ԱՄՆ ուղղությամբ Հայաստանի աննախադեպ քայլը. իրողության ճանաչմանն ընդառաջ


ԱՄՆ ուղղությամբ Հայաստանի աննախադեպ քայլը. իրողության ճանաչմանն ընդառաջ

  • 24-09-2020 11:40:23   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանը վարձել է ԱՄՆ լոբբիստական ընկերություն՝ Միացյալ Նահանգների վերնախավում հայ-ամերիկյան օրակարգ առաջ մղելու եւ գործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար: Հայաստանի ԱԳՆ ԱՄՆ եւ Կանադայի բաժնի պետ Արմելլա Շաքարյանը Ազատությանը հայտնել է, որ հայկական կողմի նպատակն է խորացնել հայ-ամերիկյան հարաբերությունը ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական, անվտանգային ուղղություններում, օրակարգ ներառել ռեգիոնալ եւ միջազգային անվտանգության հարցերի լայն շրջանակ:
 
Երեւանը գործընկերային պայմանագիր է կնքել լոբբիստական Alstօn & Bird կազմակերպության հետ: Հայտնի է, որ ամերիկյան քաղաքական կառուցվածքում լոբբիստական կառույցներն ունեն լեգիտիմ ներկայացվածություն եւ մեծ դերակատարում, ինչից լայնորեն օգտվում են նաեւ այլ պետություններ:
 
Ընտրված լոբբիստական կազմակերպությունը առնչվում է ԱՄՆ Սենատում Կանզաս նահանգը 127 տարի ներկայացրած սենատոր, ԱՄՆ նախագահի 1996 թվականի թեկնածու, հանրապետական Ռոբերտ Դոուլի հետ, որը համարվում է հայամետ քաղաքական գործիչ: 97-ամյա Դոուլը այժմ ավագ խորհրդատու է լոբբիստական այդ կառույցում, ինչպես հայտնում է Ազատությունը:
 
Այստեղ կա թերեւս մի հետաքրքիր նրբերանգ, կապված Կանզաս նահանգի հետ: Բանն այն է, որ հենց Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հետ հայկական զինուժի գործակցությունն է եղել հայ-ամերիկյան ռազմական գործակցության ուղղություններից մեկը: Կանզասի Ազգային գվարդիայի եւ հայկական զինուժի գործակցության պատմությունը մոտենում է երկրորդ տասնամյակին:
 
Մեկ այլ ուշագրավ հանգամանք է թերեւս այն, որ խոսքը հանրապետական կուսակցության ներկայացուցչի մասին է: Իհարկե, դարձյալ, ամերիկյան քաղաքականության բնույթի եւ կառուցվածքի տեսանկյունից վճռորոշ նշանակություն չունի, թե ինչ վարչակազմ է տվյալ պահին իշխանության ղեկին, քանի որ ամերիկյան համակարգն ընդհանուր առմամբ բավականին բալանսավորված երկկուսակցական համակարգ է: Այդուհանդերձ, խնդիրը տվյալ պարագայում վերաբերում է ավելի շուտ այն փիլիսոփայությանն ու ռազմավարական հայացքին, որով ԱՄՆ համակարգի երկու՝ հանրապետական եւ դեմոկրատական կուսակցությունները դիտարկում են Նահանգների միջազգային դերը, ռեգիոնալ անվտանգության ապագան եւ կառուցվածքը, այդ համատեքստում առանձին ռեգիոններում խնդիրները եւ ստատուս-քվոն:
 
Եվ այդ տեսանկյունից թերեւս հնարավոր է նշմարել գուցե ոչ վառ ընդգծված, սակայն տարիների ընթացքում բավականին նրբորեն նկատվող առավել ներդաշնակություն հանրապետական վարչակազմերի պատկերացումների եւ Հայաստանի պետական շահերի միջեւ, մասնավորապես կովկասյան ռեգիոնալ անվտանգային հեռանկարների առումով:
 
Թրամփի հանրապետական վարչակազմը առաջ է քաշել «իրողությունների ճանաչման» ոչ ֆորմալ կոնցեպտը, որը փորձում է ադապտացնել մերձավորարեւելյան ռեգիոնին, ինչի շղթայական ռեակցիան սակայն անխուսափելի է լինելու այդ ռեգիոնի անվտանգային համակարգի հետ փոխադարձաբար շաղկապված կովկասյան համակարգի համար:
 
Գործնականում դա է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի իրարանցման պատճառներից մեկը:
 
Ինչպես կծավալվի հայ-ամերիկյան օրակարգը այդ համատեքստում: Հայաստանը լոբբիստական կազմակերպությանը վարձել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության երկրորդ փուլի ընթացքում, որի ավարտը կլինի հոկտեմբերին Վաշինգտոնում: Դեռ պարզ չէ՝ արդյոք ավարտական հանդիպմանը ամերիկյան կողմը կլինի պետքարտուղար Պոմպեոյի մակարդակով: Հայկական պատվիրակությունը թերեւս կգլխավորի արտգործնախարար Մնացականյանը:
 
Մինչ այդ, Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքի տեքստում ԱՄՆ նախագահ Թրամփը նշել էր, թե անհամբերությամբ սպասում է  առաջիկա տարվա ընթացքում հայ-ամերիկյան հարաբերության խորացմանը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն