Հայկական ավիափոխադրողները մոբիլիզացվել են պատերազմի առաջին օրվանից. Քաղավիացիայի կոմիտե

21-10-2020 17:20:29   | Հայաստան  |  Հասարակություն



 
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են՝ հայկական ավիափոխադրողները մոբիլիզացվել են պատերազմի առաջին օրվանից և պատվով կատարում են հումանիտար առաքելություն:
 
«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարում է հայկական ավիաընկերությունների հայրենանվեր աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, որը նրանք դրսևորում են պատերազմի առաջին օրվանից:
 
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ համագործակցությամբ «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություններն իրականացնում են հումանիտար բեռների տեղափոխումը, իսկ «Արմենիան հելիքոփթըրզ» ընկերությունը կենտրոնացել է վիրավորներին դեպի հոսպիտալներ տեղափոխելու
վրա՝ խնայելով մարդկանց առողջության և կյանքերի փրկության համար թանկ րոպեները:
 
Հայկական ավիաընկերություններն արդեն մի քանի տասնյակ մարդասիրական բեռնափոխադրումներ են իրականացրել առանց շահույթ հետապնդելու՝ ոչ առևտրային հիմունքներով, իսկ որոշները նաև սեփական միջոցների հաշվին: Ծախսերի որոշ մասը հոգում են սփյուռքի մեր հայրենակիցները: «Արմենիա միջազգային օդանավակայաններ», «Աքիլլա Տեքնիքս», «Հայաէրոնավիգացիա», «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ընկերություններն, իրենց հերթին, մարդասիրական բեռներ տեղափոխող ինքնաթիռների սպասարկման ծառայությունները մատուցում են անվճար: Քաղավիացիայի կոմիտեն արագ և համապարփակ աջակցություն է տրամադրել՝ աշխատանքները սահուն կազմակերպելու համար:
 
«Ընդհանրապես մոբիլիզացվել է ամբողջ ավիացիան: Շնորհակալություն եմ հայտնում հայկական ավիաընկերություններին, Քաղավիացիայի կոմիտեի աշխատակիցներին, բոլոր օղակների անձնակազմերին, օդաչուներին, ինժեներներին, անշահախնդիր աշխատող ոլորտի անկախ մասնագետներին՝ բարձր պատասխանատվության, Հայաստանին նվիրվածության և շուրջօրյա ճկուն համագործակցության համար: Հայկական ընկերությունները դարձել են «ազգային ավիափոխադրողներ» և մնացած բոլորի
հետ թիկունքի համար կատարում են կարևոր աշխատանք»,- նշել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Հումանիտար բեռնափոխադրումների կազմակերպման նպատակով Սփյուռքի հայ համայնքների ներկայացուցիչները կարող են կապվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ. հեռ.՝ +374 10 589 155, էլ.փոստ՝ [email protected]»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 184 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար