Ինչ է կատարվում Հայաստանում


Ինչ է կատարվում Հայաստանում

  • 21-10-2020 10:44:32   | Հայաստան  |  Վերլուծություն

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ, ըստ ՀԱԿ խոսնակի՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով»: Մինչ այդ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկումը դարձյալ վերաբերել էր Արցախի շուրջ առկա վիճակին եւ հեռանկարներին:
 
Նախօրեին վարչապետ Փաշինյանը նույն թեմայի շրջանակում երկրորդ հանդիպումն էր ունեցել արտախորհրդարանական ուժերի հետ, դրանից առաջ էլ անցկացնելով խորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցությամբ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:
 
Դրանից առաջ հայտարարություն էին տարածել կուսակցությունները՝ հայտնի եւ ոչ այնքան, որով պահանջում էին ստեղծել իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբ, ներառել նախկին նախագահներին, վարչապետներին, նախարարներին եւ օժտել որոշումների լիազորությամբ: Հայտարարությունը առաջացրել էր հանրային հակասական արձագանքներ, սակայն վարչապետի արձագանքը բավական զուսպ էր եւ հանդարտ՝ հայտարարությունն ընդունվել է ի գիտություն եւ անհրաժեշտության դեպքում կլինի արձագանք:
 
Հայտարարությունից հետո դրա մասնակիցներից մեկի՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպումից հետո Տեր-Պետրոսյանը նշել էր, թե ափսոսում է, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն ընկել են մի քանի մարդ-կուսակցությունների խելքին: Տեր-Պետրոսյանն այդպիսով արձանագրում էր իրավիճակի հանդեպ ՀՅԴ ու ՀՀԿ պատասխանատվությունն ու պահանջվող լրջությունը:
 
Խոսքն ըստ ամենայնի շատ ավելի խորն ու «էքզիստենցիալ» մի իրողության մասին է: Մեծ հաշվով, այն իրավիճակը, ինչի առաջ այսօր կանգնած է հայկական պետականությունը, անկախության ընթացքում մարտահրավերների եւ հնարավորությունների անհամարժեք գնահատման եւ համակարգային արատների ու բացթողումների հետեւանք է: Ներկայում սակայն հաշիվներ մաքրելու ժամանակը չէ, այլ նստելու եւ համատեղ աշխատելու ժամանակը, առանց «նախապայմանների»:
 
Համատեղ աշխատանք, որը մի կողմից պետք է ռազմական ճակատում ամրացնի հայկական դիմադրունակությունը, մյուս կողմից դիվանագիտական ճակատում առավելագույնս բարձրացնի հայկական ճկունությունը: Դրանք լինելու են միմյանց հետ ճակատագրական փոխադարձության մեջ, եւ վայ նրան, ով կտրվի այլ գայթակղությունների։
 
Խնդիրը տարբերությունները վերացնելը չէ, խնդիրը տարբերությունների հատման կետ գտնելու կարողությունն է: Տարբերությունները լինելու են, դրանք չեն կարող չլինել: Ամբողջ հարցն այն է՝ կա՞ տարբերություններով հանդերձ ընդհանուր հայտարարի կարողություն, թե ոչ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն