Մեկնարկում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 99-րդ թատերաշրջանը

23-09-2020 15:48:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա ներկայացման պրեմիերայով։ Հանդիսատեսի դատին կհանձնվի Ջ. Բոկաչչոյի «Դեկամերոն» տխուր կատակերգությունը։
 
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 99-րդ թատերաշրջանի բացմանը նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ռեժիսոր Լիլի Էլբակյանը։
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն իր խոսքում նշել է, որ Մայր թատրոնն ավանդույթներ պահող և հիշողություններ պարունակող թատրոն է, որը վերջին շրջանում արտակարգ նոր և անսպասելի դրսևորումներով է հանդես գալիս: «Շուտով կնշենք թատրոնի 100-ամյակը, և որքան կարևոր է թատերական ներկայացումների որակը, նույնքան կարևոր է նաև թատրոնի ֆիզիկական վիճակը՝ հանդիսատեսի համար բոլոր պայմանների ապահովումը»,-ասել
նախարարի տեղակալը: Նա նաև կարևորել է Մայր թատրոնի առաջընթացը, երբ պատմություն ունեցող թատրոնը միաժամանակ ներկայանում է նոր և հետաքրքիր նախաձեռնություններով, ինչպիսիք են «Փոքր բեմի» բացումը, 100-ամյակին նվիրված բովանդակային նոր փոփոխությունները, թատրոնի շենքային պայմանների բարելավումը։ Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին և գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանին ակտիվ և նպատակասլաց գործունեության համար։
 
Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն անդրադարձել է համավարակի պայմաններում թատրոնի ծավալած գործունեությանը՝ առցանց ներկայացումներին, «Հուշերի քառուղիներ», «Թատերական ընթերցումներ» ծրագրերին, ապա ներկայացրել է թատրոնի նոր նախաձեռնությունները։ Այսպես, Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա ներկայացման պրեմիերայով։ Սեպտեմբերի 25-ին հանդիսատեսի դատին կհանձնվի Ջ. Բոկաչչոյի «Դեկամերոն» տխուր կատակերգությունը։ Սեպտեմբերի 28-ին «Ռիչարդ երրորդը տեղի չի ունենա, կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից» ներկայացումը առցանց տարբերակով կմասնակցի Լեհաստանի «Ուղղությունը արևելք» միջազգային թատերական փառատոնին։ «Դասարան+Դասական» մարզային առցանց ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին։ Վարդան Մկրտչյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը՝ թատրոնի կաթսայատան վերազինմանը և թատրոնի ճակատային մուտքի վերանորոգմանը հատկացված ֆինանսական աջակցության համար։
 
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն իր խոսքում շեշտել է. «Այո, թատրոնը կարևոր է, որովհետև թատրոնը աշխարհի փոքր մոդելն է»։ Նա նշել է, որ այս ընթացքում թատրոնը փնտրում էր նոր արտահայտչամիջոցներ հանդիսատեսի հետ կապը
պահելու համար, ինչպիսին է օրինակ բացօթյա ներկայացման բեմադրությունը։
 
«Դեկամերոն» ներկայացման ռեժիսոր Լիլի Էլբակյանը անդրադարձել է պիեսի ընտրության շարժառիթներին, բեմադրական ընթացքին՝ հույս հայտնելով, որ հանդիսատեսը կսիրի և կգնահատի ներկայացումը։
 
Թատերաշրջանի մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ելույթից առաջ բանախոսներին նվիրել է «Թատրոնը կարևոր է» կարգախոսով դիմակներ՝ ի նշան այն հանգամանքի, որ չնայած համավարակի պայմաններին, երկրում մշակութային կյանքը շարունակվում է, և թատրոնները, վերսկսելով իրենց գործունեությունը, սպասում են հանդիսատեսին։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 151 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար