Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի աշխարհքաղաքական առանցքը


Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի աշխարհքաղաքական առանցքը

  • 29-09-2020 18:30:53   | Հայաստան  |  Վերլուծություն

ԵԱՀԿ շրջանակներում կոպենհագենյան հանդիպման շուրջ հայ հասարակության մեջ ծավալված բանավեճը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ոչ քաղաքական շրջանակները, ոչ պետական կառույցները չունեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ամբողջական, քաղաքագիտական ընկալում: Սրա արդյունքում ի հայտ են գալիս խիստ ծայրահեղականացված տեսակետներ՝ խնդիրը մատնելով երկու հակադիր բեւեռների քմահաճույքին, ինչը վտանգավոր է ցանկացած էթնո-տարածքային հակամարտության պարագայում: Լինի դա անձնատուր լինելու մտայնությունը, թե համայն աշխարհին ազգովին դիմագրավելու ռազմատենչ կեցվածքը, երկուսն էլ ընդհանուր ոչինչ չունեն Լեռնային Ղարաբաղի արդար դատի պաշտպանության հետ: Ավելին, հենց ծայրահեղությունների բախման պատճառով է, որ երբեւիցե կարող ենք տանուլ տալ: Տարիներով ձեւավորված թյուր տեսակետը, թե Արցախը սոսկ ազգային խնդիր է, իսկ աշխարհը միանշանակորեն դեմ է տրամադրված նրա հանգուցալուծմանը, ավելորդ լարվածություն է ստեղծում՝ դրդելով զանգվածներին, պատասխանատու պաշտոնական անձանց, քաղաքական կազմակերպություններին՝ գործողությունների, որոնք գործնականում ավելի շատ վնասում են, քան օգուտ տալիս:
 
Քաղաքագիտությանն ու դիվանագիտության պատմությանը բավականաչափ տեղյակ ցանկացած մեկը կփաստի, որ աշխարհքաղաքական գործընթացներում պատահականության գործոնը նվազագույն է, իսկ առավել հաճախ բացակայում է իսպառ: Ուստիեւ նրանցում ընդգրկված միավորների կողմից կտրուկ շրջադարձերի փորձերը ենթակա են պատժի, քանզի հավակնում են ծրագրավորված գործողությունների մեջ ներմուծել պատահականության կամ անկանխատեսելիության տարրը: Այս տեսանկյունից, կոպենհագենյան հանդիպումից առաջ եւ ընթացքում հայ քաղաքական դաշտը թույլ տվեց միանգամից երկու աններելի սխալ, որի համար, անկասկած, արդեն մոտ ապագայում ստիպված ենք լինելու թանկ գին վճարել: Առաջին սխալը բնականաբար Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջադրված կեղծ երկընտրանքն էր ի դեմս «պատերազմ, թե՞ խաղաղություն» հարցադրման, ուր չհիմնավորված եզրակացություններ էին արվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ միջազգային հանրության բացասական վերաբերմունքի մասին: Նախագահական պարզամտությունը, թե իբր պաշտոնական Երեւանը կամ Ստեփանակերտը կարող են ինքնուրույն որոշումով հրաժարվել թուրքական մենաքարի կայացմանը խոչընդոտելու՝ իրենց վերապահված աշխարհքաղաքական դերից, ցավոք հակակշռվեց ռազմատենչության քարոզարշավով, ինչեւ երկրորդ սխալն էր, քանզի ժամանակակից աշխարհը շատ դյուրազգաց է հոխորտասեր հասարակությունների նկատմամբ: Իրականում նման զգացմունքայնությունը չի կարող որեւէ վճռական ազդեցություն գործել միջազգային ատյանների որոշումների վրա, սակայն հիմք է տալիս նրանց հավելյալ փորձությունների ենթարկել ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ժողովրդին:
 
Ի վերջո, դժվար է չհասկանալ, որ անկախ դիվանագիտական բնույթի խարդավանքներից՝ աշխարհքաղաքական գործընթացների ներկայիս ուղղվածությունը նպաստավոր է եւ համընկնում է Արցախի բնակչության ազատ ապրելու ձգտմանը: Այս փաստը պետք է հստակ գիտակցել եւ խուսափել ավելորդություններից, որոնք ընդամենը բարդացնում են միջազգային ատյանների աշխատանքը՝ թաքցնելու իրենց կողմնակալությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ մյուս էթնո-տարածքային հակամարտություններում: Սա բնականաբար հայասիրության կամ հայանպաստության հետ ոչ մի կապ չունի,  պարզապես ժամանակի քաղաքական տրամաբանությունը ուղղված է բազմազգ երկրների, մեծ ու փոքր կայսրությունների դեմ, որոնցից մեկն էլ Ադրբեջանն է: Իսկ Ադրբեջանը բացի այն, որ միկրոկայսրություն է, նաեւ նավթակիր երկիր լինելու դժբախտությունն ունի: Երկու հանգամանք, որ կանխորոշում են նրա դատապարտվածությունը եւ Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքը: Ավելին, եթե Ռուսաստանի Դաշնության ներկայիս տարածքում ազգային պետությունների (այդ թվում նաեւ մի քանի ռուսական պետությունների) ձեւավորման գործընթացը շարունակվի նույն տեմպերով, ապա շուտով հայերը ստիպված են լինելու լիակատար վերահսկողություն հաստատել Քուռ գետից արեւմուտք գտնվող ողջ տարածքի վրա: Բայց…
 
Եւ այս «բայց»-ի վրա է, որ կարիք ունենք բավարար խորությամբ խորհել եւ համապատասխան եզրակացությունների հիմքի վրա կազմակերպել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականությունը: Չխորշենք կրկնողությունից եւ կրկին շեշտենք, որ ժամանակակից աշխարհքաղաքականության տրամաբանությունն ուղղված է պատմական ավանդականությամբ հաստատված բազմազգ երկրների անդամահատմանը (տվյալ դեպքում առանց գնահատելու այդ գործընթացի դրական կամ բացասական նշանակությունը), անկախ նրանց կազմարար էթնոսի ռասայական պատկանելությունից, կրոնական ուղղվածությաունից եւ ազգագրական բնույթի այլ հատկանիշներից: Եւ սա ոչ միայն Եվրասիայի կամ Աֆրիկայի խնդիրն է, այլեւ Նոր աշխարհի, այդ թվում նաեւ՝ Հյուսիսային Ամերիկայի: Ողջ հարցը փուլային հերթականությունն է, ուր բնականաբար նախկին Խորհրդային Միության եւ նրան հարակից երկրների խնդիրը, ի երջանկություն ոմանց եւ ի դժբախտություն այլոց, հրամայական առաջնայնություն է ձեռք բերում: Սակայն «բոլոր ժողովուրդներին իրենց հայրենիքը» նպատակադրվածության մեջ առկա է առանցքային նշանակության վերապահությունը՝ ըստ նրանց կենսունակության աստիճանի, իսկ ավելի ճիշտ՝ ըստ նրանց համապատասխանելիությանը «փրկված սերունդներին», համաձայն ամերիկյան փիլիսոփայության նախակարապետների կողմից աստվածային ուսմունքի գործնական ընկալման: Իսկ սա նշանակում է, որ պատմական հայրենիքում բնակվող բոլոր այն ժողովուրդները, որոնց ներկա սերունդներն իրենց բարոյական հատկանիշներով չեն համապատասխանում »փրկված սերունդներ» կոչվածի չափանիշներին, կարող են եւ չարժանանալ «հայրենիքի իրավունքին», լրացնելով «մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում» սկզբունքի վերջին հատվածին անդամագրվելու հավակնորդների թիվը:
 
Այսպիսով, որեւէ զգացմունքայնությունից դուրս, խիստ կոնկրետ մոտեցում ցուցաբերելով իրադարձությունների զարգացմանը 20-րդ դարի վերջի աշխարհքաղաքականության տրամաբանության շրջանակներում, կարող ենք արձանագրել հետեւյալ հուսադրող ու ինքնին դրական փաստը՝
 
ա. հայ ժողովուրդը բնիկ է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի տարածքում,
 
բ. բոլոր այն տարածքները, որ առնչվում են ազգային Պահանջատիրությանը, մասն են պատմական հայրենիքի եւ ենթակա են վերադարձի հայ ժողովրդին, լինի դա արեւելքում մինչեւ Քուռ գետն ընկած տարածքը, թե արեւմուտքում, որ դիվանագիտության պատմության մեջ հայտնի է  իբրեւ «Թուրքահայաստան» (Արեւմտահայաստան):
 
 
Ցավոք սակայն, վերը նշված երկու պարագան անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են, որպեսզի աշխարհքաղաքական տրամաբանությունը դասի հայ ժողովրդին «հայրենիքի իրավունքին արժանի փրկված սերունդների» շարքին, քանզի՝
 
ա. հայ ազգային միտքն առայսօր չի արձանագրել ազգային Պահանջատիրության հստակ շրջանակները եւ պատրաստ է հարափոփոխ հավակնությունների, դրանով իսկ ի սկզբանե դատապարտվելով մասնատման արժանի բազմազգ երկիր դառնալու հեռանկարին,
 
բ. Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղը իրենց ինքնիշխանության տարիներին չապահովեցին համայն հայության «ելից խորհուրդը» Հայրենիք, ընդհակառակը, տվեցին նոր արտահոսք, ինչը հարիր չէ «հայրենիքի իրավունքին արժանի փրկված սերունդների» հայեցավարքին,
 
գ. ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ Լեռնային Ղարաբաղում չի գործում յուրազգիի նկատմամբ ամենաներման սկզբունքը, տեղի տալով դավանաբանական, կրոնական, ծագումնաբանական եւ լեզվական խտրականությանը, ինչը խոչընդոտում է ներազգային համընդհանուր եղբայրության հաստատմանը,
 
դ. Հայրենիքի իրավունքի գիտակցությունը նենգափոխված է իշխանության իրավունքով եւ յուրազգիների շրջանում սոցիալական օտարվածության ամրագրման գիտակցությամբ, իսկ դա հիմնովին հակասում է հանրությանը իշխանության ծառա լինելու (ինչ առօրյայում կոչվում է «ժողովրդավարություն») պահանջին,
 
ե. հայերն իրենց «ազատության բնական իրավունքը» դիտարկում են երկնային Կամքից դուրս՝ մարդկային ինքնահաստատումը դիտելով վեր աստվածային Խորհրդից:
 
Իհարկե, կարելի է գիտակցաբար, կամ հիմնականում պատվախնդրության հագուրդով ընդունել միայն «իրավունքը», բայց հազարամյակների պատմության փորձը վկայում է, որ առարկայական իրողությունները ձեւավորվում են «պատասխանատվության» հիմքի վրա: Վերջապես պատահական չէ, որ գոնե վերջին հարյուրամյակում մեծ տերությունները, ուր իշխանությունների թե ներքին եւ թե արտաքին քաղաքականությունը կառուցվել եւ կառուցվում է «պարտավորության» հրամայականով, փոքր ժողովուրդներին արտոնում են խոսել «իրավունքի» անունից, ինչի հետեւանքները քաջ հայտնի են: Եւ ահա հենց այս ենթատեքստում մոտենանք հարցադրմանը. «ովքե՞ր են հայ ժողովրդի բարեկամները եւ ինչո՞ւ են նրանք ուզում կործանել մեզ»: Հայ ժողովրդի բարեկամները, ինչպես հայտնի է, անսպառ են, քանզի իրենց հիմնական մասով ներկայացված են անհատներով, ինչը ցավոք մեր «հայրենասերների» կողմից հայ հասարակությանը հաճախ եւ ավանդականորեն ներկայացվում է իբրեւ տվյալ անձանց քաղաքացիությունը հաստատող փաստաթղթով պայմանավորված երկրների բարեկամություն: Նույն տխուր ավանդույթի համաձայն այդ «բարեկամները» գովերգում են մեր ունեցած եւ չունեցած արժանիքները, դրդելով մեզ մեկ բանի՝ գնալ ընդդեմ կամ գոնե հակառակ աշխարհքաղաքական տրամաբանությանը, իսկ մենք նրանց նույնչափ ամրագրված ավանդույթի համաձայն մեծարում ենք եւ հռչակում «հայասեր», «հայանպաստ», անգամ եկեղեցական, իսկ այժմ նաեւ՝ պետական մեծարումներ շնորհում: Ցավալի է իհարկե, որ Հավատի 1700-ամյա պատմությունն ունեցող ժողովուրդը Քրիստոսի ուսմունքից սերտել է միայն երկու սկզբունք՝ «հարգված չէ առաքյալը յուր երկրի մեջ» եւ «միայն բարի սամարեացին է, որ կարող է օգնության ձեռք մեկնել»: Սրանցից յուրաքանչյուրը ինքնին Ճշմարտություն է, բայց իբրեւ հասարակության վարքագծի ուղեցույց՝ կործանարար, քանզի ընկալվում է Ուսմունքից դուրս եւ բացարձակացվում հակառակ Խոսքի, որ «մի սարքիր քեզ կուռքեր եւ մի երկրպագիր նրանց»: Իսկ հայ ժողովրդի «բարեկամները» հասարակայնորեն հռչակված կուռքեր են, ինչն ըստ Հավատի դուրս է թողնում մեզ Աստծո Արքայությունից:
 
Դավանաբանական խութերում կատարված այս փոքրիկ եւ պարզ էքսկուրսը կոչված էր ցույց տալու հայ ընթերցողին վտանգի աստիճանը, որ կրում է փարիսեության նկատմամբ վստահությունն ընդհանրապես եւ ազգային հարցում ՝ մասնավորապես: Միամտություն է կարծել, որ պատմական իրականության հստակ ուրվագծեր ստացող Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի սպառնալիքը չի անհանգստացնում հայ ժողովրդի հեռու եւ մոտ հարեւան – բարեկամներին, որոնք սովոր էին նվազագույնը վերջին երկու հարյուրամյակում գոնե փառահեղ ռեքվիեմի նոտաների տողատակից խոսել հայության ապագայի մասին: Եւ համաշխարհային ընթացքի դռները թակող հառնության երկրորդ հրաշքը կանխելու համար է, որ շահարկվում է ամեն ինչ՝ մեր զգացական հայրենասիրությունից մինչեւ այդքան մարդկային պատվախնդրությունը զավակների հեղած արյան նկատմամբ: Նրանք համոզված են, որ մենք խորապես չենք գիտակցել «նեղ դռներով» փրկության հասնելու՝ տիրունական իմաստությունը, եւ հնարավոր բոլոր միջոցներով դրդում են մեզ նորից անցնել «լայն դարպասներով», որ կործանման է տանում: Այս նպատակով են կազմակերպվում հայափառաբանության էժանագին շոուները միջազգային ատյաններում, կերտվում «հայոց անկոտրում կամքի» եւ «զենքի անպարտելիության» առասպելները, իսկ զինվորական բռնապետության հաստատման շեմին կանգնած երկիրը մատուցվում է իբրեւ «ժողովրդավարության կղզի»: Ահա փորձությունը, որին ցավոք ենթարկվում է հայ ազգային- քաղաքական գործիչների, կազմակերպությունների մեծամասնությունը:
 
Բավարա՞ր է արդյոք համազգային խոհեմությունը՝ չհավատալ կործանվող ռուսական բաբելոնից շռայլվող խոստումներին, չենթարկվել միջազգային դրամակիր կավատ -կազմակերպությունների պահանջներին եւ գոնե ի պատիվ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի՝ հրաժարվել քաղաքականևհասարակական քրմավարությունից: Եթե այո, ապա սերունդն այս անցած չի լինի, երբ իրականություն դարձած կլինի սերունդների երազը: Սա է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ ողջ հայության կյանքի ու մահվան աշխարհքաղաքական առանցքը, հավատարմությունը որին պարտք է եւ պարտավորություն:
 
09.01.98
 
Տիգրան Հայրապետյանի 1998 թ. գրված այս հոդվածն անդրադառնում է Ղարաբաղյան խնդրի էության եւ ընկալման հիմնախնդիրներին: Նյութը տրամադրել է Տիգրան Հայրապետյան հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նազենի Ղարիբյանը:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play