«Հայփոստ»-ը և «Պոչտա Ռոսսիի»-ն նախապատրաստում են երկու երկրների միջև առևտրի աճը խթանող համաձայնագիր. Հայկ Կարապետյան

24-09-2020 12:22:16   | Հայաստան  |  Հասարակություն



 Հայաստանի և Ռուսաստանի ազգային փոստային օպերատորներ «Հայփոստ»-ը և «Պոչտա Ռոսսիի»-ն նախատեսում են ստորագրել համաձայնագիր, որի գլխավոր բաղադրիչը լինելու է երկու երկրների միջև փոստային առաքումների սակագների նվազեցումը։ Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում նշեց «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, ով այդ պաշտոնն ստանձնել է 2020-ի ապրիլի 20-ին։
 
«Պաշտոնն ստանձնելուց հետո ուսումնասիրեցի տարբեր երկրների հետ «Հայփոստ»-ի հարաբերությունների ծավալը։ Տեսա, որ մեր գլխավոր տնտեսական գործընկեր Ռուսաստանի հետ փոստային հաղորդակցությունների ծավալը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների մակարդակին։ Պարզվեց, որ այդտեղ խոչընդոտող սակագներեն են՝ և մեկ, և մյուս կողմը։ Այդ սակագները կարգավորում է ոչ թե Եվրասիական տնտեսական միությունը, այլ Համաշխարհային փոստային միությունը»,- նշեց Հայկ Կարապետյանը՝ հավելելով, որ «Հայփոստ»-ի և «Պոչտա Ռոսսիի»-ի միջև կնքվելիք համաձայնագրի գլխավոր բաղադրիչը լինելու են փոստային առաքումների սակագները և՛ մեկ, և՛ մյուս կողմը, որոնք շատ կտարբերվեն ընթացիկ սակագներից։ Նա հույս հայտնեց, որ նոր նվազեցված սակագները մեծապես կխթանեն ինչպես Հայաստանից Ռուսաստան արտահանումը, այնպես էլ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը։ «Դա վերաբերում է նաև սովորական ծանրոցներին։ Դուք հեշտությամբ ՌԴ ցանկացած խանութից կկարողանաք պատվիրել ամեն ինչ այնպես, ինչպես ապրելիս լինեք Մոսկվայում։ Նույնը՝ Վլադիվոստոկի բնակիչը կարող է ինչ-որ բան գնել հայկական առցանց խանութից, առաքումն իրեն կհասնի 3-4 օրից այն գնով, կարծես այն գնումը կատարած լինի տեղի խանութից»,- նկատեց «Հայփոստ»-ի ղեկավարը։ 
 
Նրա խոսքով՝ փոստային ծառայությունների միջոցով Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումներն արդեն իսկ բավական էժան են և ամենուրեք հասանելի, քանի որ «Պոչտա Ռոսսիի»-ի ամբողջ Ռուսաստանի տարածքով մեկ տեղաբաշխված 32 հազար բաժանմունքներից կարելի է դրամական փոխանցում կատարել Հայաստան ընդամենը 1,2 տոկոսով։ «Ռուսաստանի փոստային բաժանմունք ունեցող ցանկացած գյուղից կարել է փոխանցում կատարել Հայաստանի այն գյուղ, որտեղից փոխանցողը եկել է Ռուսաստան։ Փոխանցումը կարելի է ստանալ «Հայփոստ»-ի  850 բաժանմունքներից ցանկացածից։ Այդ համակարգից օգտվելը կնպաստի «Հայփոստ»-ի զարգացմանը»,- ընդգծեց Հայկ Կարապետյանը։
 
Մանրամասնելով «Հայփոստ»-ի զարգացման ծրագրերը՝ ընկերության ղեկավարը նշեց, որ աշխարհում հայտնի Deloitte ընկերության հետ գործընկերությամբ
մոտ 2 ամսվա ընթացքում նախապատրաստվել է 200 էջ ներառող հնգամյա ռազմավարական ծրագրի նախագիծը, որի գլխավոր մասը ներկայացվել է ՀՀ կառավարությանը։ Զարգացման ուղղությամբ արդեն կատարվել են որոշակի քայլեր։ Երկու ամիս առաջ սկսված բարեփոխումների արդյունքում Երևանի փոստատարներն աշխատում են պլանշետով։ Մեկ ամիս հետո մոտ 900 փոստատարներն ամբողջ Հայաստանով են պլանշետներով աշխատելու, վճարելու կենսաթոշակները, նպաստները և ընդունելու կոմունալ վճարները։ 
Հետագա զարգացման առումով Հայկ Կարապետյանը կարևորեց աշխարհի երկրների լավագույն փոստային ծառայությունների առաջընթացի միտումներին հետևելը. «Դրանք վերափոխվել են, դիվերսիֆիկացրել իրենց ապրանքային շարքը, և ներկայում փոստը հոլդինգ է, որը, սովորաբար, միաժամանակ աշխատում է 5-6 շուկաներում. փորձում է 1 կետում հաճախորդին տրամադրել առավելագույն ծառայությունների քանակություն, որն ունի ծառայության տրամադրման միանման պրոֆիլ։ Օրինակ՝
դա փոստն է, էլեկտրոնային առևտուրը, լոգիստիկ ծառայությունները, անշարժ գույքի և գույքի կառավարումը, պետական ապարատի՝ «մեկ պատուհանի» և այլ ծառայությունները, որոշ երկրներում՝ տարեց մարդկանց համար նախատեսված  ծառայությունները,- նշեց նա։- «Հայփոստ»-ը նոր ռազմավարության շրջանակներում ուսումնասիրել է ըստ փոստային վարկանիշի 10 լավագույն երկրների փորձը և հանգել այն եզրակացության, որ եթե ցանկանում ենք լինել արդյունավետ ընկերություն, ֆինանսական առումով կայուն, պետք է 5 շուկաներում աշխատենք։ Այդ  պատճառով մենք արդեն մինչև տարվա վերջն ունենալու ենք մեր վճարային դրամապանակը, և մեր  հաճախորդները կենսաթոշակն ստանալու են դրամապանակին, որին կցվելու է վճարային ազգային «ԱրՔա» օպերատորի քարտը, և նրանք կկարողանան գումար կանխիկացնել և անել այն, ինչ կարելի է անել բանկային հաշվի միջոցով»։ Այդպիսով, ՀՀ կենտրոնական բանկից վարկային կազմակերպության լիցենզիա ստանալուց հետո «Հայփոստ»-ը հնարավորություն կստանա ֆինանսական ծառայությունները հասցնել Հայաստանի ամենահեռավոր գյուղեր՝ իր «Գյուղում՝ ինչպես քաղաքում» կարգախոսի շրջանակում, և դրանով կնպաստի Հայաստանի տարածաշրջանների հավասարաչափ զարգացմանը։
 
Բացի այդ, Հայկ Կարապետյանի խոսքով, «Հայփոստ»-ը նախատեսում է իր բոլոր 850 բաժանմունքներն ապահովել օպտիկամանրաթելային կապուղով։ Ներկայում այդպիսի կապուղի ունեն միայն 210-ը։ «Դա նշանակում է, որ վաղը այդ գյուղ հասած կապուղու  միջոցով այլ օպերատորները կկարողանան մատչելի գներով  ծառայություններ մատուցել, որ տեղի բնակչության համար բացվում է հեռավար ուսուցման և այլ հնարավորությունների հսկայական սպեկտր»,- ընդգծեց նա։ 
 
Անդրադառնալով «Հայփոստ»-ի ռազմավարական նպատակներին, ընկերության գործադիր տնօրենը նշեց, որ պլանավորված է արդեն 2025-ին ապահովել ընկերության ֆինանսական արդյունավետությունը։ «Անցյալ տարին «Հայփոստ»-ն ավարտել է 200 մլն դրամ բացասական արդյունքով, և այս տարվա բյուջեն ընդունվել էր մինուս 2 մլրդ դրամ  կանխատեսումով՝ հաշվի առնելով, որ համավարակի պատճառով 50 տոկոսով նվազել է միջազգային փոստային հաղորդակցությունը, հսկայական գումարներ՝ 600 հազար դոլարի կարգի, մենք ծախսել ենք ալկոգելի և այլ միջոցների համար։ Սակայն մենք կփորձենք ավելի փոքր բացասական արդյունքով փակել 2020-ը,- պարզաբանեց նա։- Առաջադրանքն է՝ առաջն երկու տարում կայունացնել «Հայփոստ» ընկերության ֆինանսական վիճակը, 2023-ին և 2024-ին ապահովել աճ, և 2025-ին մենք պետք է պատրաստ լինենք ՀՀ քաղաքացիներին մեր բաժնետոմսերի մոտ 30 տոկոսի վաճառքին Հայաստանի ֆոնդային բորսայի միջոցով։ Այսինքն՝ մենք ցանկանում ենք դուրս գալ IPO-ի, 30 տոկոսը տալ բնակչությանը, իսկ պետությունը կհսկի բաժնետոմսերի 70 տոկոսը և այդ մեծ ընկերությունը կտանի ճիշտ ճանապարհով»։ 
 
Հայկ Կարապետյանը ցավով նշեց, որ Հայաստանը փոստային համաշխարհային վարկանիշում այսօր գտնվում է 67-րդ տեղում 190 երկրների շարքում։ «Վարկանիշում մեր հարևաններն են Տանզանիան, Պակիստանը։ Մենք տարածաշրջանի առումով ամենավատն ենք։ Մեր հարևանները զբաղեցնում են 52-րդ, 44-րդ, իսկ տարածաշրջանային առաջատար Ռուսաստանն զբաղեցնում է 16-րդ տեղը»,- նկատեց նա՝ «Հայփոստ»-ի առաջընթացի համար կարևորելով նաև գույքի արդյունավետ կառավարումը։ Օրինակ՝ Ֆրանսիայի փոստային ծառայության տարեկան հասույթը 26 մլրդ եվրո է, որի 3 տոկոսը ձևավորվում է անշարժ գույքի միջոցով։ ««Հայփոստ»-ն էլ է անշարժ գույքի հսկայական քանակ վարձակալության տալիս, բայց դա դեռ կազմում է մեր հասույթի 1 տոկոսը։ Մենք խորհրդակցեցինք KPMG ընկերության հետ և եզրակացության եկանք, որ «Հայփոստ»-ի ունեցած յուրաքանչյուր շենքի համար պետք է  կազմել լավագույն օգտագործման թղթապանակ, և սկսել ենք մեր գլխավոր՝ Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող շենքից։ Կվերանորոգենք և այն կդառնա ժամանակակից շենք, իսկ դրա հետնամասում գտնվող 4 հարկանի շենքի տեղում պլանավորում ենք կառուցել «Հայփոստ թաուեր», և հին ու նոր շենքերը միացնել կամուրջներով»,- հայտնեց Հայկ Կարապետյանը՝ հավելելով, որ  «Հայփոստ թաուեր»-ը կլինի նոր զբոսաշրջային կենտրոն, որի տանիքին նախատեսվում է կառուցել մեխանիկական ճոճանակներ, որոնցից կերևա ամբողջ Երևանը և Արարատ լեռը։ Իսկ «Հայփոստ»-ի գլխավոր շենքի առաջին հարկում նախատեսվում է կառուցել գրախանութ 2000 քմ մակերեսով, որը կհամակցվի սրճարանի հետ։ 
 
«Այդ ամենը կմնա պետության հաշվեկշռում»,- ընդգծեց «Հայփոստ»-ի ղեկավարը՝ տեղեկացնելով, որ ընկերությունը «Կոնվերս բանկ»-ից ստացել է շինարարական նախագծի բանկ դառնալու և մի քանի բանկերի սինդիկատ կազմելու նախնական համաձայնություն։ Բացի այդ, նույն տեխնոլոգիայով բիզնես-կենտրոններ նախատեսվում է կառուցել «Հայփոստ»-ի 40 տարածաշրջանային կենտրոններում։ 
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 227 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար