Սարամեջ համայնքում արդյունավետ կառավարման խնդիր կա

25-09-2020 09:44:07   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն


 
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, սարամեջցիներին տված խոստմանը հավատարիմ, այսօր Սարամեջ համայնքում էր՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին, բնակչության դժգոհության պատճառներին: Մարզի ղեկավարին ուղեկցում էին մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաներ:
 
Բանն այն է, որ օրեր առաջ, Սարամեջ համայնքի մի խումբ բնակիչներ մարզպետարանի բակում տեսակցել էին մարզի ղեկավարին, ներկայացրել իրենց բողոքը՝ կապված համայնքային մի շարք խնդիրների հետ, իրենց դժգոհությունը նաև՝ համայնքապետի և ավագանու ոչ ռացիոնալ աշխատանքի վերաբերյալ:
 
Մինչ համայնքի բնակիչների հետ հանդիպումը՝ Ա. Ղուկասյանը ծանոթանում է նախորդ տարի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացված համայնքի գլխավոր ճանապարհի շուրջ 300 մ հատվածի ասֆալտապատման աշխատանքներին: Ասֆալտի խտությունը համապատասխանում է չափորոշիչներին, սակայն շինարարական կազմակերպությունը ասֆալտի մակերևութային մշակումն անորակ կերպով է իրականացրել, ինչն էլ առաջացրեց մարզի ղեկավարի դժգոհությունը: Ա. Ղուկասյանի պահանջն է՝ մեկ
շաբաթվա ընթացքում վերացնել բոլոր խնդիրները: Շինարարը խոստացավ վերացնել անորակությունները, նաև վստահեցրեց. երեք տարի ճանապարհի երաշխիքային սպասարկում կիրականացնեն:
 
Համայնքում այս տարի սուբվենցոն միջոցներով նաև գիշերային լուսավորության համակարգ է կառուցվում՝ տեղադրվել է 90 նոր լուսատու. այստեղ ևս մարզպետը խնդիրներ է արձանագրում և պահանջում՝ շտկել ամենասեղմ ժամկետներում:
 
Մարզպետարանի պաշտոնյաների հանդիպումը համայնքի բնակիչների հետ համայնքապետարանում էր:
 
Ա. Ղուկասյանի առաջին նկատառումն է՝ համայնքում իրականացվում է ոչ արդյունավետ կառավարում. համայնքի տարեկան բյուջեն շուրջ 46 մլն դրամ է, որից 30 մլն դրամը ծախսվում է համայնքապետարանի կառավարման ապարատի վրա: Համայնքում յուրաքանչյուր տարի առավելագույնը մեկ սուբվենցիոն ծրագիր է իրականացվում, մինչդեռ Ա. Ղուկասյանը համայնքի բնակիչներին վստահեցնում է, սեփական միջոցները արդյունավետ կառավարելով՝ համայնքային բյուջեից սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կարելի է յուրաքանչյուր տարի ներդնել 18-20 մլն դրամ, իսկ այդ գումարը պետությունը պատրաստ է կրկնապատկելու և եռապատկելու.
 
-Յուրաքանչյուր տարի սուբվենցիոն ծրագրերի հայտերի քննարկման ժամանակ առաջարկում ենք՝ շատ ծրագրեր ներկայացնել: Այն համայնքները, որոնք արդյունավետ են տնօրինում իրենց միջոցները կարողանում են առավելագույն թվով ծրագրեր իրականացնել, ինչից շահում է համայնքը և բնակիչը,-ասում է Ա. Ղուկասյանը՝ որպես օրինակ ներկայացնելով այլ համայնքների, որտեղ բնակչության գրեթե նույն թվաքանակի և համարժեք բյուջեի պարագայում աշխատակազմում գրեթե կիսով չափ ավելի պակաս աշխատակիցներ կան և կրկնակի անգամ ավելի շատ սուբվենցիոն ծրագրեր են իրականացնում:
 
Սարամեջ համայնքում, ինչպես
նշեցին բնակիչները, ոռոգման համակարգի կառուցման, ճանապարհի բարեկարգման, նոր կառուցված թաղամասի գազաֆիկացման, ինչպես նաև մանկապարտեզի կառուցման անհրաժեշտություն կա:
 
Մարզի ղեկավարը հորդորում է համայնքի ղեկավարին և ավագանուն. համայնքում մասնակցային կառավարում իրականացնել, բնակիչներին հանգամանորեն ներկայացնել բյուջեի եկամուտներն ու ծախսերը: Նրանց հետ համագործակցությամբ նաև որոշել համայնքի ամենառաջնային խնդիրները և ներկայացնել հաջորդ տարի սուբվենիցոն ծրագրերով իրականացնելու համար: Համայնքի բնակիչներին էլ մարզի ղեկավարը խորհուրդ է տալիս լինել ավելի նախաձեռնող և պահանջատեր:
 
Գ. Մարկոսյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնում ցանկացած օր այցելել համայնք և ակտիվ երիտասարդների հետ քննարկել առկա խնդիրները, դրանց լուծման ճանապարհներ նախանշել:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 153 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար