Սառույցը շարժվե՞ց. Վաշինգտոն-Մոսկվա համաձայնություն 23-ից առաջ


Սառույցը շարժվե՞ց. Վաշինգտոն-Մոսկվա համաձայնություն 23-ից առաջ

  • 22-10-2020 14:19:14   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարծես թե համաձայնության են եկել ռազմավարական հարձակողական սպառազինության՝ այսպես կոչված «ԷսԷնՎե-3» պայմանագրի մեկ տարով երկարաձգման հարցի շուրջ: Համենայն դեպս այդ մասին հայտարարություններ են հնչել երկու կողմից էլ, այդ մասին խոսել է պետքարտուղար Պոմպեոն: ՌԴ ԱԳՆ-ն հոկտեմբերի 20-ին հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել պայմանագիրը մեկ տարով եւ դրա հետ մեկտեղ այդ ժամանակահատվածում սառեցնել միջուկային ամբողջ զինանոցը:
 
Ավելի վաղ ստեղծվել էր իրավիճակ, երբ կար անհամաձայնություն եւ ռազմավարական հարձակողական սպառազինության՝ ՌՀՍ-3 պայմանագրի երկարաձգումը թվում էր տապալված: Ռուսաստանի համար ընդունելի չէր ԱՄՆ պայմանը՝ մեկ տաով երկարաձգելու ընթացքում սառեցնել միջուկային ամբողջ զինանոցը: Մոսկվան կողմ էր առանց որեւէ պայմանի երկարաձգման: Նահանգները չէին ընդունում դա, համարելով, որ միջուկային զինանոցի առումով Մոսկվան ունի առավելություն, եւ սառեցումը կարեւոր է այն չեզոքացնելու համար:
 
Այժմ կարծես թե խոսք կա այն մասին, որ կողմերը եկել են համաձայնության՝ շարունակում են պայմանագիրը մեկ տարով, միաժամանակ Ռուսաստանն ընդունում միջուկային ամբողջ զինանոցը այդ ընթացքում սառեցնելու Նահանգների պայմանը:
 
Պոմպեոն հույս է հայտնել, որ բանակցողները հնարավորինս արագ կնստեն սեղանի շուրջ եւ կհասցնեն պայմանագիրը ստորագրման:
 
ԱՄՆ վարչակազմի համար այդ հանգամանքը դիտարկվում է կարեւոր նախընտրական հաղթաթուղթ, եւ Վաշինգտոնը թերեւս շահագրգռված է այն մինչեւ նախագահի ընտրություն ունենալու հարցում:
 
Ռուս-ամերիկյան այդ համաձայնությունը կարեւոր է սակայն ոչ միայն ԱՄՆ նախագահի ընտրությանը մասնակցող Թրամփի համար: Ռազմավարական այդ համաձայնությունը կարեւոր է համաշխարհային ռազմավարական հավասարակշռության տեսանկյունից, որն ապահովվում է նաեւ ամերիկա-ռուսական այդօրինակ համաձայնություններով: Իսկ այդ հանգամանքը ներկայում արդիական է Արցախում պատերազմի ֆոնին, որ հրահրել է Թուրքիան:
 
Այդ պատերազմը ռազմավարական հավասարակշռության խախտման ընդգծված դրսեւորում է: Կովկասում Անկարան խախտում է ռազմա-քաղաքական անվտանգային համակարգի հավասարակշռությունը, նաեւ ի հաշիվ Ռուսաստանի:
 
Միեւնույն ժամանակ, Մոսկվան ի զորու չէ միայնակ վերականգնել այն, ինչը խախտել է Անկարան: Թուրքիան արդեն իսկ խախտել է հավասարակշռությունը Ադրբեջանում, կլանելով Բաքուն:
 
Այստեղ բավական մշուշոտ է իրավիճակը վերականգնելու Ռուսաստանի հնարավորությունը, ինչը խոստովանում են ռուս պաշտոնյաներն ու փորձագետները, եթե այդ հարցում չլինի ռազմավարական համաձայնություն ԱՄՆ հետ:
 
Ռուս-ամերիկյան համաձայնությունը նախորդում է Վաշինգտոնում Պոմպեոյի նախաձեռնությամբ արցախյան պատերազմի շուրջ քննարկումներին, որ լինելու են Հայաստանի ու Բաքվի արտգործնախարարների հետ հոկտեմբերի 23-ին սպասվող հանդիպումներով: Այն ազդեցություն կունենա՞ Արցախում իրավիճակի վրա:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն