Սպառնալիք դեպի Իրան. տարօրինակ ԱԹՍ

13-10-2020 15:20:37   | Իրան  |  Վերլուծություն



Իրանի Արդաբիլ նահանգի նահանգապետը հայտնել է, որ նահանգի գյուղերից մեկի ցանքատարածությունում ԱԹՍ է ընկել, որի ծագումը ներկայում ուսումնասիրում են, հասկանալու համար, թե որտեղից եւ ումն է այն: Այդ մասին նշել է Արմենպրեսը, հղում անելով իրանական Իռնա գործակալությանը:
 
Մեծ հավանականությամբ հնարավոր է պնդել, որ ԱԹՍ եկել է Ադրբեջանից: Թե հատկապես ի՞նչ ուղղությունից՝ դեռեւս պարզ չէ: Արդաբիլ նահանգը Ադրբեջանի հետ ունի բավական մեծ սահման եւ հեռու է ռազմաճակատի գծից:
 
Իրանը մի քանի օր առաջ կոշտ զգուշացրել էր ադրբեջանցիներին, իր տարածքի հանդեպ զգույշ
լինելու համար: Երեւում է, որ Ալիեւը մեղմ ասած անտարբեր է այդ զգուշացումների հանդեպ, եթե իհարկե Ադրբեջանի տարածքում ռազմական շարժերը ներկայում որոշում է նա, եւ ոչ թե Էրդողանն ու Նաթանյահուն, որոնց սպառազինությամբ եւ աջակցությամբ է Ալիեւը պատերազմում Արցախի դեմ, այդ թվում ԱԹՍ-երի լայն կիրառմամբ:
 
Երբ Հայաստանը սկսեց Իսրայելի հետ հարաբերության հաստատման, հարաբերության սերտացմանն ուղղված գործընթաց, Թեհրանում մի քանի բողոքի ակցիաներ եղան Հայաստանի դեսպանատան դիմաց: Ովքե՞ր էին իրականացնում այդ ակցիաները, պարզ չէր:
 
Փոխարենը, Թեհրանում կարծես թե որեւէ հանրահավաք չի եղել Ադրբեջանի դեսպանության դիմաց, պահանջով, որպեսզի Բաքուն դադարեցնի իսրայելական ռազմական տեխնոլոգիաների տեղայնացումը: Թե ինչի համար էր այդ տեղայնացումը պետք Իսրայելին, Իրանի համար թերեւս բարդ չէր գլխի ընկնել: Բայց տարօրինակ է, որ ոչ ոք գլխի չէր ընկել բողոքի որեւէ ակցիա անել ընդդեմ Ադրբեջանի:
 
Թեհրանը գուցե մտածում էր, որ այդպիսով կարող է լարվել հարաբերությունն Ադրբեջանի հետ, ինչը կզրկի
Թեհրանն ազդեցության էական հնարավորությունից, զիջելով Ադրբեջանը Մոսկվայի, Անկարայի եւ Թել Ավիվի հետ մրցակցությունում:
 
Բայց Իրանը պարտվում է, եւ ԱԹՍ-ը դրա հերթական վկայությունն է, որը Թեհրանի առաջ սկզբունքորեն դնում է հարցը՝ ի վիճակի է խիստ պահպանողական Իրանը ռեգիոնալ վերափոխումների ներկայիս վճռորոշ, ճակատագրական փուլում արագ տրանսֆորմացվել նախաձեռնող խաղացողի:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 223 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար