժանդակության ծրագրերի՝ տնտեսվարողների պահանջներին համապատասխանեցմանը:
 
Պետության հատուկ ուշադրության կենտրոնում են ոռոգման ենթակառուցվածքների զարգացումը: Այստեղ իրականացվող բարեփոխումների արդյունքում առաջիկայում Արցախը կունենա շուրջ 30 հազար հեկտար լրացուցիչ ոռոգովի տարածքներ: 
 
Բանջարեղենի մշակության, ջերմատնային տնտեսությունների մակերեսների ու արտադրանքի ծավալների ավելացման, այգետնկումների խրախուսման, ջրախնայողական արդի տեխնոլոգիաների ներդրման խթանման նպատակով պետության կողմից առաջարկվում են աննախադեպ շահավետ ու արդյունավետ աջակցության մեխանիզմներ:
 
Դրանցից զատ, օժանդակության նոր ծրագրերը միտված են խրախուսելու վերջնական արտադրանքը: Այս համատեքստում կարևոր է նշել, պետությունը պատրաստվում է կենտրոնացված կարգով շուկայականից բարձր արժեքով հողօգտագործողից գնել աշնանացան և գարնանացան մշակաբույսերի բերքը: 
 
Հատկանշական է, որ աջակցության նոր կարգերից մի քանիսը պահանջում են լուրջ ներդրումներ, որոնց զգալի մասը Արցախի կառավարությունը կսուբսիդավորի:
 
Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերից Արցախում կգործարկվի ոչխարների ներկրման ծրագիր՝ աննախադեպ շահավետ պայմաններով. կառաջարկվի կենդանու արժեքի 35 տոկոսի չափով սուբսիդավորում, կամ 5 տարի մարման ժամկետով 7 տոկոս փոխառության տրամադրում, կամ 5 տարի մարման ժամկետով անտոկոս վարկի տրամադրում:
 
Զգալիորեն կխրախուսվի ջերմատների կառուցումը. կտրամադրվի կատարված ծախսերի 50%-ի չափով փոխհատուցում, բայց ոչ ավել, քան 200 մլն դրամը: 
 
Անասնաբուծական մթերքների և հումքի վերամշակման արտադրամասերի կառուցման ծրագրերի համար նախատեսվում է կատարված ծախսերի 50%-ի չափով փոխհատուցում, բայց ոչ ավել, քան 30 մլն դրամը, կամ անտոկոս վարկի տրամադրում` 15 տարի մարման ժամկետով, բայց ոչ ավել, քան 60 մլն դրամը: Անասնաշենքերի էլեկտրաֆիկացման և ջրաֆիկացման համար նախատեսվում է սուբսիդավորել կատարված ծախսերի 90%-ը:
 
Արցախում նախատեսվում է նաև սպանդանոցների կառուցման համար կատարված ծախսերի 50%-ի փոխհատուցում, բայց ոչ ավել, քան 30 մլն դրամը, կամ փոխառության տրամադրում` տարեկան 7 տոկոս տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով, բայց ոչ ավել, քան 60 մլն դրամը, կամ անտոկոս վարկի տրամադրում` 15 տարի մարման ժամկետով, բայց ոչ ավել, քան 60 մլն դրամը:
Անասնաշենքերի կառուցման համար ծրագրվել է կատարված ծախսերի 50%-ի չափով փոխհատուցում, բայց ոչ ավել, քան 40 մլն դրամը, կամ անտոկոս վարկի տրամադրում` 10 տարի մարման ժամկետով, բայց ոչ ավել, քան 80 մլն դրամը, անասնաշենքերի վերակառուցման և վերանորոգման համար՝ արժեքի 30 տոկոսի չափով փոխհատուցում, բայց ոչ ավել, քան 15 մլն դրամը, կամ անտոկոս վարկի տրամադրում` 10 տարի մարման ժամկետով, բայց ոչ ավել, քան 49 մլն դրամը: 
 
«Վերոնշյալ ծրագրերի կենսակոչման գործում մեզ համար գլխավոր թիրախ են հանդիսանում գյուղատնտեսությամբ իրապես հետաքրքրված, դրանով պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվող՝ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցները: Միավորելով սեփական ներդրումային պոտենցիալն ու Արցախի կառավարության կողմից առաջարկվող շոշափելի միջոցները՝  այդ մարդիք կարող են գրանցել լուրջ արդյունքներ»,- ընդգծել է ԱՀ գյուղնախարար Աշոտ Բախշիյանը:
 
Ուշագրավ է, որ Արցախի գյուղոլորտում առաջին անգամ կգործեն դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված համայնքային ներուժի զարգացմանը, համայնքներում ագրոտուրիզմի բարգավաճմանը:
 
Այսքանի հետ մեկտեղ Արցախի հողօգտագործողին հնարավորություն է ընձեռվել սեփականաշնորհված և վարձակալության իրավունքով օգտագործվող հողի, ինչպես նաև համայնքներում ցանկացած արտադրական նշանակության շինությունների գրավադրմամբ ստանալ անտոկոս վարկ՝ գյուղատնտեսության մեջ ներդնելու նպատակով:
 
«Համակցելով պետության, բանկերի և սեփական կապիտալը՝ մեզ կհաջողի առավել արագ հասնել նախանշված արդյունքներին,- շեշտել է Աշոտ Բախշիյանը: 
 
Այս բոլոր միջոցառումները նպատակ են հետապնդում վերակենդանացնել վերջին տարիներին անկում ապրած գյուղատնտեսությունը, նպաստել 2 հայկական հանրապետությունների պարենային անվտանգության ապահովմանը՝ հստակ ամրագրելով Արցախի՝ ագրարային երկիր լինելու փաստը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն