Հարութ Սասունյան. Հայերը պետք է միավորվեն՝ Արցախի վրա Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ հարձակման դեմ


Հարութ Սասունյան. Հայերը պետք է միավորվեն՝ Արցախի վրա Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ հարձակման դեմ

  • 30-09-2020 09:56:01   | ԱՄՆ  |  Վերլուծություն

2020 թ․ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի և իսլամիստական ջիհադական վարձկանների անմիջական մասնակցությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեց Արցախի դեմ։
 
Թուրք-ադրբեջանական կողմը հարձակվեց ոչ միայն հայկական զինված ուժերի, այլև տարբեր գյուղերի խաղաղ բնակիչների և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի վրա։ Խիստ մտահոգիչ էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռների գործունեությունը պատերազմական գոտում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Հայաստանի հասցեին հնչեցրած մի քանի սպառնալիքներից հետո:
 
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, երբ գրվում էր այս հոդվածը, մարտերը դեռ շարունակվում էին։ Հուսով ենք, որ Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կմիջամտեն և կդադարեցնեն արյունահեղությունը: Մինչ այժմ սպանվել է 370 ադրբեջանցի զինվոր, այդ թվում ՝ փոխգնդապետ Մեհման Միրազիզը: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ հայկական ուժերի կողմից վիրավորվել և գերեվարվել է գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովը: Բացի այդ, սպանվել են 81 օտարերկրյա իսլամիստական ջիհադական վարձկաններ: Զոհվել է 84 հայ զինվոր և վիրավորվել ավելի քան 100 մարդ, հիմնականում խաղաղ բնակչության շրջանում։ Թուրքիան, որն այս իսլամիստական ահաբեկիչներին մեծ թվով տեղափոխել է Ադրբեջան, խոստացել է նրանց ամսական վճարել հազարավոր դոլարներ: Ամոթալի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հսկայական զինված ուժերով չափազանց վախկոտ են իրենց սեփական զինվորներով կռվելու համար և վարձկաններ են ներկրում Հյուսիսային Սիրիայից: Հուսանք, որ այս վարձու ահաբեկիչները կարժանանան նույն ճակատագրին, ինչ աֆղան մոջահեդներն ու չեչեն վարձկանները, որոնք 1990-ականներին բերվել էին Ադրբեջան՝ հայկական ուժերի դեմ կռվելու համար: Նրանցից շատերը ոչնչացվեցին մարտադաշտում, իսկ մնացածը հեռացավ  Ադրբեջանից ՝ տեսնելով ադրբեջանցի զինվորների վախկոտ պահվածքը: Բացի այդ, հայկական ուժերը ոչնչացրել են Ադրբեջանի չորս ուղղաթիռ, 36 տանկ և զրահատեխնիկա, 27 անօդաչու թռչող սարք, ներառյալ Իսրայելից և Թուրքիայից ձեռքբերվածները:
 
Ռուսաստանը և ԱՄՆ-ը հայտարարություններ տարածեցին՝ կոչ անելով հրադադար հաստատել և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Հատկանշական է, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարեց՝ «արտաքին ուժերի մասնակցությունը բռնության սրմանը կլինի խիստ վնասակար և կարող է միայն վատթարացնել տարածաշրջանի լարվածությունը»: Սա անուղղակի կոչ էր Թուրքիային՝ չխառնվել Արցախյան հակամարտությանը։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների կառավարությունը չպետք է բավարարվի զուտ խոսքեր ասելով և պետք է պատժամիջոցներ կիրառի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի դեմ՝ նրանցից ոչ մեկին զենք կամ արտաքին օգնություն չտրամադրելով: Բացի այդ, տեսնում ենք նույն անիմաստ հայտարարությունը, որով հորդորում են երկու կողմերին դադարեցնել կրակը՝ չդատապարտելով հարձակումները նախաձեռնած կողմին, որը միշտ Ադրբեջանն է: Համոզված եմ, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը քաջատեղյակ են, թե ովքեր են սկսել հարձակումները:
 
Համոզված եմ, որ հայերի մեծ մասը գիտակցում է, որ այս կրիտիկական պահին, երբ վտանգված է Հայաստանի և Արցախի բնակչության կյանքը, նրանք պետք է զերծ մնան իրենց անձնական կամ հատվածական վեճերը շարունակելուց: Ներքին տարաձայնությունների մեջ մտնելու ժամանակը չէ: Առաջնայինը ընդհանուր թշնամուն զսպելն է: Մենք բոլորս պետք է հավաքվենք Հայաստանի կառավարության շուրջ: Նմանապես, սփյուռքահայերը պետք է մի կողմ թողնեն իրենց մանր-մունր վեճերը և միավորվեն: Գիտեմ, որ ամերիկահայերից շատերը զբաղվել են ԱՄՆ-ի գալիք նախագահական ընտրություններում տարբեր թեկնածուների աջակցությամբ և Ֆեյսբուքը լի է նրանց բուռն մեկնաբանություններով: Բոլորին հորդորում եմ ընդհատել այս քաղաքական վեճերը և համախմբվել Հայաստանի ու Արցախի շուրջ: Մենք բախվում ենք շատ ավելի մեծ և հզոր թշնամիների՝ Ադրբեջանին ու Թուրքիային: Միայն մեր համախմբված ջանքերն ու խելացի մարտավարությունը կարող են պաշտպանել մեզ՝ խուսափելու ցեղասպանության կրկնությունից:
 
Չնայած ես ռազմական փորձագետ չեմ, սակայն որոշ ողջամիտ առաջարկներ ունեմ Հայաստանի ղեկավարներին: Սա կողմնակցական հարց չէ: Ես նույն առաջարկությունն արել եմ Հայաստանի նախորդ և ներկա կառավարություններին, ցավոք, ապարդյուն: Կցանկանայի հիշեցնել Հայաստանում գտնվող մեր քաղաքական ղեկավարներին, որ նրանք անմիջապես հայտարարեն, որ հետաձգելու են բոլոր բանակցությունները մինչև այն պահը, երբ Ադրբեջանն ու Թուրքիան դադարեցնեն կրակը Հայաստանի և Արցախի ուղղությամբ: Ինչպե՞ս կարելի է խաղաղ բանակցություններ վարել, երբ մյուս կողմը զենքը պահում է գլխիդ։ Հայաստանը պետք է հայտարարի աշխարհին, որ մենք կողմ ենք խաղաղ բանակցություններին, սակայն անընդունելի է, որ Ադրբեջանը շարունակի կրակել ենթադրյալ բանակցությունների ընթացքում։ Ի՞նչ բանակցություն կարող է լինել: Կարելի է կա՛մ կռվել, կա՛մ խոսել, բայց ոչ երկուսը միաժամանակ։ Եթե բանակցություններն ընդհատվեն, Ադրբեջանը պարտվողը կլինի, քանի որ դա միակ ճանապարհն է, որով նա հույս ունի հասնել փոխզիջումների: Ադրբեջանին ձեռնտու է դադարեցնել կրակոցները և սկսել բանակցությունները: Միջազգային հանրությունը միայն Ադրբեջանին կմեղադրի խաղաղ բանակցությունները տապալելու մեջ: Նման ողջամիտ պայման չդնելով բանակցությունների համար՝ Հայաստանը փաստորեն խրախուսում է Ադրբեջանին շարունակել կրակել Հայաստանի և Արցախի ուղղությամբ ՝ խլելով բազմաթիվ հայ երիտասարդների կյանքեր: Այլևս ոչ մի բանակցություն, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել այս շարունակական գրոհները:
 
Իմ հաջորդ առաջարկը՝ չպետք է երբեք թշնամուն հայտնել, թե որտեղ ենք հարձակվելու կամ չենք հարձակվելու: Այն բանից հետո, երբ հուլիսին Ադրբեջանի զինված ուժերի խոսնակը սպառնաց, որ Ադրբեջանը կարող է գրոհել հայկական ատոմակայանի վրա, ես հուսախաբ եղա, լսելով Հայաստանի մի պաշտոնյայի հայտարարությունը, որ Հայաստանը երբեք չի հարձակվի Ադրբեջանի քաղաքացիական թիրախների վրա: Պետք չէր նման հայտարարություն անել: Թող թշնամին կռահի, թե ինչ եք անելու կամ չեք անելու պատերազմի դեպքում: Եթե Հայաստանը կարծում էր, որ նման հայտարարություն անելով կարժանանա միջազգային հանրության գովասանքին, ապա չարաչար սխալվում է: Պատերազմը «բարի տղա» խաղալու ժամանակը չէ: Աշխարհը հարգում է միայն ուժը: Իրավունքներն ու լավ վարքը հաշվի չեն առնվում: Թող ադրբեջանցիները մտահոգվեն, որ Հայաստանը կարող է հարձակվել իրենց ամբարտակների, խողովակաշարերի, նավթահանքերի և խաղաղ բնակչության վրա: Մենք չպետք է հայտարարենք՝ կարո՞ղ ենք հարձակվել այդպիսի թիրախների վրա, թե ոչ: Այս շաբաթ Ադրբեջանը չվարանեց հարձակվել Ստեփանակերտի վրա, մենք ինչու՞ պետք է հայտարարենք, որ շահագրգռված չենք պատասխան գործողություններ անելու նմանատիպ ադրբեջանական թիրախների վրա:
 
Վերջապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորությունը «սեղանի վրա է և վերանայման կարիք ունի»: Սա ողջունելի հայտարարություն է: Անցյալ տարի Փաշինյանն արդեն հայտարարել էր Ստեփանակերտում, որ «Արցախը Հայաստան է և վե՛րջ»։ Հայաստանի նախորդ կառավարությունը ևս հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Ժամանակն է, որ Հայաստանը այդպիսի որոշում կայացնի, որը պատշաճ պատասխան կլինի թուրք-ադրբեջանական հարձակմանը Արցախի վրա։
 
Ես կոչ եմ անում աշխարհի բոլոր հայերին համախմբվել և հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանել Հայրենիքն ընդդեմ իրենց թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքիայի:
 
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play