Նախագահի մասնակցությամբ Երևանում բացվել է «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովը»

10-10-2020 14:36:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո այսօր Երև
անում բացվել է «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովը»:
 
Հեռավար ձևաչափով անցկացվող գագաթնաժողովին մասնակցում են 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ ու վերլուծաբաններ:
 
Հանդես գալով բացման խոսքով՝ նախագահ Սարգսյանը ողջունել է բոլոր նրանց, ովքեր կոնֆերանսին հանդես են գալու որպես բանախոսներ, նրանց, ովքեր միայն մասնակցելու են ու նրանց, ովքեր հետևելու են կոնֆերանսի ընթացքին: «Չնայած ողջ աշխարհում, ինչպես նաև Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, մենք որոշեցինք կազմակերպել կոնֆերանսը,- ասել է նախագահը: - Սա չի լինի ավանդական եռօրյա միջոցառում, որի ընթացքում հնարավոր կլիներ նաև հիանալ Դիլիջանի և Հայաստանի Հանրապետության մյուս վայրերի գեղեցիկ պատկերներով: Սակայն հուսով եմ, որ մյուս տարի մենք կրկին կհավաքվենք»:
 
Հանրապետության նախագահի խոսքով, դժվար է լինելու մեկ օրում քննարկումներ ունենալ և պատասխանել բոլոր հարցերին, սակայն մի բան հստակ է. «Մենք պետք է անդրադառնանք հիմնական հարցին՝ աշխարհն իսկապես փոխվել է: Սա նոր աշխարհ է, և մեր համաժողովն էլ հենց այս խորագիրն ունի:
 
Կորոնավիրուսը՝ COVID-19-ը, ազդել է ոչ միայն մարդկանց, այլև երկրների տնտեսությունների, երկրների հարաբերությունների վրա: Այսօր մեր քննարկումները թերևս կկենտրոնանան երկու խնդրի վրա: Մեկը C-19-ն է՝ կորոնավիրուս-19-ը: Սակայն մենք պետք է խոսենք նաև C-20-ի մասին, որը Կովկաս-20-ն է՝ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ Արցախի Հանրապետության և, Թուրքիայի ներգրավվածությամբ, Ադրբեջանի միջև, խնդրին առնչվում է նաև Հայաստանը»:
 
Ինչ-որ առումով խորհրդանշական համարելով, որ գագաթնաժողովի քննարկումները սկսվում են ժամը 12:00-ին, նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ երեկ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի միջնորդությամբ համաձայնության են եկել հաստատել հրադադար: «Այս գործողություններն շարունակվում են արդեն շուրջ երկու շաբաթ և հարյուրավոր կյանքեր են խլել ու ավերածությունների պատճառ դարձել Լեռնային Ղարաբաղում, որտեղ հարվածներ
են հասցվել գյուղերի և քաղաքների,- նշել է նախագահը: - Մենք չենք կարող խուսափել C-19-ը քննարկելուց, և, միևնույն ժամանակ, չենք կարող չքննարկել C-20-ը»:
 
Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Մինսկի խմբի բոլոր նախագահներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին՝ միջնորդելու և հրադադարի հասնելու համար և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին և արտգործնախարար Լավրովին: «Հուսով եմ՝ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը»,- ասել նախագահ Սարգսյանը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 274 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար