Ինչ են խոսել նախկին նախագահները

22-10-2020 11:36:50   | Հայաստան  |  Վերլուծություն
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտնել է Հայաստանի երեք նախկին նախագահների՝ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի եւ Սարգսյանի հանդիպման մասին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Արցախի նախկին երկու նախագահներ Սահակյանն ու Ղուկասյանը:
 


Տարիներ շարունակ տարբեր ձեւաչափերով միմյանց հետ բաց եւ քողարկված կոշտ դիմակայության մեջ գտնված նախագահները հանդիպում են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:
 
Մինչ այդ տեղի էր ունեցել Արցախի երկու նախկին նախագահների հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետ: Հետո նրանք առանձին հանդիպումներ էին ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ եւ Սերժ Սարգսյանի, ու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
 
Որքանով է ձեւաչափի բացառիկությունը տարածվում բովանդակության վրա, դժվար է ասել, այդ առնչությամբ տեղեկություն չկա: Գոնե մինչ այդ եղած միակ տեղեկություն հնարավոր է համարել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Սողոմոնյանի եւ ՀՀԿ ներկայացուցիչ Շարմազանովի հերքումները՝ կապված մամուլում եղած որոշ
հրապարակումների հետ: Մասնավորապես, որոշ տեղերում գրվել էր, թե՝ «ՀՀ նախկին նախագահները որոշել են աջակցել Նիկոլ Փաշինյանի գործողություններին և մասնավորապես՝ զինադադարի կնքման որոշմանը, որն իրենց նախկին հայտարարություններից ու դիրքորոշումներից այնքան էլ չի բխում»։ Լրատվամիջոցներից մեկը նաև գրել էր, թե իր տեղեկություններով՝ Արցախի և Հայաստանի նախկին նախագահները շուտով հանդես են գալու համատեղ հայտարարությամբ, որտեղ շարադրելու են իրենց համատեղ դիրքորոշումը։
 
ՀՀԿ խոսնակը հայտնել է, որ այդ լուրերը չեն համապատասխանում հանդիպման բովանդակությանը: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը նշել է, որ այդօրինակ տեղեկությունները կեղծիք են եւ հորինվածք:
 
Ի՞նչ են քննարկել երեք նախագահները: Անկասած է, որ ինչպես բացառիկ է ձեւաչափը, այդպես էլ պետք է բացառիկ լինի բովանդակությունն ու արդյունքը՝ բնականաբար պետության, հայկական դիմադրունակության համար:
 
Միաժամանակ բավականին ուշագրավ են մամուլում «բովանդակության» մասին տեղեկություններն ու դրանք հերքումը: Փաստացի ստացվում է, որ նախագահները չեն քննարկել զինադադարի կնքմանն աջակցելու հարց: Ըստ այդմ, իր հերթին առաջանում է հարց՝ արդյո՞ք հնարավոր է ենթադրել, որ նրանք քննարկել են բանակին աջակցության հարցեր, կամ այլ կերպ ասած՝ խաղաղություն պարտադրելու գործընթացին աջակցության հարց:
 
Դա կարող է լինել էական հանգամանք, հաշվի
առնելով, որ զինադադարի պայմանները կռում է բանակը:
 
Իր հերթին բանակին ամեն ինչով աջակցելու նոր կոչ է արել վարչապետ Փաշինյանը, խոսելով այն մասին, որ այս փուլում փաստացի չկա դիվանագիտական հանգուցալուծում, այսինքն չկա զինադադարի՝ հայկական կողմի համար ընդունելի տարբերակ: Այդ իմաստով նշմարելի՞ է, որ վարչապետն ու նախկին նախագահները խոսում են նույն լեզվով: Եվ արդյո՞ք նրանք կխոսեն նաեւ միասին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 739 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար