ՀՀ ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը․ ռազմական դրության սահմանափակումները


ՀՀ ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը․ ռազմական դրության սահմանափակումները

  • 27-09-2020 19:11:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ողջ տարածքում հայտարարվում է ընդհանուր զորահավաք, ՀՀ զինված ուժերը,  քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր մարմնի ուժերը փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի ու կառուցվածքի։
 
Կառավարության կայքում հրապարակված որոշման հավելվածով սահմանվում է ռազմական դրության ժամանակ կիրառվող սահմանափակումների շրջանակը։  
 
Ըստ հավելվածի՝ ՀՀ ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։
 
ՀՀ-ում եւ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող մարտական գործողությունների, պատճառված վնասների եւ կորուստների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների հրապարակային տարածումը կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հիման վրա՝ ամբողջությամբ, առանց խմբագրումների արտացոլելով պաշտոնական տեղեկատվության բովանդակությունը։
 
Ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը Կառավարությունը կայացրել է  ղեկավարվելով Սահմանադրության 119-րդ հոդվածով և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով։
 
Ռազմական դրություն հայտարարելու  որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը։
 
 Ըստ որոշման՝  Ադրբեջանի զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգ, ինչը սպառնում է մեր երկրի  ինքնիշխանությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու.
 
Կառավարության ընդունած որոշումը քննարկվում  է իրավունքի ուժով հրավիրված ԱԺ հատուկ նիստում։
 
Նախագիծը քվեարկության չի դրվում։  
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն