Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին


Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին

  • 30-09-2020 18:15:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ներկայիս ռազմական իրավիճակից ելնելով՝ Հայաստանի իշխանությունը քննարկում է Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորությունը՝ հայտարարել է վարչապետ Փաշինյանը առավոտյան՝ ռուսական 8 լրատվամիջոցի տված հարցազրույցի ժամանակ։ Փաշինյանի խոսքով՝ օրակարգում է նաև Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցը։
 
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Հայաստանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ կայունության հաստատմանը: Մենք նպատակ ունենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատել: Մենք չենք ցանկանում, որ այս իրավիճակը կրկնվի երկու-երեք տարի հետո։ Բայց Հայաստանը երբեք չի գործի ի վնաս իր և Լեռնային Ղարաբաղի ազգային շահերի։
 
Ռուսական լրատվամիջոցները Հայաստանի ղեկավարից հետաքրքրվել են ՀԱՊԿ-ին դիմելու հավանականության մասին։ Հարցը պատահական չէր՝ թեման ակտիվացավ սեպտեմբերի 28-ին, երբ Ադրբեջանը թիրախավորեց Հայաստանի տարածքն ու խաղաղ բնակչությանը։ Փաշինյանը հստակեցրեց՝ Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին:
 
ՀՀ վարչապետ - ՀԱՊԿ-ին դիմելը քաղաքական հարց է, մեր երկիրը սերտորեն աշխատում է կազմակերպության հետ։ Հայաստանի ԶՈՒ-երը ի վիճակի են պաշտպանել երկրի անվտանգությունը։ Հայաստանը բոլոր միջոցներով ապահովելու է իր անվտանգությունը։ ՀԱՊԿ-ի հետ թե առանց ՀԱՊԿ-ի՝ դա արդեն այլ հարց է։ Մենք քննարկում ենք մեր անվտանգության ապահովման բոլոր հնարավորությունները՝ կախված իրավիճակից և ընդհանուր քաղաքական համատեքստից։
 
Սահմանային էսկալացիայի 4 օրերի ընթացքում Փաշինյանն ու Պուտինն արդեն երկու հեռախոսազրույց են ունեցել, բայց Ռուսաստանի ռազմական միջամտության հարց օրակարգում չի քննարկվել: Ռուս լրագրողներին ասել է Փաշինյանը։ Լրագրողները նաև հարցրել են՝ իսկ Հայաստանը պատրա՞ստ է քննարկել Երևան-Մոսկվա-Բաքու եռակողմ հանդիպման հնարավորությունը, եթե նման առաջարկ ստանա:
 
ՀՀ վարչապետ - Ինտենսիվ գործողությունների ընթացքում այնքան էլ նպատակահարմար չէ խոսել գագաթնաժողովների մասին: Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ բանակցությունների համար անհրաժեշտ են պայմաններ և մթնոլորտ: Հայաստանը միշտ պատրաստ է եղել խաղաղ կարգավորման։
 
Ռուսական մասնակցության թեման շարունակելով՝ լրագրողները հարցրել են՝ իսկ Երևանը չի՞ դիտարկում Գյումրիում տեղակայված 102-րդ ռամզաբազայի ներուժի օգտագործումը՝ հաշվի առնելով պատերազմում Թուրքիայի ակտիվությունն ու Հայաստանի սահմանին թուրքական F-16 կործանիչի կողմից ՍՈՒ-25-ի խոցման փաստը։
 
ՀՀ վարչապետ - Ռուսական բազան Հայաստանի անվտանգության համակարգի անբաժան մասն է, ու բազայի ներուժը պետք է օգտագործվի կոնկրետ դեպքերում։ Արդյոք ներկայիս իրավիճակն այդպիսի՞ն է։ Հասկանալի է, որ ոչ։ Բայց լրիվ հնարավոր է` ստեղծվի իրավիճակ, որ պետք լինի օգտագործել բազայի ներուժը։
 
Հայաստանն ամեն ինչ կանի, որպեսզի ապահովի իր օդային անվտանգությունը՝ շեշտել է վարչապետն ու հայտարարել, որ պաշտոնական Երևանի օրակարգում նաև չկա օտարերկրյա խաղաղապահների մուտքը Արցախի տարածք։ Փաշինյանը նաև տեղեկացրել է՝ Հայաստանը պատրաստ է հոկտեմբերի 9-ին Երևանում անցկացնել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, ձևաչափի փոփոխություն չի քննարկվել:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն